Թորունի քաղցրաբլիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորունի քաղցրաբլիթ
Ենթատեսակբիսկվիտ, Ginger Bread? և pryanik?
Առաջացման երկիր Լեհաստան
 Pierniki Toruńskie Վիքիպահեստում

Թորունի քաղցրաբլիթ (լեհ.՝ pierniki toruńskie, գերմ.՝ Thorner Lebkuchen), լեհական ավանդական քաղցրաբլիթներ, որոնք ունեն մոտ 700 տարվա պատմություն։

«Toruńskie Pierniki» ապրանքանիշը Լեհաստանում բոլոր տեսակի ապրանքանիշերի մեջ 19-րդ տեղն է զբաղեցնում սպառողների կողմից ճանաչելիության տեսանկյունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորունի քաղցրաբլիթների ավանդույթը սկիզբ է առել 14-րդ դարից, իսկ որոշ տեղեկություններով էլ՝ 13-րդ դարից։

14-րդ դարավերջի աղբյուրներում հիշատակվում է հացթուխ, հրուշակագործ Նիկլոս Չանը (լեհ.՝ Niclos Czan): Այդ աղբյուրները նաև հիշատակում են այն մասին, որ թորունցի հացթուխ Հենրիխ Կուհեն (լեհ.՝ Heinrich Kuche) Տևտոնական օրդենից մոմ է ձեռք բերել, ինչը վկայում է, որ Թորունում Չանը չի եղել միակ հացթուխը։

Թորունում քաղցրաբլիթների արտադրության զարգացմանը նպաստել է նրա աշխարհագրական հարմար դիրքը։ Բարեբեր հողը հացահատիկ է տվել ալյուրի արտադրության համար, իսկ հարևան գյուղերը մեղր են մատակարարել։ Անհրաժեշտ համեմունքները տեղ են հասցվել հեռավոր երկրներից՝ հիմնականում Հնդկաստանից։ Դրանք Սև ծովով և Լվովով տեղափոխվել են Սրբազան Հռոմեական կայսրություն, որտեղ տարածվել են հյուսիսգերմանական առևտրական ընկերություններում։ Որոշ դեպքերում համեմունքները տեղ են հասել Գդանսկի նավահանգստով։

16-րդ դարից Թորունն արդեն ակտիվ հիշատակվում է որպես քաղցրաբլիթների արտադրության կենտրոն։ Այսպես, «piernikarze» (քաղցրաբլիթ թխողներ) բառն իշխող է դառնում Թորունի հացթուխների գիլդիայում[1]։ Բացի հացաբուլկեղենի թխման կետերից՝ քաղցրաբլիթներ պատրաստվել են նաև մենաստաններում։ 16-րդ դարի տարեգիր Սիմոն Գրյունաուն հիշատակում է կանանց մենաստանը Թորունի շրջակայքում, որտեղ միանձնուհիները քաղցրաբլիթ են պատրաստել վաճառքի նպատակով, այդ թվում՝ արտերկրում։ 1556 թվականին Թորունի և Նյուրնբերգի մեջ համաձայնություն է ձեռք բերվել, որի համաձայն Թորունի քաղցրաբլիթ արտադրողներն իրավունք են ստացել թխել Նյուրնբերգի քաղցրաբլիթներ, իսկ նյուրնբերգցի վարպետները՝ թորունյան։

Չնայած միջնադարյան քաղցրաբլիթները վերականգնելու հավաստի հնարավորության բացակայությանը՝ կարելի է վստահաբար վերականգնել նրանց արտաքին տեստը՝ շնորհիվ քաղցրաբլիթների պահպանված կաղապարների։ 16-րդ դարի օրինակներում գերակշռում են մարդկային կերպարանքները, որոնք ներկայացնում են Լեհաստանի կառավարողներին՝ Սիգիզմունդ III, թագուհի Կոնստանցիա Ավստրիացի, Վլադիսլավ IV, ինչպես նաև երիտասարդ կանանց, ասպետների, սրբերի (սուրբ Գևորգ, սուրբ Նիկողայոս Զմյուռնացի)։ Պակաս տարածված չեն եղել կենդանիների կերպպարները՝ աքաղաղ, վարազ, եղնիկ, ձուկ, արագիլ։ Կանոնավոր կերպով հանդիպում են նաև Թորունի զինանշանով քաղցրաբլիթների կաղապարներ[2]։

