Մշակույթի պալատներ և տներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մշակույթի պալատ Ղափանում (1972-1979 ճարտարապետներ Ս. Գուրզադյան, Կ. Մատինյան, Մ. Մուրզա)

Մշակույթի պալատներ և տներ ԽՍՀՄ-ում, խոշոր ակումբային հիմնարկներ, որոնք նպաստում են աշխատավորների կոմունիստական դաստիարակության, կուլտուրական մակարդակի բարձրացման և ազատ ժամանակի կազմակերպման գործին։ Մշակույթի պալատները և տները ունեն դահլիճներ, ստացիոնար կինոսարքավորումներ, գրադարաններ, կազմակերպում են ցուցահանդեսներ, դասախոսություններ, թեմատիկ երեկոներ, փառատոներ, հանդիպումներ անվանի մարդկանց հետ, գործում են մանկական սեկտորներ։ Մշակույթի պալատների և տների գործունեությունը նպաստում է ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը։ Նրանցում ձևավորվում են ժողովրդական թատրոններ, նվագախմբեր, պարարվեստի կոլեկտիվներ, երգչախմբեր, երգի և պարի անսամբլներ։ Մշակույթի պալատների և տների հիմքի վրա է աշխատում ժողովրդական համալսարանների մեծ մասը։ Շրջանային, քաղաքային և գյուղական կուլտուրայի տները պետական ակումբային հիմնարկներ են և մտնում են ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության համակարգի մեջ։ Արհմիութենական կազմակերպությունների Մշակույթի պալատներ և տներ ստեղծվում են արհմիութենական ֆաբրիկա գործարանային կոմիտեների (տեղական) կողմից և պահվում նրանց միջոցներով։ Ստեղծագործական և գիտական մտավորականության տները (արվեստի, լուսավորության աշխատողների) գտնվում են համապատասխան արհմիությունների կենտկոմների տնօրինության տակ։ Մշակույթի պալատներ և տներ են կազմակերպվում նաև կոլտնտեսությունների միջոցներով։ ԽՍՀՄ-ում գործում են նաև սպայի տներ, պիոներների և դպրոցականների տներ և պալատներ։ Մշակույթի պալատները և տները ղեկավարում են ընտրովի հասարակական միությունները կամ սովետները։ ՀՍՍՀ-ում 1979 թվականին գործել են 1219 մշակույթի պալատներ և տներ ու ակումբային հիմնարկ։ Մշակույթի պալատները և տները բաղկացած են հանդիսատեսային, ակումբային (մեծահասակների և մանուկների), մարզական և հանգստի մասերից՝ կազմելով մեկ ընդհանուր համալիր։ Առաջին խոշոր մշակույթի պալատները և տները, որ կոչվել են բանվորական, կառուցվել են 1920-ական թվականներից սկսած։ Նշանավոր են Մոսկվայում՝ Ռուսակովի անվան (1928)և Ավտոգործարանի (1934), Լենինգրադում՝ Գորկու անվան (1927) և Կիրովի անվան (1937), Խարկովում՝ Երկաթուղայինների (1937), Բաքվում՝ Շահումյանի անվան (1939) և այլ մշակույթի պալատները։ ՀՍՍՀ-ում առաջին մշակույթի պալատներից և տներից է Երեվանի Կառուցողների ակումբը (1936, ճարտարապետներ՝ Կ․ Հալաբյան, Մ․ Մազմանյան, Գ․ Քոչար)։ 1950-1960-ական թվականներին կառուցվել են հիմնականում ակումբատիպ մշակույթի պալատներ և տներ, որոնցից են Երևանում՝ Ալյումինագործների (1957, ճարտարապետ Ա․ Մանուկյան) և Կիրովի անվան գործարանի (1962, ճարտարապետներ՝ Ռ․ Ալավերդյան, Ռ․ Իսրայելյան, Զ․ Խանամիրյան), Էջմիածին քաղաքի (1955, ճարտարապետ Ա․ Մանուկյան), Կիրովականում՝ Քիմիագործների (1950—1953, ճարտարապետներ՝ Շ․ Ազատյան և Ռ․ Ալավերդյան) մշակույթի պալատները։ 1970-ական թվականներից սկիզբ է դրվել լիակազմ մշակույթի պալատների և տների նախագծմանն ու շինարարությանը՝ Սևանում, Եղեգնաձորում, Մարալիկում (1966—1976, ճարտարապետներ՝ Մ․ Միքայելյան, Զ․ Սիմոնյան), Ղափանում և Գորիսում (1972-1979, ճարտարապետներ՝ Ս․ Գուրզադյան, Կ․ Մատինյան, Մ․ Մուրզա), Աբովյանում (1978, ճարտարտարապետ Լ․ Չերքեզյան) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 657 CC-BY-SA-icon-80x15.png