Երկամյա բույս է, որն ունի 20-30 սմ բարձրություն։ Տերևները երկարավուն ձվաձև կամ ձվաձև են, խոշոր աղեղնաեզր և երկարակոթ։ 2-3 մմ երկարությամբ պսակը խայտաբղետ է, իսկ ստորին բլթակները՝ սպիտակավուն[1]։
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000-1400 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, գետի հղկված գլրաքարերի և քարաթափվածքների վրա, կիսաանապատում, լեռնային տափաստանում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Արեալը խիստ մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։