Խոսե Լուիս Կուևասի թանգարան
Խոսե Լուիս Կուևասի թանգարան | |
---|---|
Խոսե Լուիս Կուևասի թանգարանի բակը և «La Gigantesca» քանդակը | |
Տեսակ | պատկերասրահ, արվեստի պատկերասրահ և եկեղեցի |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Տեղագրություն | Մեխիկո |
Ղեկավարության նստավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Հիմնադրվել է | 1992 |
Կայք | museojoseluiscuevas.com.mx |
Խոսե Լուիս Կուևասի թանգարանը (իսպ.՝ Museo José Luis Cuevas) և Սանտա Ինես եկեղեցին (իսպ.՝ Iglesia de Santa Inés) գտնվում են Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի պատմական կենտրոնում՝ Սահմանադրության հրապարակում։ Երկու շինություններն էլ կառուցվել են որպես Սանտա Ինես մենաստանի համալիրի մաս։ Թանգարանը գտնվում է մենաստանի գաղութատիրական ժամանակաշրջանի բնակելի հատվածում։
Սանտա Ինես մենաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենաստանը հիմնադրվել է 1600 թվականին Դիեգո Կաբայերոյի և նրա կնոջ Դոնյա Ինես դե Վելասկոյի կողմից[1]։ Մենաստանն ի սկզբանե կառուցվել է 33 միանձնուհիներին (Քրիստոսի տարիքին համարժեք) ապաստան տալու համար։ Գաղութատիրացման շրջանում այստեղ հանգրվանել են նաև անօթևան որբերը, ովքեր օրը մեկ ժամ աղոթել են իրենց բարերարների համար[2]։
Մենաստանը գոյատևեց մինչև 1861 թվականը, երբ եկեղեցու գույքի ազգայնացմամբ մենաստանները լուծարվեցին։ Մենաստանի եկեղեցին և կացարանը առանձնացվեցին։
Սանտա Ինես եկեղեցին դեռևս շարունակում է իր գործառույթը։ Կացարանային հատվածը դարձել է մասնավոր սեփականություն և գործել որպես բնակելի տարածք, մինչև Խոսե Լուիս Կուևասը գնել է այն արվեստի իր նմուշների և Լատինական Ամերիկայի ժամանակակից արվեստի թանգարան ստեղծելու համար[3]։
1624 թվականին շենքը տուժել է ջրհեղեղից, 1639 թվականին՝ հրդեհից։ 1710 թվականին կառուցվել է շինության միակ աշտարակը, որի բարձրության շնորհիվ այն տեսանելի էր քաղաքի գլխավոր հրապարակից։ 18-րդ դարի վերջում շինության առաստաղը փտել էր և եկեղեցին ու աշտարակը վտանգված էին[2]։ Մարքիզ Լա Կադենայի հովանավորությամբ համալիրը վերանորոգվում է[1]։ 1861 թվականին «Բարեփոխումների պատերազմի» պատճառով մենաստանը փակվեց և միանձնուհիները տեղափոխվեցին սկզբում Սանտա Թերեզա լա Անտիգուա, այնուհետև՝ Սանտա Կատալինա դե Սիենա[4]։ Աշտարակը քանդվեց և եկեղեցին ու մենաստանն առանձնացվեցին մենաստանի բնակելի հատվածից և եկեղեցու ազգայնականացման պատճառով վաճառվեցին մասնավոր անձանց[2]։ 1932 թվականին մենաստանն ու եկեղեցին ճանաչվեցին ազգային հուշարձան, սակայն մինչև 1980 թվականի թանգարանային նախագծի մեկնարկը մնացին որպես մասնավոր բազմաբնակարանային համալիր[3]։
Սանտա Ինես եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին տեղակայված է Մոնեդա փողոցի 26 հասցեում՝ Մեխիկոյի գլխավոր հրապարակից հյուսիս-արևելք։ Եկեղեցին մեքսիկական բարոկկո ճարտարապետության և նեոդասական ճարտարապետության ոճերի խառնուրդ է։ Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1770 թվականին[5]։
Եկեղեցին ունի 2 մուտք, մեկը նվիրված է Սուրբ Ինեսին, մյուսը՝ Հակոբոս առաքյալին[4]։ Եկեղեցու դռները պատված են հարթաքանդակներով, որոնք արտացոլում են Սուրբ Ինեսին, միանձնուհիներին ու նրանց բարերարներին՝ Դոն Դիեգո Կաբայերոյին և Դոնյա Ինես դե Վալասկոյին։ Տեսարաններից մեկը պատկերում է Հակոբոս առաքյալին նրա նահատակվելուց հետո[1]։
