Ժայռային մեծ սիտեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժայռային մեծ սիտեղ
Ժայռային մեծ սիտեղ
Ժայռային մեծ սիտեղ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկանմաններ (Passeriformes)
Ընտանիք Սիտեղներ (Sittidae)
Ցեղ Սիտեղ (Sitta)
Տեսակ Ժայռային մեծ սիտեղ (S. tephronota)
Միջազգային անվանում
Sitta tephronota
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Ժայռային մեծ սիտեղ (լատ.՝ Sitta tephronota), սիտեղների ընտանիքին պատկանող նստակյաց և տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի զանգվածը 43-50 գրամ է, փետրածածկը վերևից բաց կապտամոխրագույն է, իսկ ներքևից՝ ավելի բաց գույնի։ Կտուցի հիմքից դեպի ծոծրակը տարածվում է սև ակնաշերտ, որն աչքի հետին մասում լայնանում է։ Կտուցը սև է, հաստ ու երկար։ Կզակի և կրծքի սպիտակն աստիճանաբար փոխվում է մարմնի կողքերի և ներքնապոչի բաց նարնջագույնի։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է միջատներով, սարդերով, խխունջներով, իսկ աշնանը և ձմռանը՝ չոր պտուղներով։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, գետաձորերում և կիսաանապատներում։ Աղմկոտ է։ Ժայռերի և ցածր թփուտների արանքով շարժվում է ցատկոտելով։ Ամրակազմ և մկանոտ է։ Թռչում է թևերի կարճ և արագ թափահարումներով։ Ճարպկորեն վերուվար է անում ժայռերի ուղղաբերձ պատերով։ Ձայն է տալիս կամ երգում՝ ժայռի կատարին կամ թփի ծայրին նստած։ Երգը բարձր տոնայնության ելևէջներով սրնգային հնչյուններով սուլոցների և կլկլոցների է նման։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան խաղերը սկսվում են հունվար-փետրվարին։ Բնադրում է ժայռաքիվերի տակ, ժայռապատերի ճեղքերում։ Բույնը նման է կիսագնդի (կավե պուլիկի վզիկի նմանվող թռիչքային անցքով)։ Այն կառուցում են արուն և էգը՝ 15-17 օրվա ընթացքում, ծեփում են կավից, օգտագործում որոշ միջատների մնացորդներ, կպչողականությունը բարձրացնելու համար արտաքին մասը մշակում են ծառի խեժով։

Մարտ-ապրիլին դնում է 24 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմրադարչնագույն վրձնախազերով 5-7 ձու։ Թխսակալում է 13-17 օր։ Վտանգի դեպքում (բնի տարածքում այլ թռչունների, մարդու հայտնվելը) անձնուրաց պաշտպանում է բույնը։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը տարածված է Հայաստանից մինչև Նախիջևան, դեպի արևելք` մինչև Էլբուրսի լեռնաշղթան, և դեպի հարավ` մինչև Բելուջիստան: Հայաստանում հանդիպում է առավելապես հանրապետության հարավային և հարավարևելյան շրջանների կիսաանապատային գոտում[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակավաթիվ, նեղ արեալային օլիգոտոպային տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 5-8 ձու:

Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Մեղրու շրջանում խտությունը կազմում է միջին հաշվով 0,6 թռչուն 1 հա վրա:

Սպառնացող վտանգներից է գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png