Իվան Թարխանով
Իվան Ռոմանի Թարխանով (ռուս.՝ Иван РомановичТарханов, հունիսի 3 (15), 1846 կամ հունիսի 15, 1846[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 24 (սեպտեմբերի 6), 1908 կամ սեպտեմբերի 6, 1908[1], Krzeszowice, Կրակաու շրջան, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), նշանավոր բժիշկ, ֆիզիոլոգ, հոգեբան, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս։ Գրվել է նաև իշխան Թարխանով Ի. Ռ., Թարխան-Մոուրավի, Իվան Ռամազի Թարխանաշվիլի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1846 թ. հունիսի 3 (15)–ին, Թիֆլիսում։ Վրացահայ ազնվականներ Թարխանյանների շառավիղն է («Բանբեր Հայաստանի արխիվների», Եր., 1971, 3, 157)։ Ունեցել է իշխանական տիտղոս։
1869 թ. ավարտել է Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիան։ Եղել է նշանավոր ֆիզիոլոգներ Ֆ. Օվսյաննիկովի և Ի. Սեչենովի աշակերտը։ 1869 թ․ Ի. Սեչենովի աշակերտներից առաջինն է, որ գիտական աշխատանք է կատարել զգացող նյարդերում սումմացիայի երևույթների փորձարարա-ֆիզիոլոգիական վերլուծության վերաբերյալ։
1871 թ. Ի․ Սեչենովի ղեկավարությամբ պաշտպանել է դոկտորական թեզ «Արյունաչզրկված և արյունազրկված գորտերի զգացող նյարդերի, ողնուղեղի և գլխուղեղի վրա ջերմության ազդեցության մասին» թեմայով։
1877 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1877-1895 թթ. եղել է նույն ակադեմիայի (1881 թ.-ից ՝ Ռազմա-բժշկական ակադեմիա) ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսորը։ Երկար տարիներ համատեղությամբ եղել է ակադեմիայի գիտնական քարտուղարը, որն այդ բուհի ամենապատվավոր պաշտոնն էր։
1895 - 1901 թթ. որպես պրիվատ-դոցենտ դասախոսել է Պետերբուրգի համալսարանում։
1895 թ․-ից չունենալով սեփական լաբորատորիա՝ համագործակցել է պրոֆեսոր Պելլի մասնավոր դեղագործական լաբորատորիայի հետ և կատարել նշանավոր գիտական աշխատանքներ սպերմինի վերաբերյալ, ինչը հանդիսանում է ներզատական համակարգի ֆիզիոլոգիայի ամենավաղ ուսումնասիրություններից մեկը։ Ժամանակ առ ժամանակ մեկնել է արտասահման, աշխատել Գրաց քաղաքի համալսարանի լաբորատորիայում։ Ռուսաստանի տարբեր վայրերում, մասնավորապես Սոլյանոյ թաղամասում, հանդես է եկել գիտահանրամատչելի դասախոսություններով, որոնցից մեկի ունկնդիրն էլ եղել է երիտասարդ Լևոն Օրբելին։
1882 թ.-ին ընտրվել է Պետերբուրգի ռազմա-բժշկական ակադեմիայի ակադեմիկոս։ Գիտական աշխատանքները նվիրված են էլեկտրաֆիզիոլոգիային, կնետրոնական նյարդային համակարգի, քնի, հիպնոսի, նարկոզի ֆիզիոլոգիային, մարդու օրգանիզմի վրա արտաքին ազդակների, մասնավորապես ջերմության, ցրտի, լույսի, ռենտգենյան, իոնացնող ճառագայթների ներգործությանը և այլն։ Նա իր գիտական փորձերը կատարել է՝ ելնելով մարդկանց տարիքային առանձնահատկություններից, ինչը կարևոր նշանակություն ունեցավ տարիքային ֆիզիոլոգիայի զարգացման վրա։ Իվան Թարխանովը մանրամասն նկարագրել է մաշկա-գալվանական ռեակցիան, որը բոլոր դասագրքերում կոչվում է նրա անունով՝ Թարխանովի ֆենոմեն։ Զբաղվել է նաև սոցիալական հիգիենայի հարցերով։ Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների՝ տպագրված մասնագիտական ժողովածուներում, հանդեսներում, թերթերում։ Եղել է հայրենական և արտասահմանյան մի քանի բժշկական ընկերությունների անդամ։ Փարիզի կենսաբանական ընկերության թղթակից անդամ։

1876 թ. Պետերբուրգի բնախույզների ընկերության կենդանաբանության բաժանմունքում ստեղծվել է ֆիզիոլոգիայի սեկցիա, որի հիմքի վրա հետագայում ստեղծվել է Ռուսաստանի առաջին ֆիզիոլոգիական ընկերությունը։
Մահացել է 1908 թ. օգոստոսի 24 (սեպտեմբերի 6)-ին, Պետերբուրգում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- « Արյունաչզրկված և արյունազրկված գորտերի զգացող նյարդերի, ողնուղեղի և գլխուղեղի վրա ջերմության ազդեցության մասին », ՍՊԲ, 1871 թ.
- « Տնային բժշկարան », «Անդամազննություն և բնախոսություն » (հայերեն), պրակ Ա., Թիֆլիս, 1903 թ.
- « Տնային բժշկարան » (համահեղ. հայերեն). Պրակ Բ, Թիֆլիս, 1903 թ.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան Ռոմանի Թարխանով Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Mdcpedia
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Թարխանով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 151)։ ![]() |
- Հունիսի 15 ծնունդներ
- 1846 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 6 մահեր
- 1908 մահեր
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- Ս.Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս բժիշկներ
- Ռուս ֆիզիոլոգներ
- Ռուս հոգեբաններ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Վրացի ֆիզիոլոգներ
- Հայկական ծագմամբ ռուսներ
- Վրացի գիտնականներ
- Ռուսական կայսրության թարգմանիչներ