Գմբեթը պատված է կղմինդրի նեղ շերտերով, որը հիշեցնում է ռեբոսո ոճի շալ[5]։ Ներսի բարոկկո ոճի բնօրինակ խորանը փոխարինվել է նեոդասական ոճի խորանով[4]։
Խոսե Լուիս Կուևասի թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականների վերջում նկարիչ Խոսե Լուիս Կուևասը հավաքել էր Լատինական Ամերիկայի նկարիչների արվեստի գործերի մեծ հավաքածու՝ նպատակ ունենալով հիմնադրելու իր անունով թանգարան։ Մինչև թանգարանի համար հարմար տարածք գտնելը Կուևասը հավաքածուն պահում էր Կառիյո Գիլ թանգարանի պահեստում։ Քանի որ ինքը ծնվել էր Մեխիկոյի կենտրոնում, ցանկություն ուներ հենց այդ տարածքում թանգարանի համար տեղ գտնել։
1983 թվականին Սանտա Ինես մենաստանի շենքը ձեռքբերելուց և բնակիչների տեղափոխվելուց հետո սկսվեց վերաօգտագործման ծրագիրը։ Կուևասը կառավարական գործակալությունների և մասնավոր աջակիցների հետ միասին սկսեց վերականգնել շենքը և կատարել հնագիտական աշխատանքներ, որոնք բացահայտեցին հին շինարարական շատ տարրեր։ Վերականգնողական աշխատանքներն ավարտվեցին 1988 թվականին։
Չնայած այն հանգամանքին որ շենքը վերակառուցվեց համապատասխան գաղութային շրջանի տեսքի՝ Կուևասը մենաստանի բակի հատվածում ավելացրեց պլաստիկե գմբեթ՝ որպես հակադիր և ժամանակակից տարր[2]։ Թանագարանի մուտքն Ակադեմիա փողոցի 13 հասցեից է, Սանտա Ինես եկեղեցու կողքից[1]։ Թանգարանի բակում է գտնվում 8 մետր բարձրությամբ բրոնզե «La Giganta» («Հսկա կինը») քանդակը։ Կուևասն այս քանդակը ստեղծել է հենց այս վայրի համար[2][3]։
Խոսե Լուիս Կուևասի թանգարանը բացվել է 1992 թվականի հուլիսին[3]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցադրության գլխավոր սրահներում ներկայացված են Կուևասի աշխատանքները։ Սրահներից մեկը նվիրված է նրան և կնոջը՝ նկարիչ Բերտա Կուևասին։ Պաբլո Պիկասո սրահում ներկայացված են Պիկասոյի աշխատանքներից։
Թանգարանը ներառում է 19-20-րդ դարերի մեքսիկացի արվեստագետների աշխատանքներ՝ Ֆրանցիսկո Տոլեդո, Խուան Սորիանո, Վիսենտե Ռոխո Ալմասան, Մանուել Ֆելգուերես, Առնոլդ Բելկին, Գաբրիել Մակոտելա և միջազգային ժամանակակից արվեստագետների աշխատանքներ՝ Ռոբերտո Մատա, Ֆերնանդո դո Սզյուս Վարո, Լեոնորա Կարինգտոն և Ռեմեդիո Վարո[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Galindo, Carmen; Magdelena Galindo (2002). Mexico City Historic Center. Mexico City: Ediciones Nueva Guia. էջ 68. ISBN 968-5437-29-7.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Santa Inés Convent». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Cuevas, Beatriz del Carmen. «Historia del Convento de Sta. Ines y creación del Museo JLC». Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Bueno de Ariztegui (ed), Patricia (1984). Guia Turistica de Mexico – Distrito Federal Centro 3. Mexico City: Promexa. էջ 94. ISBN 968-34-0319-0.
{{cite book}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ 5,0 5,1 «Guia de Iglesia de Santa Inés». Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Իսպաներեն)—Խոսե Լուիս Կուևասի թանգարանի պաշտոնական կայքը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Լուիս Կուևասի թանգարան» հոդվածին։ |