Jump to content

Լեզվական արտոնությունները Բելգիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեզվական արտոնություններ ունեցող համայնքներ
* 1 = Կոմին-Վարնետոն (Կոմեն-Վաստեն)
* 2 = Մեյսեն (Մեսին)
* 3 = Մուկրո (Մուսկրուն)
* 4 = Սպիերե Հելքայն (Էսպիեր-Էլշեն)
* 5 = Ռոնշե (Ռենե)
* 6 = Ֆլոբեկ (Վլուրբերխ)
* 7 = Բևեր (Բիևեն)
* 8 = Անգյա (Էդիգեն)
* 9 = Դրոգենբոս (Դրոգանբոս)
* 10 = Լինեկբեեկ (Լինկբեկ)
* 11 = Սինտ-Խենեզիուս-Ռոդե (Ռոդ-Սեն-Ջենեզ)
* 12 = Վեմալ (Վեմել)
* 13 = Կրայնեմ (Կրաայնեմ)
* 14 = Վեզեմբեեկ-Օպեմ
* 15 = Հերստրապե (Էրստրապ)
* 16 = Վուրեն (Ֆուրոն)
* 17 = Մալմեդի (Մալունդ)
* 18 = Վայսմես
* 19-22 = Լոնցեն, Ռարեն, Օյփեն (Օպեն), Քելմիս (Լա Կալամին)
* 23-27 = Բուրգ-Ռոյլանդ, Սանկտ Վիթ (Սեն Վիտ), Ամել (Ամբլև), Բյուտգենբախ, Բյուլինգեն (Բուլանժ)[1]

Լեզվական արտոնությունները Բելգիայում (ֆր.՝ facilités linguistiques, հոլ.՝ (taal)faciliteiten, բառացիորեն՝ «հեշտացված լեզվական ռեժիմ»), Բելգիայի հատուկ լեզվական ռեժիմով վարչատարածքային միավորների անվանումը։ Սրանք լեզվական արտոնություններով համայնքներ այն նահանգներում, որտեղ պաշտոնական լեզուներ են հոլանդերենը, ֆրանսերենն ու գերմաներենը։

Բոլոր մնացած համայնքները՝ բացառությամբ երկլեզու Բրյուսելի շրջանի, միալեզու են և տրամադրում են ծառայություններ միայն իրենց պաշտոնական լեզուներով՝ կա՛մ հոլանդերենով, կա՛մ ֆրանսերենով[1]։

Բելգիական օրենքը սահմանում է, որ

  • Ֆլանդրիայում 12 համայնք պարտավոր է տրամադրել ծառայություններ ֆրանսերենով. դրացից 6-ը (բոլորը գտնվում են Բրյուսելի մերձակայք) ներկայումս մեծամասամբ ֆրանսախոս են:
  • Վալոնիան ունի երկու լեզվական տարածք
    • Վալոնիայի ֆրանսախոս հատվածում 4 համայնք տրամադրում է ծառայություններ հոլանդերենով, իսկ ևս 2 համայնք՝ գերմաներենով:
    • Վալոնիայի գերմանալեզու հատվածում (Առաջին համաշխարհային պատերազմից հետո բռնակցված) բոլոր համայնքները տրամադրում են ծառայություններ ֆրանսերենով՝ գերմաներենի հետ միասին:
    • Բրյուսելում հոլանդերենն ու ֆրանսերենը համազոր պաշտոնական լեզուներ են:
    • Դաշնային մակարդակում հոլանդերենը, ֆրանսերենը և գերմաներենը բոլորն էլ պաշտոնական լեզուներ են:

19-րդ դարավերջի և 20-րդ դրասկզբի ֆլամանդական ազգայնականությունը հասավ երկրի երկու հիմնական պաշտոնական լեզուների խիստ տարածքային հավասարեցմանը և Ֆլանդրիայում ֆրանսերենի օգտագործման խիստ սահմանափակումների ներդրմանը:

