Լիլիթ Երնջակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երնջակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիլիթ Երնջակյան
Ծնվել էփետրվարի 8, 1950(1950-02-08) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտություներաժշտագետ
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Լիլիթ Վարդգեսի Երնջակյան (փետրվարի 8, 1950(1950-02-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր (2004), պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին ավարտել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցը, 1973 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիան՝ ստանալով «երաժշտագետ-հետազոտողի» որակավորում (պրոֆեսոր Ռոբերտ Աթայանի դասարան)։ 1976 թվականին ընդունվում է Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրա և 1980 թվականին ավարտում է ասպիրանտուրան։ Այնուհետև աշխատանքի է անցնում Արվեստի ինստիտուտում։ 1980 թվականից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող է[2]։ 1982 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում։

1982 թվականին Լիլիթ Երնջակյանը Տաշքենդի Համզայի անվան արվեստագիտության ինստիտուտում պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Մուղամաթի արվեստը հայ-իրանական երաժշտական կապերի» թեմայով և ստանում արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։

2004 թվականին Լիլիթ Երնջակյանը Երևանում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն՝ «Աշուղական սիրավեպը հայ-արևելյան երաժշտական փոխառնչությունների համատեքստում» թեմայով և ստանում արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան, 2009 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 2004 թվականից Լիլիթ Երնջակյանը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող է։ 2005 թվականից՝ ինստիտուտի գիտական խորհրդի և արվեստագիտության գծով գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի անդամ։ Լիլիթ Երնջակյանը Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 1985 թվականից, 2013 թվականից՝ Վարչության անդամ։ 2015 թվականից Կոմիտասի նորաստեղծ թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է։

Լիլիթ Երնջակյանը 2008 թվականին պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ Վաստակագրով, իսկ 2013 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։

Ուսումնասիրությունները վերաբերում են Արևելքի ավանդական երաժշտական ժանրերին, հայ աշուղական և հոգևոր երաժշտության խնդիրներին, մշակութային կապերին[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիներ շարունակ լրջորեն ուսումնասիրելով Արևելքի դասական, ավանդական երաժշտության ժանրային համակարգը, գիտականորեն հիմնավորելով հայ մոնոդիկ երաժշտության և Մերձավոր ու Միջին Արևելքի ավանդական, ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտարվեստի պատմատեսական ու գործնական - կատարողական հարցերը, ինչպես նաև առաջադրելով Մերձավոր Արևելքի մշակութային փոխառնչություններին վերաբերող կարևոր դրույթներ՝ Լիլիթ Երնջակյանը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով լույս է ընծայել 3 գիրք ու ավելի քան 70 գիտական հոդված, որոնց առանցքը հայ-իրանական և հայ-թուրքական երաժշտական փոխառնչությունների լուսաբանությունն է։

Լիլիթ Երնջակյանի ղեկավարությամբ պաշտպանվել են մագիստրոսական թեզեր և թեկնածուական ատենախոսություններ։

«Հայ-իրանական երաժշտական կապերի պատմությունից»[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Հայաստանի ԳԱ հրատարակչությունը լույս է ընծայել Լիլիթ Երնջակյանի «Հայ-իրանական երաժշտական կապերի պատմությունից» աշխատությունը՝ նվիրված երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Իրանի երաժշտական արվեստների հնագույն ավանդույթների արժեքավորման, դրանց դրսևորման տարբեր ձևերի ու կառուցվածքային առանձնահատկությունների լուսաբանման հարցերին։ Աշխատասիրությունն Արևելքի ժողովուրդների երաժշտական փոխառնչությունները լուսաբանող առաջին նշանակալից ուսումնասիրություններից է, որտեղ կարևորված են մշակութային ժառանգության, ազգային ինքնության և կատարողական ավանդույթի պահպանման խնդիրները։ Հետազոտության մեջ քննարկված է դեռևս միջնադարյան հայ երաժշտական մշակույթում արմատավորված, ազգային ինքնատիպ երանգավորում և մեկնաբանում ստացած մուղամաթի արվեստը, ուրվագծված է հայ - իրանական երաժշտական կապերի ընդհանուր պատկերը։

«Հիմն Արևին. «Սահարին» հայ երաժշտական մշակույթում»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ավանդույթում հնագույն ժամանակներից մինչև այսօր հնչող «Սահարի» կոչվող նվագարանային խորհրդանիշ֊մեղեդու համապարփակ քննությանն է նվիրված Լիլիթ Երնջակյանի (Հռիփսիմե Պիկիչյանի համահեղինակությամբ ) «Հիմն Արևին. «Սահարին» հայ երաժշտական մշակույթում» էթնոերաժշտագիտական երկլեզու՝ հայերեն և անգլերեն, հետազոտությունը, որը լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը 1998 թվականին։ Աշխատության մեջ լուսաբանված են Արևին ձոնված այս ինքնատիպ հիմնի խորհրդանշական ու ծիսական֊արարողական էությունը, դրա բազմաշերտ ակունքների գեղարվեստական մեկնաբանությունները ժողովրդապրոֆեսիոնալ և սիմֆոնիկ երաժշտարվեստում։ Չափազանց ուշագրավ են Սահարու դիտարկումները ծիսական-պաշտամունքային համատեքստում և առավել հետաքրքիր՝ խորհրդանիշ-մեղեդու երաժշտաիմաստային փոխարկումները հայ ժողովրդի կյանքի բեկումնային իրավիճակներում։

