Էֆեդրա բարձրահասակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էֆեդրա բարձրահասակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Գնետայիններ
Ընտանիք Էֆեդրազգիներ
Ցեղ Էֆեդրա
Տեսակ Էֆեդրա բարձրահասակ
Լատիներեն անվանում
E. procera F. et Mey.


Էֆեդրա բարձրահասակ (լատ.՝ E. procera F. et Mey.), էֆեդրազգիներ ընտանիքի, էֆեդրա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր, խիստ ճյուղավորված թուփ է՝ 0,5 -1 (երբեմն 1,5-2) մ բարձրությամբ, մոխրագույն կեղևով։ Ճյուղերը կարճ են և հաստ, ընձյուղները կանաչ են կամ մոխրականաչավուն, ուղիղ, մինչև 1 -1,5 մմ հաստությամբ, թեթևակի անկյունավոր, բոլորովին հարթ։ Տերևապատյանները կարճ են, հիմքում գորշավուն կամ սև։ Առէջքային հասկիկները գնդաձև են, նստադիր կամ հաճախ՝ խմբված։ Սերմնաբողբոջային հասկիկները երկարավուն-ձվաձև են, կարճ կոթունների վրա, մեկ ծաղիկով (երբեմն ծաղկափթթություննում 2 ծաղիկներ են), 2-3 զույգ ծաղկակիցներով, որոնցից վերինները իրենց ներքին մասով սերտաճած են իրար հետ մեկ երրորդ մասով։ Միկրոպիլյարային խողովակը մինչև 3 մմ երկարություն ունի։ Հասուն կոնահատապտուղները երկարավուն-ձվաձև են կամ ձվաձև-գնդաձև, կարմիր կամ կարմրադեղնավուն, մեկ սերմով։ Սերմերը երկարավուն-ձվաձև են, գագաթում սրածայր, գորշ, կրկնակի փքված, մինչև 6 մմ երկարությամբ և 3 մմ լայնությամբ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում (Արևմտյան Կովկաս, Արևելյան Կովկաս, Դաղս տան, Կենտրոնական Անդրկովկաս, Հարավ-Արևմտյան Անդրկովկաս, Հարավային Անդրկովկաս, Նախիջևան, Ղարաբաղ, Արևելյան Անդրկովկաս)։ Կովկասում ամենալայն տարածում ունեցող տեսակներից մեկն է։ Հանդիպում է նաև Բալկանյան թերակղզում, Հայկական բարձրավանդակում, Քուրդստանում, Իրանական բարձրավանդակում, Հիմալայներում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում (հատկապես Ախթալայում), Ապարանում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, ստորին և միջին գոտիներում, չոր քարքարոտ և ժայռոտ լանջերում։ Արևելամիջերկրածովյան տեսակ է, որը հանդիպում է ներքին և միջին լեռնային գոտում, ծովի մակերևույթից մինչև 1800 մ բարձրության վրա (ավելի բարձր , նիշի վրա հանդիպում է Հարավային Անդրկովկասում)։ Աճում է չոր, քարքարոտ, թույլ հզորության, բաց շագանակագույն և մոխրագորշագույն հողերում և ժայռոտ վայրերում։ Ֆրիգանայի և շիբլյակի բնորոշ տարրերից։ Հաճախ է հանդիպում նաև ավազակավային, մեծ մասամբ աղի, մերկացած հողագրունտներում։ «Ծաղկում է» մարտ-ապրիլին։ Կոնահատապտուղները հասունանում են հունիս- հուլիս ամիսներին։ Էֆեդրաները խիստ քչապահանջ են հողային պայմանների նկատմամբ և աճում են նույնիսկ համարյա հողազուրկ, լեռնային ապարների վրա։ Դրա հետ միասին սրանք չափազանց շոգադիմացկուն են, աչքի են ընկնում բարձր երաշտադիմացկունությամբ և հեշտությամբ են տանում սառնամանիքները։ Դիմացկուն են նաև հողի աղիության նկատմամբ։ Այս հատկանիշների շնորհիվ էֆեդրաները անփոխարինելի բուսատեսակներ են, չոր, քարքարոտ, անբերրի, արևից խանձված հողակտորների կանաչապատման համար։ Կարելի է օգտագործել նաև թեք, էրոզիայի ենթարկված, անբերրի ու համարյա անհող թեքությունների կանաչապատման համար։ Այդ տեսակետից բարձրահասակ էֆեդրան ավելի արժեքավոր է, քանի որ ունի շքեղ ընձյուղներ, գեղեցիկ կոնահատապտուղներ։ Թբիլիսիի բուսաբանական այգում հասնում է 3,2 մ բարձրության բնի 7,1 սմ տրամագծով և 1,9x1,1 սաղարթի կոորդինատներով։ Բնության մեջ հեշտությամբ են բազմանում սերմերով, ինչպես նաև բնային և արմատային մացառներով։ Երրեմն հասնում են 10 — 15 տարեկան հասակի։ Մշակության մեջ կարելի է բազմացնել միայն սերմերով, անդալիսով և արմատային մացառներով։

Էկոլոգիական խումբը VIII: Մշակության հավանական շրջանները 8—9, 18—20, 22-28, 31 -32[1]:

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էֆեդրաները ունեն նաև բուժիչ նշանակություն։ Դեռևս հնուց երկհասկիկային էֆեդրան օգտագործվել է որպես հումք էֆեդրին և կեղծ էֆեդրին ալկալոիդներ ստանալու համար (դրանց ընդհանուր պարունակությունը էֆեդրայի զանազան օրգաններում կազմում է 0,5—2,2, 3,2%)։ Էֆեդրինի ներգործությունը չափազանց նման է բժշկության մեջ օգտագործվող ադրենալինի ներգործությանը։ Այն կարող է հաջողությամբ օգտագործվել որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, շնչարգելության, տիֆի, էկզեմայի, թոքերի բորբոքման, շոկի, գրիպի և այլ հիվանդությունների բուժման համար։ Զգալիորեն թեթևացնում է քթի խոռոչի խրոնիկական հիվանդությունները հայմորիտը և էտմոիդիտը։ Հուսալի հակաթույն է մորֆինով և սկոպոլամինով թունավորվելու դեպքում։ Երկհասկիկային էֆեդրան պարունակում է նաև զգալի քանկությամբ վիտամին C, վեգետատիվ մասերում 240—371, կոնապտուղներում`178 միլիգրամ-տոկոս։ Հարուստ է նաև դաբաղանյութերով։ Կոնահատապտուղները ուտվում են (քաղցր են)։ Դրանցից պատրաստում են մեղր։ Սակայն չպետք է մոռանալ, որ էֆեդրաների պտուղները, հատկապես չհասունացածները, բավականին թունավոր են տնային կենդանիների, հատկապես մատղաշի համար։ Թունավոր են նաև կանաչ ընձյուղները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 109։