Ֆլամանդացիների ծնելիության բարձր մակարդակի և խառնամուսնությունների ցածր տարածվածության պատճառով՝ նրանց ձուլումը ֆրանսախոս միջավայրին տեղի ունեցավ ոչ թե ժողովրդագրական, այլ սոցիալ-տնտեսական հարթության վրա։ Դա հիմնականում տեղի ունեցավ ֆրանսալեզու կրթության միջոցով, որը շատ ծնողներ նախընտրում էին՝ համարելով այն ավելի հեղինակավոր:

Ֆլանդրիայի ֆրանսախոսները պարտավորվեցին պաշտոնական հարցերում օգտագործել միայն հոլանդերենը։ Իրենց թվային գերազանցության (60%) և աճող տնտեսական բարգավաճման շնորհիվ՝ ֆլամանդացիները 1962-1963 թվականներին ստացան այն, ինչ ցանկանում էին՝ բելգիական լեզվական սահմանը, որը երաշխավորում էր, համենայն դեպս դե յուրե, Ֆլանդրիայի հիմնական մասի լեզվական միատարրությունը։ Բայց ֆրանսախոսների ճնշման արդյունքում՝ լեզվական սահմանի երկայնքով բազմաթիվ խառը լեզվական գոտիներում զիջումներ արվեցին: Արդյունքում, երկրի այն շրջաններում, որտեղ, ըստ 1947 թվականի վերջին լեզվական մարդահամարի, պաշտոնական լեզվական փոքրամասնությունները (ֆրանկոֆոններ, ֆլամանդներ կամ գերմանախոս բելգիացիներ) կազմում էին բնակչության ավելի քան 30%-ը, 1962 թվականի օգոստոսի 8-ի և 1963 թվականի օգոստոսի 2-ը օրենքները հռչակեցին նրանց հիմնական լեզվական իրավունքների պաշտպանության սկզբունքը: Այս խմբերը ստացան մի շարք խիստ սահմանափակ լեզվական իրավունքներ, որոնք հետագայում քաղաքական գործիչները և մամուլը սկսեցին անվանել «լեզվական արտոնություններ», թեև այս տերմինն օրենքում չկա:

Կապույտով ընդգծված են Բրյուսելի արվարձանի 7 համայնքները, որտեղ ֆրանսախոսների համար գործում են լեզվական արտոնություններ։

«Արտոնություններ», «բարեհոգի վերաբերմունք» և «թեթևացում» տերմինները չեն գործածվում օրենքներում. դրանք ավելի ուշ են ներմուծվել այս շրջանների բնակչության իրավունքները նկարագրելու համար.

