Էներգետիկական հիմնախնդիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհի էներգետիկական սպառումը[1]

Էներգետիկական հիմնախնդրի էությունը առաջին հերթին կայանում է մարդկությանը վառելիքով և էներգիայով հուսալիորոն ապահովելու մեջ։ Հիմնախնդրի երկրորդ կողմը այդ ռեսուրսների վերաբաշխումն է աշխարհի երկրների միջև։ Մարդկության նյութական մշակույթի ողջ պատմությունը կապված է էներգիայի տարբեր տեսակների յուրացման հետ։ Աշխարհում արտադրողական ուժերի զարգացման ներկայիս մակարդակը զգալիորեն պայմանավորված է էներգետիկական բազայի առկայությամբ ու կատարելիությամբ։


Փաստեր. էներգախնայողություն


1.Էներգիայի գլխավոր աղբյուրն է ` Արեգակը։

2.Նավթից ստանում են ` գազ, բնական գազ, ածուխ և այլն ։

3.Կան էներգիայի աղբյուրների 2 տեսակ.

Չվերականգնվող ` նավթ, բենզին, քարածուխ, ածուխ և այլն։

Վերականգնվող ` Արեգակ, հոսող ջուր և այլն ...

Հիմնախնդրի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էներգետիկ հիմնախնդիրը ծագեց 20-րդ դարի 70-ական թվականներին, որը համընկավ համաշխարհային էներգետիկ ճգնաժամի հետ։ Նավթը ցածր գնի շնորհիվ երկար ժամանակ համարվում էր հիմնական վառելիք և էներգիայի աղբյուր։ Արաբական նավթարդյունահանող երկրները իրենց իրավունքների համար պայքարում նավթի վաճառքն օգտագործեցին որպես քաղաքական միջոց (զենք) և կտրուկ բարձրացրին նավթի գները։ Արդյունքում աշխարհում սկսվեց էներգետիկ ճգնաժամ, որի պատճառը ոչ միայն տնտեսական էր, այլև քաղաքական և սոցիալական։ Այդ ճգնաժամը վերջ տվեց էներգիայի էժան աղբյուրների ժամանակաշրջանին և կասկածի տակ դրեց ապագայում նավթն ու գազը էներգետիկ նպատակներով օգտագործելու հարցը, քանի որ դրանք արժեքավոր հումք են քիմիական արդյունաբերության համար։

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառելիքա-էներգետիկ ռեսուրսների արագ սպառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն համարվում է գլոբալ էներգետիկական հիմնախնդրի առաջացման գլխավոր պատճառներից մեկը։ Բավական է ասել, որ միայն XX դարում երկրի ընդերքից ավելի շատ հանքային վառելիք է արդյունահանվել, քան մարդկության նախորդ ամբողջ պատմության ընթացքում։ Գլխավոր էներգակիրներն են նավթը, գազը և ածուխը։ Օգտակար հանածոների համաշխարհային հանույթը 1981-2000 թվականներին 1,5-2 անգամ գերազանցել է նախորդ քսանամյակին։ Կանխատեսումների համաձայն առաջնային էներգառեսուրսների համաշխարհային սպառումը 2100 թվականին կհասնի 30 մլրդ. տ պայմանական վառելիքի, այն դեպքում, երբ 1900 թվականին այն կազմել է 1 մլրդ տ պայմանական վառելիք[2]։

Առաջնային էներգառեսուրսների սպառման շատ բարձր մակարդակով աչքի են ընկնում ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Եվրոպայի և ԱՊՀ-ի երկրների մի մասը, Ճապոնիան, Արաբական թերակղզու երկրները։ Հակառակ բևեռում Արևադարձային Աֆրիկայի երկրներն են։ Տարբերությունը վիթխարի է. ԱՄՆ-ում մեկ շնչին` 11300 կգ, իսկ Չադում 7 կգ։

Հանքավայրերի երկարատև շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երակարատև շահագործման պայմաններում փոխվում են արդյունահանող վառելիքի տեղադիրքի լեռնաերկրաբանական պայմանները, որը համապատասխանաբար բերում է հանույթի թանկացմանը։ Առաջին հերթին դա վերաբերում է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ռուսաստանի, Ուկրաինայի հին արդյունաբերական շրջաններին, որտեղ աճում է հանքահորերի և հատկապես նավթային ու գազային հորատանցքների խորությունը։ Բավական է նշել, որ ածխի հանույթի միջին խորությունը ներկայումս կազմում է 500-600 մ, իսկ նավթինը 2000-4000 մ, չնայած ոչ հազվադեպ նավթ արդյունահանում են 5000-6000 մ խորություններից, իսկ Դոնբասից ածուխ է արդյունահանվում 1800 մ խորությունից[2]։

