Էդվարդ Խոստովանող
Էդվարդ Խոստովանող | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | ոչ վաղ քան 1003 и ոչ ուշ քան 1005 |
Ծննդավայր | Islip, Cherwell, Օքսֆորդշիր, Անգլիա |
Մահացել է՝ | հունվարի 5, 1066 |
Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Վեստմինստերյան աբբայություն | |
Երկիր | Անգլիայի թագավորություն |
Ազգություն | Անգլոսաքս |
Տոհմ | Ուեսեքսի տոհմ |
միապետ | |
Հայր | Էթելրեդ II[1][2] |
Մայր | Emma of Normandy?[1][2] |
Հավատք | քրիստոնեություն |
Էդվարդ Խոստովանող (անգլ.՝ Edward the Confessor, շուրջ 1003 - 5 հունվարի, 1066), անգլո-սաքսոնական նախավերջին թագավորը (1042 թվականից) և Ուեսեքսյան արքայատոհմի վերջին ներկայացուցիչը: Նրա թագավորության տարիները նշանավորվեցին երկրում թագավորական իշխանության թուլացմամբ ու իշխանական տների բացարձակ իշխանության հաստատմամբ, անգլո-սաքսոնական հասարակության կազմալուծմամբ և պետության պաշտպանության թուլացմամբ: Այդ հանգամանքները հեշտացրին Անգլիայի նվաճումը Վիլհելմ I Նվաճողի կողմից Էդվարդի մահից հետո, 1066 թվականին: Էդվարդ Խոստովանողը խիստ կարևորություն էր տալիս քրիստոնեական առաքինությունների ու ասկետիզմի քարոզչությանը, ինչի համար էլ հետագայում կաթողիկե եկեղեցու կողմից ենթարկվեց Կանոնականացման և դասվեց սրբերի շարքը:
Փախուստ և գահակալում[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդվարդը Անգլիայի թագավոր Էթելրեդ II Անխոհեմի ավագ որդին էր: Մայրը Էմմա Նորմանդացին էր, որը Նորմանդիայի դուքս Ռիչարդ II-ի դուստրն էր: Երբ Սվեն Երկարամորուսի գլխավորությամբ Դանիայի վիկինգները ներխուժեցին Անգլիա, և երկիրը գտնվում էր նվաճման վտանգի տակ, մայրը 1013 թվականին ստիպված եղավ Էդվարդի և նրա կրտսեր եղբայր Ալֆրեդի հետ փախչել Նորմանդիա: Շուտով մահացավ Էթելրեդ II-ը, իսկ Անգլիայի գահն անցավ Դանիայի թագավորին: 25 տարի ապրելով Նորմանդիայի դքսի պալատում, Էդվարդն այդ երկրում հաստատեց բազմաթիվ կապեր: Դեռ պատանեկությունից նա կրոնի հանդեպ ցուցաբերում էր հատուկ նվիրվածություն և հետագայում ստացավ Խոստովանող մականունը: Անգլիայում Կնուդ I Մեծի թագավորության տարիներին (1016—1035) Էդվարդը երազել իսկ չէր կարող հայրենիք վերադառնալու մասին. Նորմանդիայի դուքսը դաշինք էր կնքել Անգլիայի և Դանիայի թագավորի հետ, որն ամրապնդվել էր Էդվարդի մոր՝ Էմմա Նորմանդացու և Կնուդի ամուսնությամբ: Բացի դրանից Կնուդ I Մեծի անգլո-դանիական միապետությունը վայելում էր անգլո-սաքսոնական ազնվականության լայն աջակցությունը: 1036 թվականին Կնուդի մահից հետո Անգլիա գնաց Էդվարդի կրտսեր եղբայր Ալֆրեդը՝ հավանաբար նպատակ ունենալով թագը վերադարձնելու: Սակայն նրան գերի վերցրին Կնուդի ապօրինածին որդի Հարոլդի կողմնակիցները: Գագհը գրավեց Հարոլդը: Ալֆրեդին դաժանորեն կուրացրին, և նա շուտով վախճանվեց: Միայն 1041 թվականին, երբ Անգլիայի թագավոր էր դարձել Էդվարդի արյունակից Հարդեկնուտը, նա հայրենիք վերադառնալու հրավեր ստացավ: Բացի դրանից Հարդեկնուտը զավակներ չուներ և Էդվարդին հռչակեց իր ժառանգը: 1042 թվականի հունիսի 8-ին Հարդեկնուտը վախճանվեց, ում մահով Կնուտլինգների արքայատոհմը հանգեց: Այդ ժամանակ Անգլիայում ձևավորվել էր հասարակական զորեղ կարծիք՝ անգլո-սաքսոնական նախկին արքայատոհմը վերականգնելու օգտին: Եվ այդպես, Հարդեկնուտի մահից ընդամենը մի քանի օր անց Լոնդոնի բնակիչները Էդվարդին հռչակեցին Անգլիայի թագավոր: Նրա իշխանությունն իսկույն ճանաչեց ամբողջ երկիրը՝ բացառությամբ անգլո-դանիական ազնվականների և զինվորական վերնախավի:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мортон А. Л. История Англии. — Л., 1950.
- Stenton F. Anglo-Saxon England. — Oxford, 1973.