  • Օրինակ՝ նման արտոնություններով օժտված տվյալ համայնքներում ապրող ֆրանսախոսներն իրավունք ունեն իրենց երեխաներին ուղարկել ֆրանկոֆոն մանկապարտեզներ և տարրական դպրոցներ, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվում են ֆլամանդական համայնքի կողմից։ Միջնակարգ և բարձրագույն կրթությունը, սակայն, նրանց հասանելի է միայն հոլանդերենով, և հակառակը։
  • Այս համայնքների բնակչության համար հանրային ամբողջ տեղեկատվությունը պետք է տրամադրվի ինչպես հոլանդերեն, այնպես էլ ֆրանսերեն լեզուներով: Ֆրանսախոսներն իրավունք ունեն ֆրանսերենով ստանալ մի շարք պաշտոնական փաստաթղթեր կամ պահանջել դրանց անվճար թարգմանությունը: Որոշ համայնքների ֆլամանդական իշխանություններն այժմ պահանջում են յուրաքանչյուր նման դիմումի համար վճարել թարգմանության համար, ինչն առաջացնում է ֆրանսախոսների վրդովմունքը։ Շատ ֆլամանդացիներ կարծում են, որ այդ արտոնությունները ներդրվել են 1960-ականներին՝ նպատակ ունենալով հեշտացնել ֆրանկոֆոնների արագ ինտեգրումը նիդերլանդախոս հասարակությանը, ուստի դրանք նախատեսված էին որպես ժամանակավոր, և վաղուց ժամանակն է դրանք չեղյալ հայտարարել: Նրանց այս եզրակացության հիմքում ընկած է նաև այն փաստը, որ Վալոնիայի արտոնյալ լեզվական շրջաններում հոլանդերենն արդեն գրեթե չի օգտագործվում ցածր պահանջարկի պատճառով։ Ֆլանդրիայի ֆրանսախոսները, ընդհակառակը, կտրականապես դեմ են արտոնությունների վերացմանը՝ դրանք ընկալելով որպես հավերժ իրենց տրված դաշնային իրավունք՝ հաշվի առնելով նաև, որ այդ համայնքներից մի քանիսում ֆրանսախոսները վաղուց աճող մեծամասնություն են կազմում։ Այդ պատճառով է, որ 1960-ականների փոխզիջումը սկսեց աստիճանաբար փլուզվել։ Հատկապես հատկանշական է Բրյուսելի մերձակայքի օրինակը, որտեղ ֆրանկոֆոնները զանգվածաբար «տարածվում են» իրենց պաշտոնապես շրջապատող նիդերլանդախոս տարածքի այլ շրջաններ։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտոնյալ լեզվական համայնքները, ըստ դաշնային օրենքի, պետք է ունենան միալեզու ծառայություններ (այսինքն՝ նրանց վարչակազմը հանդիպումներ է անցկացնում և ներքին փաստաթղթեր է վարում տարածաշրջանի միայն մեկ պաշտոնական լեզվով), սակայն բնակչության հետ շփվելու և նրանցից դիմումներ ընդունելու համար կարող են օգտագործել նաև երկրորդ, օրենքով սահմանված լեզուն։ Իհարկե, արտոնյալ լեզվական շրջանները մեծապես տարբերվում են իրենց տարածքով, բնակչության թվով և ֆրանսախոսների մասնաբաժնով, և, որ շատ կարևոր է, արտոնյալ համայնքների վարչական ապարատում ֆրանսախոսների մասնակցությամբ։

Արտոնյալ համայնքները երկրում էթնո-լեզվական հակամարտության կենտրոններ են: Բրյուսելի մերձակայքում առանձահատուկ է այս խնդիրը։ Օրինակ, Լինկեբեեկում ֆրանսախոսների մասնաբաժինը 30%-ից (1947) հասել է 85%-ի (2006): Այդ պատճառով էլ ծայրամասի բոլոր արտոնյալ համայնքներում վարչակազմը և բուրգոմիստրները 60-85%-ով ֆրանկոֆոններ են, քանի որ նրանց ընտրել է տվյալ տարածաշրջանների աստիճանաբար ֆրանսականացվող ընտրազանգվածը: Այնուամենայնիվ, օրենքի համաձայն, քաղաքային խորհրդի շենքում այդ համայնքների ղեկավարները տեսականորեն չեն կարող նույնիսկ ֆրանսերեն խոսել միմյանց հետ, ինչը նրանք անում են ի նշան բողոքի։ Այս համայնքների քաղաքապետարանների պատերի մոտ անընդհատ անցկացվում են հանրահավաքներ, բողոքի երթեր, իսկ նրանց երկլեզու ցուցանակների վրա անընդհատ ընթանում է «գրաֆիտիի պատերազմը»: Վալոնիայի համայնքները, որոնք լեզվական արտոնություններ ունեն գերմանացիների և ֆլամանդացիների համար, ընդհակառակը, նման ինտենսիվ կրքերով աչքի չեն ընկնում։ Նմանապես, խաղաղ զարգանում են հարաբերությունները ֆրանսախոս փոքրամասնության և մեծամասնության միջև երկրի արևելքում՝ պաշտոնապես գերմանախոս գոտում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Belgium». protal.cor.europa.eu. Committee of the Regions. Վերցված է 10 March 2015-ին.