Էնկոպրեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնկոպրեզ
Ենթադասfecal incontinence? և defecation?
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն
ՀՄԴ-9307.7 և 787.6
ՀՄԴ-10R15 և F98.1
Հիվանդությունների բազա4221
MedlinePlus001570
eMedicine928795
MeSHIDD004688

Էնկոպրեզ, (հին հուն․՝ ἐγκόπρησις / egkóprēsis), կղանքի անպահություն, դեֆեկացիայի ակտը վերահսկելու անընդունակություն։ Որպես կանոն դիտվում է երեխաների մոտ։ Մեծահասակների մոտ էնկոպրեզը սովորաբար ունի օրգանական բնույթ (վնասվածք, քաղցկեղ կամ ուղիղ աղիքի արտանկում)։ Էնկոպրեզին հաճախ նախորդում է փորկապությունը։

4 տարեկանից մեծ երեխաների մոտ հանդիպման հաճախականությունը 1.3% է։ Հիվանդների 70% -ի մոտ հիվանդությունը սկսվում է մինչև 5 տարեկանը։ Գերակշռում է տղամարդկանց մոտ (1.5։ 1)։

Շատ դեպքերում կղանքի անպահությունը զարգանում է վախի հետևանքով, հոգեկանը ընկճող տպավորությունների ազդեցությունից, կղման ցանկության սիստեմատիկ ճնշումից։ Այդպիսի երեխաները, որպես կանոն, հաճախում են մանկապարտեզ և զուգարան գնալու ցանկությունը վերանում է, երբ չի երևում դաստիարակչուհին մոտակայքում կամ զուգարանը զբաղված է։ Հիվանդների ոչ մեծ մասի անամնեզում լինում են տվյալներ նախկինում կրած սուր ստամոքսաաղիքային հիվանդությունների մասին։ Նման երևույթ, երբեմն նկատվում է բացասաբար տրամադրված այն երեխաների մոտ, որոնց ծնողները ստիպողաբար են պարտադրում կղել։ Էնկոպրեզ նկատվում է նաև կոնքի օրգանների նյարդավորման բնածին թերությունների, ողնուղեղի և գլխուղեղի վնասվածքների ժամանակ, ինչպես նաև թուլամիտ երեխաների մոտ։

Էնկոպրեզի ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկապես առողջ երեխաների մոտ տարբերում են կղանքի անպահության 2 ձև՝

  1. իսկական ֆունկցիոնալ էնկոպրեզ
  2. կեղծ էնկոպրեզ (Ա.Ի. Լյոնյուշկին)։

Հիվանդությունը հաճախ սկսվում է նախադպրոցական տարիքում։ Երեխայի մոտ ոչ կամային ձևով սկսվում է արտադրվել շատ կամ քիչ քանակությամբ կղանք; Որոշ երեխաների մոտ կղանքը հայտնվում է ցերեկը՝ շարժուն խաղերի ժամանակ, ֆիզիկական շարժումներ կատարելիս, իսկ երբեմն առանց որևէ պատճառի, այլ երեխաների մոտ այն կարող է նկատվել նաև գիշերը։

Իսկական էնկոպրեզ (ցերեկային, գիշերային, խառը) սկզբում նկատվում է ամենօրյա ինքնուրույն արտաթորման ֆոնի վրա։ Հետանցքը բացված է, սֆինկտերը թուլացած։ Կղանքն ուղիղ աղիքում չի պահվում։ Շեքի և հետույքի մաշկը մշտապես աղտոտված է կղանքով և հաճախ խիստ գրգռված։

Կեղծ էնկոպորեզը (կղանքի արտասովոր կամ պարադոքսալ անպահություն) կապված է աղիքների պարունակության քրոնիկական կանգի և նրանց գերլցվածության հետ։ Ուղիղ աղիքում կղանքի գերկուտակման հետևանքով ճնշումն այնքան է բարձրանում, որ հաղթահարում է հետանցքի սեղմակի դիմադրությունը։ Ուշադրություն է գրավում կղանքի անսովոր, «ինչպես չափահասների մոտ» մեծ տրամաչափը։ Առանձին ծանր արտահայտված դեպքերում նկատվում է որովայնի ծավալի մեծացում՝ կապված նրա ստորին կեսի արտափքման հետ։ Երբեմն ուղիղ և սիգմայաձև աղիքներում կղանքային զանգվածների կուտակումները հայտնաբերվում են շոշափելու ժամանակ, որոնք զբաղեցնում են կոնքի բոլոր հատվածները։

Կեղծ էնկոպրեզն անհրաժեշտ է տարբերակել Գիրշպրունգի հիվանդությունից, քանի որ վերջինիս դեպքում ռենտգենաբանական հետազոտությամբ նույնպես հայտնաբերվում են ուղիղ, իսկ երբեմն նաև սիգմայաձև աղիքների զգալի լայնացում։ Տարբերակիչ ախտորոշմանն օգնում են ուղիղ աղիքի ամպուլային (լայնացած) հատվածի նպատակադրված ռենտգեննկարահանումը, ինչպես նաև սֆինկտերի տոնուսի հետազոտությունը։ Սֆինկտերի տոնուսի բարձրացումը, համապատասխան կլինիկական պատկերի զուգակցումով, վկայում է Գիրշպրունգի հիվանդության մասին, իսկ սեղմակի սովորական կամ իջած տոնուսը հիմք է ծառայում այն հերքելու համար (Ա.Ի. Լյոնյուշկին)։

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղանքի հատկապես գիշերային անպահության դեպքում անհրաժեշտ է երեխայի ցերեկային անբարենպաստ հուզումները վերացնել։ Սահմանում են նորմալ ռեժիմ։ Անհրաժեշտ է երեխային սովորեցնել բնական արտաթորություն կատարել քնելուց առաջ։ Նման բնական ռեֆլեքսի մշակման համար առաջարկվում է 10-15 օր երեկոյան մաքրող հոգնաներ կատարել։ Էնուրեզի համակցման դեպքում կարելի է կիրառել հիպնոզային բուժում։ Ցերեկային և խառն էնկոպրեզի դեպքում աղիքների պարունակությունը կանոնավոր հեռացնելու նպատակով բուժումը սկսում են առավոտյան և երեկոյան կատարվող մաքրող հոգնաներով։ Հետագայում շատ կարևոր է երեխային սովորեցնել բնական արտաթորումը կատարել օրվա միևնույն ժամերին, ավելի լավ է առավոտյան, նախաճաշից հետո։ Ավելի ծանր դեպքերում (հոգնաներից արդյունքի բացակայության դեպքում) երեխային պետք է բուժել ստացիոնար պայմաններում, որտեղ զուգահեռաբար կիրառվում են բուժման մի քանի մեթոդներ՝ մաքրող հոգնաներ,ֆիզիոթերապևտիկ միջոցներ, սֆինկտերի մեխանիկական մարզումներ։ Համառորեն կատարվող կոնսերվատիվ բուժումից արդյունքի լրիվ բացակայության դեպքում կարելի է մտածել ուղիղ աղիքի պատի անվերադարձելի ֆունկցիոնալ փոփոխությունների մասին։ Նման դեպքերում դրվում է վիրահատման հարցը[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ.Ա. Աստվածատրյան, Կլինիկական մանկաբուժություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]