Անամնեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անամնեզ ( հունարեն՝ ἀνάμνησις- հիշողություն), տեղեկությունների ամբողջություն է, որոնք ստացվում են բժշկական հետազոտության ընթացքում հենց հետազոտվողի կամ նրա հարազատների հարցման արդյունքում։ Անամնեզի ուսումնասիրումն ու առհասարակ հարցումն ուղղակի հարցերի ու պատասխանների ամբողջություն չեն։ Բժիշկի և հիվանդի զրույցի ձևից կախված է այն հոգեբանական համատեղելիությունը, որը մեծ նշանակություն ունի հիմնական նպատակի՝ հիվանդի վիճակի թեթևացման համար։ Անամնեզի տվյալները(տեղեկություններ հիվանդության ընթացքի, կյանքի պայմանների, տարած հիվանդությունների, վիրահատությունների, վնասվածքների, հղիությունների, քրոնիկ պաթոլոգիաների, ալերգիկ ռեակցիաների, ժառանգականության մասին, և այլն) բուժաշխատողը ճշտում է ախտորոշման նպատակով դրանք օգտագործելու, բուժման մեթոդ ընտրելու կամ պրոֆիլակտիկայի համար։ Անամնեզի հավաքումը բժշկական հետազոտության հիմնական նախապայմաններից է։ Որոշ դեպքերում, ընդհանուր հետազոտության հետ զուգակցման արդյունքում, այն օգնում է կոնկրետ ախտորոշում կատարել, առանց երկարատև հետազոտություններ կատարելու։ Անամնեզի հավաքումն ախտորոշման ունիվերսալ մեթոդ է, որը կիրառվում է բժշկության բոլոր բնագավառներում։

Անամնեզի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության անամնեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության սկիզբը (լատ․ Anamnesis morbi), հիվանդության առաջացման պահից մինչև բժիշկին դիմելու պահը եղած ախտանիշների դինամիկան, ինչ գործոնների հետ է հիվանդը կապում տվյալ հիվանդությունը, ինչ հետազոտություններ և ինչ բուժում է անցկացվել, ինչպիսին են արդյունքները, և այլն։

Կյանքի անամնեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում տարած հիվանդությունները ( լատ․ Anamnesis vitae), տարբեր օրգաններում և օրգան համակարգերում գոյություն ունեցող քրոնիկական պաթոլոգիաները, վիրահատությունները, վնասվածքները, և այլն։ Ինչպես նաև հաշվի են առնվում հիվանդի կյանքի պայմանները։

Մանկաբարձական անամնեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյոք եղե՞լ են հղիություններ, ինչպե՞ս են ընթացել և ինչպիսի՞ն է արդյունքը․․․

Գինեկոլոգիական անամնեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում տարած գինեկոլոգիական հիվանդությունները, կանացի օրգանների վրա կատարված վիրահատությունները, դաշտանային ցիկլն ու նրա առանձնահատկությունները, պարբերականությունը, դաշտանային ցիկլի ցավոտ լինելը, և այլն։

Ընտանեկան անամնեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունակցական հարազատների մոտ նմանատիպ ախտանիշների առկայություն, ժառանգական հիվանդություններ, և այլն։

Համաճարակաբանական անամնեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆեկցիոն հիվանդների հետ տվյալ հիվանդի շփման մասին տեղեկությունների հավաքում, ինչ որ հիվանդության բնական օջախում լինելու մասին տեղեկություն։ Մասսայական թունավորումների դեպքում հիվանդների հարցում այն մասին, թե ինչ են կերել։ Նմանատիպ տվյալներն օգնում են գտնել վարակման կամ թունավորման աղբյուրը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անամնեզ/ Բրոգգաուզի և Եֆրոնի բացատրական բառարան