«Աշուղական սիրավեպը մերձավորարևելյան երաժշտական փոխառնչությունների համատեքստում»[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է ընծայվել 2009 թվականին և նվիրված է Լիլիթ Երնջակյանի հոր՝ արևելագետ Վարդգես Երնջակյանի հիշատակին։ Մենագրության մեջ հանրագումարի են բերված երաժշտական արևելագիտության բնագավառում հեղինակի երկարամյա գիտական գործունեության արդյունքները, էթնոերաժշտագիտական քննությամբ պարզաբանված են հայ երաժշտապատմողական ավանդույթի ակունքները, զարգացման ուղին, տեղն ու դերը մերձավոր արևելյան մշակութային փոխառնչությունների խառնարանում։

Միաժամանակ հեղինակն անդրադարձել է Արևելքի էպիկական երգաստեղծության պատմատեսական խնդիրներին, աշուղական սիրավեպերի կրոնամշակութային հիմքերին, դրանց կառույցներում ընդգրկված ծիսաառասպելական մոտիվներին։ «Քյոռօղլի» և «Աշուղ Ղարիբ» սիրավեպ-դաստանների ազգային մեկնակերպերի համեմատական քննությամբ Լիլիթ Երնջակյանը հաստատել է հայ երաժշտապատմողական ավանդույթի վաղեմի արմատների գոյությունը Հայաստանի արևելյան ու արևմտյան հատվածներում, ինչպես նաև հայ աշուղների, սազանդարների, հավասարապես և մուղամաթահարների անուրանալի ավանդն Արևելքի ժողովրդապրոֆեսիոնալ արվեստի զարգացման գործում։

Աշխատության մեջ առաջին անգամ աշուղական արվեստի ակունքներն ուսումնասիրվել են իսլամական Արևելքի և քրիստոնյա Հայաստանի մշակույթներին բնորոշ ու բաղդատվող երևույթների համատեքստում, իսկ երաժշտաբանաստեղծական սիրավեպ-դաստանները՝ ժանրի ծագումնաբանական, ձևակառուցվածքային, կատարողական և կրոնահավատալիքային բովանդակության դիտակետից։

Ջիվանու փոխադրությունների և մի շարք այլ հեղինակային ու անհեղինակ սիրավեպերի երաժշտաբանաստեղծական կառույցներն առաջին անգամ են դիտարկվել տեքստ-երաժշտություն, տեքստ-մշակույթ և տեքստ-էթնոիրականություն խորագրի ներքո։ Բացահայտվել է հետազոտվող ժանրի ծագումնաբանական կապը հարևան ժողովուրդների՝ պարսիկների և թուրքերի երաժշտապատմողական արվեստի հետ, որտեղ սիրային դաստաններն առ այսօր մշակութային խորհրդանիշի համարում ունեն։

Հեղինակի հետազոտությունները և փաստագրական նյութը վկայում են, որ աշուղական մրցույթի ավանդույթը զարգացել է պատմական Հայաստանի Կարս և Էրզրում նահանգներում, որոնց, ինչպես նաև այլ հայաբնակ շրջանների՝ Իգդիր, Անի, Սեբաստիա, երաժշտական ավանդույթները տարրալուծվել են մերձավորարևելյան աշուղական երգարվեստում։ Աշխատության գիտական արժանիքներից է աշուղական արվեստի արդի վիճակի քննությունը, ինչի շնորհիվ ուրվագծվում է ժանրի ազդեցության ոլորտը ժամանակակից երաժշտարվեստում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ-իրանական երաժշտական կապերի պատմությունից, Երևան, 1991։
  • «Հիմն Արևին. «Սահարին» հայ երաժշտական մշակույթում», 1998, նաև՝ անգլերեն, համահեղինակ։
  • Աշուղական սիրավեպը մերձավոր արևելյան երաժշտական փոխառնչությունների համատեքստում, Երևան, «Գիտություն» հրատարակչություն, 2009, 256 էջ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Երնջակյան Լիլիթ Վարդգեսի, առաջատար գիտաշխատող
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Աշուղական սիրավեպը մերձավոր արևելյան երաժշտական փոխառնչությունների համատեքստում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աննա Ասատրյան «Երաժշտական արևելագիտության նվիրյալը․ Լիլիթ Երնջակյան», պատմաբանասիրական հանդես, №2, էջ 287֊292, 2015 թ․, ISSN 0135-0536