Իզա Կրեմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իզա Կրեմեր
Iza Kremer.jpg
Ծնվել էհոկտեմբերի 21, 1887(1887-10-21)[1]
Բելցի, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
ԵրկիրԱՄՆ
Ռուսական կայսրություն
Flag of Argentina.svg Արգենտինա
Մահացել էհուլիսի 7, 1956(1956-07-07)[2][1] (68 տարեկանում)
Կորդովա, Արգենտինա
Մասնագիտություներգչուհի և օպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Isa Kremer Վիքիպահեստում

Իզաբելլա Յակովլևնա Կրեմեր (ավելի հայտնի է Իզա Կրեմեր անունով, ի ծնե՝ Լեա Յանկելևնա Կրեյմեր, հոկտեմբերի 21, 1887(1887-10-21)[1], Բելցի, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - հուլիսի 7, 1956(1956-07-07)[2][1], Կորդովա, Արգենտինա), երգչուհի, օպերայի և օպերետի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեա Կրեյմերը ծնվել է 1882 թվականի հոկտեմբերի 8-ին (հին տոմարով) Բելցիում, դերձակ Յանկել Լեյբովիչ Կրեյմերի (1852—?) և Հաննա Մոշկովնա Կրեյմերի (ի ծնե՝ Ռոյզենբլիտ) ընտանիքում[3][4]։ Իզաբելլայի մոտ վաղ տարիքից նկատվել է երաժշտական կարողություն։ Առաջին իդիշով երգը լսել է մոր շուրթերից որպես օրորոցային։ Երբ նա հինգ տարեկան էր, հետաքրքրվել է հրեական հարսանեկան երաժշտությամբ, իսկ պատանեկան տարիքում բանաստեղծություններ է գրել իր ժողովրդի ծայրահեղ աղքատության մասին։ Երեսուն տարի անց Իզա Կրեմերը դարձել է առաջին երգչուհին, որ բեմից երգել իդիշով։

Չնայած ընտանեկան դժվարություններին՝ ծնողներն ամեն ինչ ներդրել են իրենց դստեր երաժշտական դաստիարակությամբ։ 1912 թվականից նա երկու տարի շարունակ Միլանում երգեցողություն է սովորել հայտնի մանկավարժ Լուիջի Ռոնցիի մոտ, հանդես է եկել փոքր թատրոններում, այնուհետև վերադարձել է հայրենիք։ Նրան հրավիրել են Օդեսա, որտեղ նա որպես դեբյուտ հանդես է եկել Պուչինիի «Բոհեմ» օպերայում։ Դրան հաջորդել է Վիոլետայի պարտիան «Տրավիատայում»։

Օդեսայում, Պետրոգրադում, Մոսկվայում ունեցել է նշանակալի հաջողություններ։ Այս քաղաքներում Կրեմերը հանդես է եկել նաև օպերետներում, որոնցից էին՝ «Աղքատ ուսանողը», «Իդեալական կինը», «Վերջապես մենակ», «Լեհական արյուն»։ Հեղափոխությունից հետո՝ 1919 թվականին, Իզա Յակովլևնա Կրեմերն ամուսնու հետ, որը «Օդեսայի նորություններ» թերթի խմբագիրն էր, արտագաղթել է Ֆրանսիա։ Ավելի ուշ, թողնելով ամուսնուն, նա հյուրախաղերի է մեկնել աշխարհի շատ երկրներ, ձեռք բերել համաշխարհային ճանաչում ոչ միայն որպես երգերի և ռոմանսների հիասքանչ կատարող, այլև փառք է նվաճել որպես կինոդերասանուհի։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ հրապարակվել են նրա մահվան մասին կեղծ հաղորդագրություններ։

1923 թվականին, չնայած հակասեմական ելույթներին և նույնիսկ իր հասցեին հնչող մահվան սպառնալիքներին, Իզա Կրեմերը Վարշավայի հրեաների համար հանդես է եկել համերգով։ 1933 թվականին նա գնացել է Գերմանիա, որպեսզի ներկայանա Հրեական մշակութային միությանը։ Երգչուհին բազմաթիվ համերգներ է տվել՝ աջակցելով իսպանական հանրապետականներին։

1934 թվականին՝ Հարավային Ամերիկայում իր հերթական շրջագայության ժամանակ, Իզան ծանոթացել է Գրեգորի Բերմանի հետ, որը մասնագիտությամբ մանկավարժ էր, համոզմունքներով՝ սոցիալիստ։ Ինը տարի անց նրանք ամուսնական դաշինք են կնքել Մեքսիկայում։

1943 թվականի դեկտեմբերին Իզա Կրեմերը Մորիս Շևալյեի, Մառլեն Դիտրիխի և Վադիմ Կոզինիմի հետ համերգով հանդես է եկել Թեհրանի կոնֆերանսի մասնակիցների համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինայում, որտեղ ղեկավարությունը գաղտնի աջակցում էր նացիստներին, Կրեմերը համերգներ է տվել, որոց շահույթը գնում էր դաշնակիցներին։ 1944 թվականի նոյեմբերի 19-ին Իզա Կրեմերը համերգ է տվել Քարնեգի հոլում (Նյու Յորք

1946 թվականի մարտին «Սևա ռեկորդ» ընկերությունում թողարկվել են Իզա Կրեմերի գրամոֆոնային նոր սկավառակները՝ «հրեերեն հայտնի երգեր»։

1947 թվականի ապրիլի 25-ին «Թայմս հոլ» սրահում կայացել է Իզա Կրեմերի համերգը։ Երգչուհին պարբերաբար Նյու Յորք էր մեկնում Ռիո դե Ժանեյրոյից, որտեղ ապրում էր։

Արգենտինայում ծավալած բավականին ակտիվ հասարարական գործունեության պատճառով ամուսինները տուժում էին. Բերմանը կորցրել է աշխատանքը, իսկ Իզային հեռացրել էին մեծ բեմերից։ Բայց նրանք հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին։ Իզա Կրեմերն իր համերգների միջոցները նվիրաբերում էր Հոլոքոստի զոհերին, համերգներ էր տալիս միայն նոր ի հայտ եկած Իսրայելի պետությանն աջակցելու համար։ Այդ ամենը հանգեցրել է նրան, որ Արգենտինայում նրա գործունեության վերջին տարիներին երգչուհու մասին գրեթե ոչինչ հայտնի չէր. նրան ամեն կերպ լռեցրել էին։ 1956 թվականին բժիշկներն Իզայի մոտ ախտորոշել են ժամանակին բժշկման չենթարկված ստամոքսի քաղցկեղ[5]։ Կարճ ժամանակ անց նա վախճանվել է։

Հայտնի «Մայն շտեյտելե Բելց» («Իմ շտետլ Բելցի») իդիշով երգը Իզա Կրեմերի համար հատուկ գրել են բանաստեղծ Յակով Յակոբսը և կոմպոզիտոր Ալեքսանդր Օլշանեցկին։ Նա առաջինը այդ երգը կատարել է «Դոս լիդ ֆուն գետո» («Երգ գետտոյից») օպերետում, որը բեմադրվել է Նյու Յորքում 1932 թվականին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. JewishgGen.org
  4. Isa Kremer (1887—1956)
  5. Близнюк М. И. Прекрасная Маруся Сава…: Русская эмиграция на концертных площадках и в ресторанах Америки. — М.: Русский путь, 2007. — ISBN 978-5-85887-136-1.
  6. «Isa Kremer»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-09-ին։ Վերցված է 2010-09-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]