1751 թվականին Գուստավ Վեզեն Թորունում բացել է ժամանակից քաղցրաբլիթի գործարան։ Դա շրջանի ամենահին գործարանն է և հնագույն ընկերությունը Պոմերանիայում, որ առանց ընդհատումների գործել է մինչև մեր օրերը։

Երբ ձևավորվել է Լեհաստանի ժողովրդական հանրապետությունը, Վեզեի գործարանը ազգայնացվել է և ստացել «Կոպեռնիոկոս» անվանումը, իսկ քաղցրաբլիթներ արտադրող այլ ձեռնարկություններ փակվել են։ Այսպիսով, Լեհաստանի ժողովրդական հանրապետությունում մնացել է քաղցրաբլիթ արտադրող մեկ գործարան միայն։

1989 թվականից հետո թույլատրվել է մասնավոր ձեռնարկատիրական գործունեությունը, և Թորունում կրկին բացվել են քաղցրաբլիթ արտադրող ձեռնարկություններ։

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորունի քաղցրաբլիթներին է առնչվում Կատաժինայի մասին լեգենդը։ Դրա որոշ տարբերակներում Կատաժինան հանդես է գալիս որպես ջրաղացպանի դուստր, որը պետք է անսովոր ինչ-որ բան թխեր արքայի համար։ Մեղուները աղջկան հայտնում են Թորունի քաղցրաբլիթի բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը, մանրամասնում, թե ինչպես պետք է ավելացնել մեղրը և համեմունքները։ Այլ տարբերակներում պատմվում է այն մասին, որ նա եղել է հացթուխի դուստրը, և հիվանդ հորն օգնելու համար Կատաժինան մտածել է անսովոր տեսքի քաղցրաբլիթներ պատրաստել։ Այսպես թե այնպես, հիմա էլ կարելի հանդիպել «Կատաժինկա» քաղցրաբլիթների, որոնք այդպես են կոչվել՝ ի պատիվ աղջկա[3]։

2002 թվականին Թորունում անցկացվել է քաղցրաբլիթների փառատոն, որի ծրագրի մեջ մտել է հին ձևով քաղցրաբլիթների պատրաստումը՝ սկսած ալյուր աղալուց մինչև վառարանում թխելը։

Թորունում գործում են իրարից անկախ երկու թանգարան՝ նվիրված քաղցրաբլիթներին.

  • Քաղցրաբլիթի կենդանի թանգարան - մասնավոր թանգարան
  • Թորունի քաղցրաբլիթի թանգարան - Թորունի թանգարանի մասնաճյուղ, որը գործում է Վեզեի հին արտադրամասի տեղում։

Լեհական ասացվածքներ քաղցրաբլիթի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորունի համար քաղցրաբլիթն այն նշանակությունն ունի, ինչ նավի համար լավ նավավարը (լեհ.՝ Dla Torunia tym jest piernik, czym dla statku dobry sternik):
  • Նրա դեմքը շոյելու համար նվիրի՛ր քաղցրաբլիթ, ոչ թե ծաղիկ (լեհ.՝ By na licu była gładka — daj jej piernik zamiast kwiatka):
  • Եթե ուզում ես համբույր գողանալ նրա դեմքից, քաղցրաբլի՛թ նվիրիր. այն սրտեր է ուտում (լեհ.՝ Jeśli skraść jej chcesz całusa — piernik daj, on serce skrusza):

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Zespół - Szukaj w Archiwach». www.szukajwarchiwach.gov.pl. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  2. admin (2015 թ․ մայիսի 11). «Historia» (լեհերեն). muzeumpiernika.pl. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  3. «Polskie legendy: Toruńskie katarzynki». Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]