Լենինականի բամբակեղենի արտադրական միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենինանականի տեքստիլ գործարանի շենքը

Լենինականի բամբակեղենի արտադրական միավորում, խորհրդային շրջանի թեթև արդյունաբերական ձեռնարկությունների համախումբ Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Ստեղծվել է 1975 թվականին։ Ներառել է Լենինականի «Մայիսյան ապստամբության» անվան տեքստիլ կոմբինատը, Լենինականի տեքստիլ կոմբինատի մանվածքային արտադրամասում Արթիկի, Կիրովականի (այժմ՝ Վանաձոր), Ալավերդու մասնաճյուղերը։ Ունեցել է ուսումնա-արաադրական կոմբինատ։ Արտադրել է մանվածք և գործվածք։ 1980 թվականի դրությամբ արտադրանքն իրացվել է միութենական բոլոր հանրապետություններում։

Միավորման գլխամասային ձեռնարկությունը Լենինականի «Մայիսյան ապստամբության» անվան տեքստիլ կոմբինատը, որը հանդիսանում էր ՀԽՍՀ տեքստիլ արդյունաբերության առաջնեկը և ամենախոշոր ձեռնարկությունը։ Հիմնադրվել է 1924 թվականին Իվանովո-Վոգնեսենսկի նահանգի Վիչուգա քաղաքի տեքստիլագործների օգնությամբ։ Նույն տարում կոմբինատը տվել է առաջին արտադրանքը։ Կոմբինատի կազմավորման և ամրապնդման տարիներին (1920-30-ական թվականներ) այնտեղ են այցելել խորհրդային քաղաքական գործիչներ Վալերիան Կույբիշևը, Միխայիլ Կալինինը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Սերգո Օրջոնիկիձեն, Անաստաս Միկոյանը, Սարգիս Լուկաշինը, Աղասի Խանջյանը, Ս. Համբարձումյանը, Ասքանազ Մռավյանը։

1942 թվականին շահագործման է հանձնվել կոմբինատի ներկման ֆաբրիկան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լենինականի կոմբինատն արտադրել է շուրջ 20 000 տ մանվածք և 104 միլիոն մ գործվածք։ Պաշտպանական ֆոնդի օգտին կոմբինատը հավաքել է ավելի քան 7 միլիոն ռուբլի։ 2500 տեքստիլագործներ պարգևատրվել են «Հայրենական մեծ պատերազմում աշխատանքային արիության համար» և «Կովկասի պաշտպանության համար» մեդալներով։ Կոմբինատի մանվածքային, գործվածքային, չթի, ներկման ֆաբրիկաները և այլ օժանդակ արտադրամասերը տարեկան թողարկել են ավելի քան 11 000 տ մանվածք և 81 միլիոն մ գործվածք (1977

Արտադրանքի շատ տեսակներ ստացել են որակի պետական նշան։ Կոմբինատի կոլեկտիվի օգնությամբ Խորհրդային Հայաստանի մի շարք քաղաքներում և շրջաններում հիմնվել են տեքստիլ ձեռնարկություններ։ Կոմբինատի կոլեկտիվը բազմիցս արժանացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀԱՄԿԽ-ի, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի ու ՀԱՄԽ-ի փոխանցիկ դրոշներին։ Հարյուրավոր առաջավոր համարվող աշխատակիցներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով։ Մի քանիսն ընտրվել են ԽՍՀՄ և ՀՍՍՀ Գերագույն սովետների դեպուտատ, ջուլհակուհի Ա. Պետրոսյանը, հրահանգիչ-ենթավարպետ Գ. Տոնոյանը արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Ենթավարպետ Մ. Ստեփանյանը եղել է պետական մրցանակի դափնեկիր։ Կոմբինատում լույս էր տեսնում «Տեքստիլագործ» բազմատիրաժ թերթը։ Կոմբինատն ունեցել է իր մշակույթի պալատը, «Արագած» սպորտային ակումբը, մսուր-մանկապարտեզները, հանգստի պրոֆիլակտորիումը։ Կոմբինատը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» (1966), «ժողովուրդների բարեկամության» (1974) շքանշաններով։

Հայաստանի անկախացումից հետո գործարանը դադարեց իր գործնեությունը։ Գործարանի մասնաշենքերի մի մասը վաճառվել է։ Գործարանի տարածքի մի մասում կառուցվել է Հանթսմանի թաղամասը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։