Կապը այլ հիմնախնդիրների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոբալ էներգետիկական հիմնախնդիրը փոխադարձ կապի մեջ է համաշխարհային պատերազմի կանխման, զինաթափման և խաղաղության պահպանման, բնապահպանական, հումքային, թույլ զարգացածության և հետամնացության հաղթահարման, Համաշխարհային օվկիանոսի յուրացման, ժողովրդագրական, տարերային աղետների և տեխնածին վթարների, ուրբանիզացման հիմնախնդիրների հետ։

Լուծման ուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնախնդրի լուծման ուղիների շարքում առանձնացնում են` ավանդական (էքստենսիվ) և Ժամանակակից (ինտենսիվ) ուղղվածության միջոցառումներ։

Ավանդական ուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր հանքավայրերի հետախուզում և շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ուղիներից ամենաավանդականը որոնողական-հետախուզական աշխատանքների շնորհիվ հանքային վառելիքի ռեսուրսների հետագա ավելացումն է։ Դրա արդյունքում ածխի և բնական գազի համաշխարհային ռեսուրսները վերջին երկու-երեք տասնամյակներում ոչ միայն էապես ավելացան, այլև մեծ հաշվով գերազանցեցին դրանց հանույթի տեմպերին։

Համապատասխանաբար աճեցին վառելիքի այդ տեսակներով ապահովվածության ցուցանիշները։ Ածխի հետախուզված պաշարների հանույթի ժամանակակից մակարդակի պահպանման դեպքում այն կբավականացնի 200-230 տարի, իսկ բնական գազինը` 70-75 տարի, նավթինը` 45 տարի։ Էապես աճել են նավթի հետախուզված պաշարները. 1950 թվականին այն գնահատվել է 13 մլդ տ, իսկ 2010-ին` 170մլդ տ։ Համաշխարհային էներգետիկական խորհրդի տվյալներով վառելիքի համաշխարհային ընդհանուր պաշարների միայն 10%-ն են կազմում արդյունաբերական նշանակության պաշարները։

էներգախնայողության քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 -ականների կեսերի էներգետիկ ճգնաժամից հետո առաջին տեղ մղվեց առավել արդյունավետ և խնայողական օգտագործմամբ կամ այլ խոսքով էներգախնայողության քաղաքականության իրականացումը։ Էժան վառելիքի դարաշրջանում աշխարհի երկրների մեծամասնությունում ձևավորվել էր վառելիքի սպառման ոչ խնայողական մոտեցումը, ինչը վերաբերում էր հիմնականում ԱՄՆ-ին, Կանադային, Ավստրալիային, Չինաստանին և հատկապես Խորհրդային Միությանը, որտեղ ՀՆԱ միավորի հաշվով սպառվում էր զգալիորեն ավելի շատ պայմանական վառելիք, քան ԱՄՆ–ում։ Արևելյան Եվրոպայի երկրներում ռեսուրսատարությունը ՀՆԱ միավորի հաշվով 2-3 անգամ բարձր էր, քան Արևմտյան Եվրոպայի երկրներում։

Այդ պատճառով էլ անցումը էներգախնայողության շատ մեծ նշանակություն ունեցավ։ Խնայողության քաղաքականություն սկսեց իրականացնել և արդյունաբերության մեջ, և տրանսպորտում, և կոմունա-կենցաղային սեկտորում, և մարդկային գործունեության մյուս բոլոր ոլորտներում։ Դրան հասան ոչ միայն էներգախնայողական տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով, որն իջեցնում էր էներգատարության տեսակարար կշիռը, այլ զգալի չափով համաշխարհային տնտեսության կազմի մեջ մտնող ազգային տնտեսությունների բոլոր կառուցվածքների վերակառուցման շնորհիվ։ Եվ պատահական չէ, որ 1930 թվականին Ռիո դե Ժանեյրոյի վեհաժողովում ընդունված «XXI դարի օրակարգը» հիմնարար փաստաթղթում ուղղակի ասված է, որ կայուն զարգացում ապահովելու համար երկրները պետք է ուղիներ գտնեն ապահովելու տնտեսական աճ և բարեկեցություն` միաժամանակ նվազեցնելով էներգիայի և հումքի ծախսերն ու սպառումը։

Էներգախնայողության ճանապարհին առավել մեծ հաջողությունների են հասել տնտեսապես բարձր զարգացած երկրները։ Համաշխարհային էներգետիկական ճգնաժամին հաջորդած առաջին 10-15 տարիներին ՀՆԱ-ում դրանց էներգատարությունը կրճատվեց 1/3 -ով, իսկ վառելիքի և էներգիայի համաշխարհային սպառման բաժինը 60%-ից իջավ 48%-ի[3]։

