Խլոպուզ Գրոյտերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խլոպուզ Գրոյտերի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շնդեղազգիներ (Colchicaceae)
Ցեղ Խլոպուզ (Merendera)
Տեսակ Խլոպուզ Գրոյտերի (M. greuteri)
Միջազգային անվանում
Merendera greuteri

Խլոպուզ Գրոյտերի (լատին․՝ Merendera greuteri), շնդեղեգազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

3-6 սմ բարձրությամբ, պալարասոխուկավոր, անցողուն բազմամյա խոտաբույս է։ Պալարասոխուկը ծածկված է մուգ-դարչնագույն կաշվենման թեփուկներով, երկարությունը հասնում է 1-1,5 սմ-ի, իսկ լայնությունը` 0,5-1,0 սմ-ի։ Տերևները միշտ երեքն են և լինում են նեղ-նշտարաձև ու սրացած։ Ծաղիկը մեկն է, բաժականման, սպիտակ, իսկ երբեմն` վարդագույն։ Համարյա ամբողջությամբ ստորգետնյա տուփիկը երկարավուն-ձվաձև է։ Սերմերը օվալ-գնդաձև են, դժգույն-դարչնագույն և ունեն 2-3 մմ տրամագիծ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Շիրակի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագաթ Արտենի, Թալինի և Կաթնաղբյուրի միջև, Իրինդ գյուղի շրջակայք)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1500-1900 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին, տրագականտային համակեցություններում, լեռնային տափաստանում։ Ծաղկում է մարտ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին աճելավայրերի վրա շարունակվող մարդածին գործոնների հետևանքով սպառնում է բնակության շրջանի կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.