Ի՞նչ անել (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ի՞նչ անել
Что делать?
Chto delat-1867.jpg
ՀեղինակՆիկոլայ Չեռնիշևսկի
Տեսակգրական ստեղծագործություն և վեպ
ԺանրSocial commentary?, նովել և վեպ
Բնօրինակ լեզուռուսերեն[1]
ԵրկիրFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Հրատարակման տարեթիվ1863

«Ի՞նչ անել», ռուս փիլիսոփա, լրագրող և գրաքննադատ Նիկոլայ Չեռնիշևսկու վեպը՝ գրված 1862 թվականի դեկտեմբերից մինչև 1863 թվականի ապրիլը, Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում՝ բանտարկության ժամանակ: Գրվել է մասամբ ի պատասխան Տուրգենևի «Հայրեր և զավակներ» ստեղծագործության:

Ստեղծագործության և հրատարակության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնիշևսկին վեպը գրել է Պետրոպավլովյան ամրոցի Ալեքսեևյան ռավելինի մենախցում՝ 1862 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 1863 թվականի ապրիլի 4-ը: 1863 թվականի ապրիլից սկսած ձեռագրի հատվածները փոխանցվում էին Չեռնիշևսկու գործով քննչական կոմիտե (վերջին հատվածը փոխանցվել է ապրիլի 6-ին): Հանձնաժողովը, ինչպես նաև գրաքննիչները վեպում տեսել են սոսկ սիրային ուղղվածություն և թույլատրել են վեպի տպագրությունը: Ցենզուրայի վրիպակը շուտով նկատելի է դարձել և գրաքննության պատասխանատու Բակետովին ազատել են պաշտոնից: Սակայն վեպն արդեն հրատարակված է եղել «Սովրեմեննիկ» ամսագրում («Современник» 1863, № 3—5): Չնայած այն հանգամանքին, որ «Սովրեմեննիկի» այն համարը, որում տպագրվել էր վեպը, կալանքի տակ էր դրվել, վեպի ձեռագիր տարբերակը արագ տարածվեց երկրով և առիթ դարձավ զանգվածային նմանակումների:

Ն. Լեսկով

Չեռնիշևսկու վեպի մասին խոսում էին ոչ շշուկով, ոչ ծածուկ, այլ կոկորդով մեկ բղավում էին սրահներում, շքամուտքերում, տիկին Միլբերտի սեղանի շուրջ և Շտենբոկովի առևտրասրահի նկուղի գարեջրատանը: Անվանում էին «գարշանք», «թովչանք», «զզվանք» և այլն, ու բոլորը տարբեր երանգներով[2]:

Պ. Կռոպոտկին

Ստեղծագործությունը («Ի՞նչ անել» վեպը) այն ժամանակվա ռուս երիտասարդների համար եղել է յուրատեսակ հայտնություն և վերափոխվելծրագրի, դարձել ինքնատիպ խորհրդանիշ[3]:

Առաջ էր քաշվել այն վարկածը, որ վեպը գրաքննության կողմից թույլատրվել է «վերևների» ցուցումով[4]: 1867 թվականին ռուս տարագիրների կողմից վեպն առանձին գրքով հրատարակվել է Ժնևում (ռուսերենով), այնուհետև թարգմանվել է լեհերեն, սերբերեն, հունգարերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, շվեդերեն և հոլանդերեն: Խորհրդային տարիներին թարգմանվել է նաև պարսկերեն և ֆիններեն: Չեռնիշևսկու վեպի ազդեցությունը երևում է Էմիլ Զոլայի «Կանացի երջանկություն», Ստրինդբերգի «Ուտոպիաներ իրականության մեջ», բուլղարական ազգային վերածնության գործիչ Լյուբեն Կառվելովի «Մեղավո՞ր է արդյոք ճակատագիրը» (գրվել է սերբերեն) ստեղծագործությունների վրա

«Ի՞նչ անել» վեպը, ինչպես նաև «Հայրեր և զավակները», ծնունդ տվեցին այսպես կոչված հականիհիլիստական վեպին: Մասնավորապես, Լեսկովի «Սվինների վրա» ստեղծագործության մեջ, որտեղ ծաղրանմանակվել են Չեռնիշևսկու ստեղծագործության մոտիվները:

«Ի՞նչ անել» վեպի տպագրության արգելքը հանվել է 1905 թվականին: 1906 թվականին Ռուսաստանում առաջին անգամ վեպը տպագրվել է առանձին հրատարակությամբ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսուհին Վերա Պավլովնա Ռոզալսկայան է: Որպեսզի խուսափի շահամոլ մոր կողմից պարտադրված ամուսնությունից, աղջիկն ամուսնանում է իր փոքր եղբոր՝ Ֆեդյայի նախկին ուսուցչի՝ բժիշկ-ուսանող Դմիտրի Լոպուխովի հետ: Ամուսնությունը նրան ծնողների տունը թողնելու, ինքնուրույն կյանք վարելու հնարավորություն է ընձեռում: Վերան սովորում է, փորձում է իր տեղը գտնել կյանքում, վերջապես բացում է նոր տեսակի կարի արհեստանոց. սա համայնք է, որտեղ չկան վարձու աշխատողներ, և բոլոր աղջիկների համար հավասարապես կարևոր է համատեղ ձեռնարկության հաջողությունը:

Շուտով Վերան հասկանում է, որ սիրահարվել է Ալեքսանդր Կիրսանովին, որը Լոպուխովի ընկերն էր և նրանք միասին սովորել էին բժշկական ակադեմիայում: Կիրսանովն էլ վաղուց սիրահարված էր Վերային: Տառապող կնոջը ազատություն տալու համար Լոպուխովը ձևացնում է, իբրև թե ինքնասպանություն է գործում (վեպն սկսվում է իքնասպանության էպիզոդով) և մեկնում է Ամերիկա, որպեսզի գործնականորեն ուսումնասիրի արդյունաբերական արտադրությունը: Որոշ ժամանակ անց Լոպուխովը Չարլզ Բյումոնտի անվան տակ վերադառնում է Ռուսաստան: Նա՝ որպես անգլիական ֆիրմայի ագենտ, եկել է հատուկ հանձնարարությամբ, որպեսզի ձեռք բերի հարուստ արդյունաբերող Պոլոզովի բնաճարպի գործարանը: Գործարանի գործերին միջամտելով՝ Լոպուխովը այցելում է Պոլոզովի տուն, որտեղ ծանոթանում է նրա դստեր՝ Եկատերինայի հետ: Երիտասարդները սիրահարվում և շատ չանցած՝ ամուսնանում են, ինչից հետո Լոպուխով-Բյումոնտը իր վերադարձի մասին հայտնում է Կիրսանովներին: Ընտանիքների միջև ամուր ընկերություն է սկսվում, նրանք տեղավորվում են մեկ տան մեջ, և նրանց շուրջ ծավալվում է «նոր մարդկանց» հասարակությունը, որոնցից յուրաքանչյուրը ջանում էր «նորովի» կերտել անձնական և հասարակական կյանքը:

Վեպի նշանավոր հերոսներից է հեղափոխական Ռախմետովը՝ Կիրսանովի և Լոպուխովի ընկերը, որոնք նրան ինչ-որ ժամանակ ծանոթացրել են սոցիալիստ-ուտոպիստների գաղափարներին: Վեպի 29-րդ գլխում («Յուրահատուկ մարդը») Ռախմետովին է նվիրվել մի փոքր հատված: Նա երկրորդ պլանի հերոս է, որը վեպի սյուժեի հետ ունի զուտ էպիզոդիկ կապ (նա Վերա Պավլովնային է փոխանցում Լոպուխովի՝ շինծու ինքնասպանության հանգամանքները պարզաբանող նամակը): Բայց և այնպես, վեպի գաղափարական հիմքում նա կարևոր դերակատարում ունի: Այդ մասին ՉեռնիշևսկիՆ հանգամանորեն խոսում է վեպի 3-րդ գլխի XXXI հատվածում («Զրույց խորաթափանց ընթերցողի հետ և նրա վտարումը»).

Ես ցանկանում էի պատկերել նոր սերնդի սովորական բարոյական մարդկանց, մարդկանց, որոնց ես հարյուրներով եմ հանդիպել: Ես ընտրեցի նրանցից երեքին. Վերա Պավլովնային, Լոպուխովին, Կիրսանովին: (…) Ռախմետովի կերպարի բացակայության դեպքում՝ ընթերցողների մեծ մասը թյուր կարծիք կունենար իմ պատմության գլխավոր գործող անձանց վերաբերյալ: Կարող եմ գրազ գալ, որ մինչև այս գլխի վերջին հատվածները Վերա Պավլովնան, Կիրսանովը, Լոպուխովը լայն հասարակության համար թվացել են բարձր բարոյականությամբ օժտված հերոսներ, հավանաբար, նույնիսկ կատարելության հասցված կերպարներ, որոնց չափազանց ազնիվ տեսակը իրական կյանքում չի հանդիպում: Ո՛չ, ընկերնե՛ր. չար, հիմար, խղճուկ իմ ընկերնե՛ր, ոչ թե նրանք են շատ բարձր կանգնած, այլ դուք եք չափազանց ցածր դիրքում:(…) Այն բարձրության վրա, որտեղ նրանք են, կարող են և պետք է կանգնեն բոլորը: Բարձր անհատականություններ, որոնց հետևից հասնել անզոր ենք ես և դուք, իմ թշվառ ընկերնե՛ր, բարձր անհատականություններն այսպիսին չեն: Ես ձեզ ցույց տվեցի նրանցից մեկի դիմանկարի ուրվագիծը:

Գեղարվեստական առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ի՞նչ անել» վեպն ինձ ամենախորն է հուզել: Սա նյութ է, որը լիցքեր է տալիս ողջ կյանքի համար[5]: 

Վեպի ընդգծված հետաքրքրական, արկածային, մելոդրամատիկ սկիզբը պետք է կարողանար ոչ միայն շեղել ցենզուրայի ուշադրությունը, այլև՝ գրավել ընթերցողների հոծ զանգվածին: Արտաքինից վեպի սյուժեի կենտրոնում սիրային պատմություն է. այնուամենայնիվ, նրանում արտացոլվել են նոր ժամանակների տնտեսական, փիլիսոփայական և սոցիալական գաղափարները: Վեպը լի է վերահաս հեղափոխության վերաբերյալ ակնարկներով:

Լիլյա Բրիկը հիշում է Մայակովսկու մասին.

 Նրա նախընտրած գրքերից մեկը Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» վեպն էր: Նա անընդհատ վերընթերցում էր այն: Այնտեղ նկարագրվածը մեր կյանքի արձագանքն էր: Մայակովսկին երբեմն իր անձնական գործերի մասին խորհրդակցում էր Չեռնիշևսկու հետ, ստանում էր նրա աջակցությունը: «Ի՞նչ անել» վեպը վերջինն էր, որ Մայակովսկին կարդացել էր մահից առաջ[6]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» վեպում հիշատակվում է ալյումինիումը: Վերա Պավլովնայի չորրորդ երազի «միամիտ ցնորքում» այն անվանվել է ապագայի մետաղ: Ալյումինը հասել է «մեծ ապագայի» XX դարակեսին:
  • Ստեղծագործության վերջում հայտնված «սևազգեստ կինը» գրողի կինն է՝ Օլգա Սոկրատովնա Չեռնիշևսկայան: Վեպի վերջում խոսվում է Չեռնիշևսկու՝ Պետրոպավլովյան ամրոցից ազատման մասին, որտեղ նա գրել է վեպը: Սակայն նա այդպես էլ ազատ չարձակվեց. 1864 թվականի փետրվարի 7-ին նրան դատապարտեցին 14 տարվա տաժանակրության, ինչին հաջորդել է սիբիրյան աքսորը[7][8]:
  • Կիրսանով ազգանունով գլխավոր հերոսներ հանդիպում են նաև Ի. Տուրգենևի «Հայրեր և զավակներ» վեպում, սակայն գրաքննադատները բացառում են Չեռնիշևսկու և Տուրգենևի հերոսների միջև հնարավոր կապը:
  • Ֆ. Դոստոևսկին «Գրառումներ ընդհատակից» ստեղծագործության մեջ քննադատում է Չեռնիշևսկու գաղափարները, հատկապես նրա մտքերը ապագայի վերաբերյալ, որոնց շնորհիվ «բյուրեղապակյա պալատի» կերպարը դարձել է XX դարի համաշխարհային գրականության հայտնի մոտիվը:
  • Ընտանեկան դրամայի պատմությունը շատ նման է Լ. Տոլստոյի «Կենդանի դիակ» պիեսի սյուժեին:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ի՞նչ անել» երեք մասանոց հեռուստաներկայացում (ռեժիսորներ՝ Նադեժդա Մարուսալովա, Պավել Ռեզնիկով), 1971 թ.
  • «Ի՞նչ անել» («Che fare?») իտալական հեռուստատեսության հինգ մասանի հեռուստաներկայացում (ռեժիսոր՝ Ջաննի Սեռա), 1979թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #4125181-7 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «Северная пчела». 1863. № 142
  3. Кропоткин П. А. Идеалы и действительность в русской литературе. — СПб., 1907. — С. 306—307
  4. Демченко А. А Н. Г. Чернышевский. Научная биография: в 4 ч. Ч. 3: 1859-1864. — Саратов, 1992. — С. 214.
  5. Фраза приводится в воспоминаниях Н. В. Валентинова «Встречи с Лениным» (1953)
  6. В. Маяковский в воспоминаниях современников
  7. Шерих, Дмитрий. Город у эшафота: За что и как казнили в Петербурге. — М.-СПб.: Центрполиграф, Русская тройка-СПб., 2014. — Гл.13. — ISBN 9785227047991.
  8. Короленко, Владимир Галактионович (1904)։ «Гражданская казнь Чернышевского»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2011-11-06 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Николаев П. Революционный роман // Чернышевский Н. Г. Что делать? — М.: Художественная литература, 1985.
  • «Что делать?» Н. Г. Чернышевского: Историко-функциональное исследование / Отв. ред. К. Н. Ломунов. — М.: Наука, 1990. — 1990 с. — ISBN 5-02-011421-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]