Առաջին անգամ 30 տարվա ընթացքում աշխարհում էներգիայի սպառումը նվազել է 1,1% -ով, կամ շուրջ 130 մլն տոննա պայմանական վառելիքով, որը սակայն պատճառ դարձավ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի, որի ժամանակ համաշխարհային ՀՆԱ-ն նվազեց 0,6% -ով[4]։

Առավել հետևողական էներգախնայողության քաղաքականություն իրականցնող երկրների շարքում առանձնանում են Ճապոնիան և ԱՄՆ- ն։ Ճապոնիան, թեև 80%-ով կախված է էներգակիրների ներկրումից, բայց կարողանում է ՀՆԱ-ի զգալի աճ ապահովել վառելիքի և էներգիայի ոչ մեծ ծավալների հաշվին։ ԱՄն -ում վերջին տասնամյակներին ներդրումները էներգետիկ ոլորտում շարունակ կրճատվում են, իսկ արդյունաբերության էներգատարությունը յուրաքանչյուր տարի իջնում է 3-4%-ով։

Ի տարբերություն Արևմուտքի` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ անդամ երկրներում, Չինաստանում իրադրությունն անհամեմատ դանդաղ է փոխվում, նրանց տնտեսությունը մնում է ավելի էներգատար։ Նույնը վերաբերում է նաև զարգացող երկրների մեծ մասին։

Ժամանակակից ուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոբալ էներգետիկական հիմնախնդրի հեռանկարը բնութագրելիս անհրաժեշտ է հատուկ կանգ առնել նրա լուծման սկզբունքորեն նոր ուղիների օգտագործման վրա, որոնք կապված են արդի փուլում ԳՏՀ-ն նվաճումների հետ, որոնց մեջ առանձնացնում հետևյալ հիմնական ուղիները`

  • Ատոմային էներգետիկայի զարգացում, որտեղ արդեն շահագործվում է ատոմային ռեակտորների նոր սերունդը։ Ներկայումս ատոմակայանններ կան և կառուցվում են աշխարհի 40 երկրներում։ Առանձին երկրներում ատոմային էլետրակայանները նշանակալից տեղ են զբաղեցնում էլեկտրաէներգիայի արտադրության մեջ (Լիտվա` 80%, Ֆրանսիա` 78%, Բելգիա`58%, Շվեդիա`50%)։ Ատոմային էներգետիկայի զարգացման կողմնակիցները կարծում են, որ էկոլոգիական առումով այն ավելի մաքուր է, քան էներգիայի ստացման ժամանակակից այլ եղանակներ. ատոմային էլետրակայանները չեն աղտոտում մթնոլորտը, նավթի ու գազի համեմատությամբ միջուկային հումքի պաշարները ավելի շատ են։ Աշխարհում ատոմային էներգետիկայի զարգացման գլխավոր հիմնախնդիրը այդ էլեկտրակայանների հուսալիության բարձրացումն է և թափոնների անվտանգ պահպանումը։
  • Ջերմային էներգիան անմիջականորեն էլեկտրականի վերափոխումը։
  • Կրիոգեն տուրբոգեներատորների արտադրությանը, որում հեղուկ հելիումով ռոտորի սառեցման հաշվին հասնում են գերհաղորդականության արդյունքի։
  • Որպես վառելանյութ ջրածնի օգտագործումը։ Մի շարք մասնագետների կարծիքով, այդ ուղին կարող է արմատապես փոխել ողջ տեխնածին քաղաքակրթությունը։ Ամենայն հավանականությամբ ջրածնային վառելանյութը սկզբում ավելի մեծ կիրառություն կգտնի ավտոմոբիլաշինության մեջ։ Առաջին ջրածնային ավտոմեքենան արտադրել է Ճապոնական «Մազդա» վերազգային մոնոպոլիան 1990-ականների սկզբին։ Նրա համար մշակվել է նոր կառուցվածքի շարժիչ։
  • էլեկտրաքիմիական գեներատորներ կամ վառելիքային մարտկոցներ ստեղծումը։ Մինչև վերջին ժամանակները վառելիքային էլեմենտները նախագծվում էին միայն հատուկ նպատակներով, օրինակ` տիեզերական հետազոտությունների համար։ Բայց հիմա ավելի լայն աշխատանքներ են տարվում դրանց կիրառման ոլորտն ընդարձակելու ուղղությամբ։ Մեծ հաջողություններ են արձանագրել Ճապոնիան, ԱՄՆ-ն, Գերմանիան։ Մասնագետների գնահատումով, դրանց ընդհանուր հզորությունն աշխարհում այժմ արդեն չափվում է միլիոնավոր կիլովատերով։ Տոկիոյում և Նյու Յորքում կառուցվել են վառելիքային էլեմենտներով աշխատող առաջին էլեկտրակայանները։ Գերմանական «Մերսեդես-Բենս» ֆիրման աշխարհում առաջինը ստեղծեց գործող մեքենայի նախատիպ, որն աշխատում էր վառելիքային էլեմենտով։
  • Ջերմամիջուկային սինթեզի կառավարում։ Ապացուցված է, որ 1 կգ դեյթերիումի միջուկային այրումից անջատվում է 10 մլն անգամ ավելի շատ էներգիա, քան 1 կգ ածխի այրումից։ Ապագայի էներգետիկայում այն կարող է ծառայել որպես ջերմամիջուկային վառելանյութ։ Որպեսզի ջերմամիջուկային ռեակցիան ընթանա, հարկավոր է պլազման տաքացնել մինչև 100 մլն աստիճան։ Եթե նկատի ունենանք ջերմամիջուկային կամ ջրածնային ռումբը, ապա մարդիկ սովորել են այն (պլազման) արտադրել, բայց վայրկյանի հարյուրհազարերորդականի-միլիոներորդականի ընթացքում։ Ահա թե ինչու հիմնական ջանքերն ուղղված են այն բանին, որպեսզի բաց չթողնեն շիկացած պլազման` պայման ստեղծելով կառավարվող ջերմամիջուկային սինթեզի համար։ Դրա համար օգտագործում են տարբեր տիպի կայանքներ, բայց ամբողջ աշխարհում ավելի մեծ տարածում է ստացել ԽՍՀՄ-ում հայտնագործված «Տոկամակ» պլազմային ռեակտորը։ «Տոկամակ-10» կայանքի միջոցով խորհրդային գիտնականներին հաջողվեց պլազման տաքացնել սկզբում 10, ապա և 25 և 30 մլն աստիճան։ ԱՄՆ-ի Պրիստոնի համալսարանում գիտնականներն այն տաքացրին մինչև 70 մլն աստիճան։ Պետք է նկատի ունենալ, որ ջերմամիջուկային էներգետիկայի գլխավոր ռեսուրսը`դեյթերիումը տարածված է Համաշխարհային օվկիանոսի ջրերում։ Ժամանակակից հաշվարկների համաձայն, դեյթերիումի այդ ռեսուրսները օգտագործելիս արտադրված էլեկտրաէներգիան 60 մլն անգամ գերազանցում համաշխարհային էներգասպառման ժամանակակից մակարդակը։

Իրադրությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային այս հիմնապատկերի վրա ՀՀ -ի դրությունը կարելի է բնութագրել բավական բարդ։ Հայաստանն աղքատ է վառելիքային ռեսուրսներով, ավելի ճիշտ դրանք բացակայում են։ Էներգետիկ բնապաշարները (ջրաէներգետիկ ռեսուրսները, երկրաջերմային ռեսուրսները, արեգակնային, քամու) սահմանափակ են, որը առաջացնում է մեծ կախվածության ներկրվող էներգակիրներից։

Այս ամենը էներգիայի այլընտրանքային տեսակների օգտագործման խիստ անհրաժեշտություն է առաջացնում։ Կենսական անհրաժեշտություն է էներգետիկական քաղաքականության փոփոխությունը, անցումը վառելիքի և էներգիայի խնայողության, իսկ դրան հասնել հնարավոր է ինչպես տեխնիկական կատարելագործման և տարաբնույթ կազմակերպչական միջոցների օգնությամբ, այնպես էլ տնտեսության կառուցվածքային փոփոխությունների միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. BP: Statistical Review of World Energy, Workbook (xlsx), London, 2016
  2. 2,0 2,1 Յ. Մուրադյան, Մ. Մուրադյան, Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, Երևան, 2014։
  3. И. Дмитриевич, Глобальная энергетическая проблема, 1985 г.
  4. "World Energy Statistics – Energy Supply & Demand". Enerdata.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յ. Մուրադյան, Մ. Մուրադյան, Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, Երևան, 2014։
  2. И. Дмитриевич, Глобальная энергетическая проблема, 1985 г.
  3. Глобальные проблемы человечества (обзор ж-ла “Futurist”) М., 1990.
  4. И.А. Родионова. Глобальные проблемы человечества: учебное пособие для учащихся и студентов. 2-е изд., испр. и доп. М., 1995.
  5. "World Energy Statistics – Energy Supply & Demand". Enerdata.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Г. С. Хозин. Глобальные проблемы современности. М., 1982.
  2. И.А. Родионова. Глобальные проблемы человечества: учебное пособие для учащихся и студентов. 2-е изд., испр. и доп. М., 1995.
  3. World Consumption of Primary Energy by Energy Type and Selected Country GroupsPage white excel.png 31 December 2008 Archived 9 November 2006 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]