Երկրի օղակները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեներացված Celestia ծրագրով Երկրի օղակներով պատկերը. Երևում է լայն շողք, որը ընկնում է Երկրից օղակի վրա, և նեղ շողք օղակից Երկրի մակերևույթի վրա (հասարակածով)

Երկրի օղակները, գիտականորեն ենթադրվող աստղագիտական օբյեկտ, իրենից նեկայացնում է երկրի շուրջը ձևավորված փոշուց կամ այլ մասնիկներից կազմված հարթ կոնցենտրացիոն կազմավորում: Երկրի օղակների մասին հիպոթեզները առաջադրվել են բազմաթիվ հեղինակների կողմից, ինչպես ներկայում, այնպես էլ անցյալում։ Մասնավորապես Ջոն Օ՛Կիֆի, Փիթեր Ֆոսեթի և Մարկ Բասլոյի հիպոթեզները միավորում են գլոբալ կլիմայական փոփոխությունները, որոնք առկա են Երկրի երկրաբանական ժամանակագրության մեջ: Ներկայումս կամ որևէ մեկ այլ ժամանակաշրջանում Երկրի օղակների մասին համընդհանուր ճանաչում վայելող գիտական ապացույցներ չկան։

Ներկայումս մոլորակային օղակներ հայտնաբերվել են Սատուրնի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի շուրջը: Հնարավոր է Սատուրնի և Պլուտոնի արբանյակի՝ Ռեի շուրջը նույնպես կա այդպիսի օղակ: Երկրային խմբի մոլորակների շուրջը չեն հայտնաբերվել այդպիսի օղակներ:

Երկրի օղակների համակարգի առկայության կամ ձևավորման մասին սցենարներ հանդիպում են գիտաֆանտաստիկ գրականության մեջ, ֆիլմերում կամ արվեստի այլ ստեղծագործություններում:

Հիպոթեզներ ոչ ստաբիլ օղակների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեակտիվ շարժման լաբորատորիայից մոլորակների օղակային համակարգերի մասնագետ Լինդա Սպիլկերի խոսքերով` Երկրի շուրջ օղակների հիպոթետիկ համակարգը անկայուն է եղել և կարճ ժամանակահատվածում (աստղագիտական մասշտաբներով) կարող էր առ ոչինչ լինել: Հիմնական ֆակտորները, որոնք որոշում են օղակի անկայուն լինելը, հանդիսանում են Լուսինի և Արեգակի մակընթացության և տեղատվության ազդեցությունները, որոնք խախտում են օղակը, ինչպես նաև արեգակնային քամին, որը շուջերկրյա տարածքից քշում-տանում է օղակի բաղկացուսիչ մանր մասերը[1]:

Անցյալում եղած օղակների գիտական ենթադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Earth's Rings from Griffith Observatory (23697123503).jpg

1980 թվականին «Նեյչր» պարբերականում հրապարակվել է մի հոդված, որի հեղինակ Ջոն Օ՛Կիֆը, ով «Գոդարդ տիեզերային թռիչքային կենտրոն»-ից էր, ենթադրություն է արել, որ 34 միլիոն տարի առաջ Երկրի շուրջ կարող էին լինել օղակներ, որոնք նման էին Սատուրնի օղակներին: Օ՛Կիֆը Երկրի ջերմաստիճանի իջեցումը կապել է ուշ էոցենում մեծ թվով տեկտիտներ[2] ընկնելու հետ: Նա ենթադրեց, որ տեկտիտները և միկրոտեկտիտները, որոնք ընկել էին Երկրի ձգողականության դաշտը, կարող էին մոտենալ և առաջացնել օղակներ և մի քանի միլիոն տարվա կայունորեն պահպանվել: Օղակի ստվերի հետևանքով կարող էր Երկրի վրա առաջանալ գլոբալ սառցապատում, որի հետ էլ կապվում է բազմաթիվ ծովային օրգանզիմների վերացումը ուշ էցեոնի ժամանակաշրջանում[3][4]:

Ըստ Փիթեր Ֆոսեթթի (Նյու-Մեքսիկոյի համալսարան) և Մարկ Բոսլոուի (Սանդիա ազգային լաբորատորիաներ, ԱՄՆ էներգետիկայի նախարարաություն), օղակների համակարգի ձևավորումը, որը կազմված է այնպիսի նյութերից, որոնք առաջացել են Երկրի հետ երկու կամ ավելի երկնաքարերի կամ աստերոիդների բախումից, կարող է գլոբալ սառեցման (ռուս.՝ Земля-снежок) պատճառ դառնալ[3][4]:

Մ.թ.ա. 800 թվականից մինչև մ.թ.ա. 1750 թվականը երկնաքարերի, բոլիդների և ասուպների հոսքերի անկման մասին դիտարկումների հետազոտությունները, որը կատարել են Դանիայի ազգային թանգարանի գիտնականները, ցույց են տվել, որ կարելի է առանձնացնել 16 ժամանակաշրջան, որի ընթացքում այդպիսի երևույթները շատացել են: Հետազոտությունների հեղինակներն այդպիսի չափազանցությունները կապում են Ռոշի սահմանում Երկրի ձգողության դաշտ ընկած ոչ մեծ երկնային մարմնի քայքայման հետ (աստերոիդ կամ երկնաքար), որից աստիճանաբար առաջացրել է օղակ և նրա նյութերը ընկել են Երկրի վրա երկնաքարերի և ասուպների տեսքով[5]:

Մեր օրերում օղակների առկայության մասին գիտական ենթադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Earth's Rings over San Bernadino (23712572304).jpg

Համաձայն 1988 թվականին «Նաուկա ի Ժիզն» պարբերականում տպագրված նյութի` Խորհրդային գիտնականները հայտնաբերել են, որ Երկիրը ունի օղակներ: Այդ հետևությանը հանգել են շնորհիվ 1980-ական թվականներին «Էլեկտրոն-1», «Էլեկտրոն-3» և «ԳԵՈՍ-2» արբանյակների տվյալների մշակման հիման վրա, ըստ որի Երկիրն ունի օղակներ, որոնք կազմված են մանր փոշեհատիկներից և գտնվում են Երկրի մակերևույթից 400-ից մինչև 235 000 կմ հեռավորության վրա: Ընդ որում օղակների խտությունը փոքրանում է Երկրից հեռավորության մեծանալուն զուգընթաց: Այդ օղակները տարբեր թեքություն ունեն հասարակածի նկատմամբ և փոշու մանրագույն մասնիկների շնորհիվ անտեսանելի են Երկրից։ Եզրակացություն է արվել նաև Լուսնի շուրջ նմանատիպ օղակնեի առակայության մասին (Լունա-10 կայանից ստացված տեղեկությունների հիման վրա)[6]:

Ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնականները օգտագործելով Գոլդսթոուն աստղադիտարանի մոլորակային ռադարը, հայտնաբերեցին, որ Երկրի մակերևույթից 600 կմ բարձրության վրա կա մանր մասնիկների հոսք (6.4 մասնիկ կմ2 մեկ օրում, 1.8 մմ չափսերով)։ Նաև այդ մասնիկների 40%-ը կենտրոնացված է մեկ կամ երկու ուղեծրի վրա։ Այդ երևույթի բացատրություններից մեկն այն է, որ Երկիրը ունի փոշե օղակներ 35.1° թեքությամբ[7]։

Արհեստական օղակների ստեղծման նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլա Տեսլայի նախագծերից մեկն ներառում էր կառուցել Երկրի հորիզոնի շուրջը պինդ մի օղակ` օգտագործելով հսկայական հենարաններ։ Այնուհետև կառուցումը ավարտելուց հետո օղակի այդ հենարանները պետք է հանվեին և օղակը կախված կմնար տարածության մեջ, պտտվելով Երկրի միևնույն արագությամբ։ Տեսլայի կարծիքով, եթե հնարավոր լիներ այդ օղակը կանգնեցնել, ապա այն կարելի էր կիրառել շատ մեծ արագությամբ ճանապարհորդելու համար[8]։ Այդպիսի նախագծեր առաջարկվում են նաև մեր օրերում (օրինակ, հսկայական ածխային խողովակներ), բայց ավելի ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումով[9]։

1960-ական թվականների սկզբին արհեստական օղակ ստեղծվեց ԱՄՆ֊ի ռազմական ուժերի շնորհիվ` հեռավոր ռադիոկապերի կարիքների համար, «Ուեսթ Ֆորդ» նախագծի շրջանակներում։ Օղակը բաղկացած էր 480 000 000 [10] պղնձյա դիպոլային ալեհավաքներից (1.78 սմ երկարությամբ, 25.4 (1961) կամ 17,8 մկմ (1963) տրամագծով ասեղներ[11][12]), որոնք դուրս էին բերված ուղեծիր։ Առաջին թռիչքը տեղի է ունեցել 1961 թվականի հոկտեմբերի 21-ին, բայց ասեղները ուղեծրով չդասավորվեցին։ Հաջող թռիչքը կայացավ 1963 թվականի մայիսի 9-ին, դրանից հետո օղակը բարեհաջող ծառայեց ռադիոկապի նպատակին։ Ասեղները գտնվում էին միջին 96 և 87° թեքությամբ 3500-ից մինչև 3800 կմ բարձրության վրա գտնվող շուրջերկրյա ուղեծրում։ Նախագիծը փակվեց ժամանակակից արբանյակային կապի միջոցների մշակման կապակցությամբ և տիեզերքի ախտոտման հետ կապված շատ գիտնականների, ինչպես նաև հասարակության բողքներից ելնելով[13]։ 1970 թվականին ասեղների մեծ մասը արևային քամու ազդեցության տակ մտան մթնոլորտ և իջան Երկրի վրա։ Փոքր չափսերի պատճառով դրանք անվնաս հասան մակերևույթին։ Արկտիկայում քառակուսի կիլոմետրի վրա մոտ հինգ ասեղ ընկավ[13]։ 2008 թվականի դրությամբ մի քանի ասեղների կուտակումը դեռևս մնում էր ուղեծրում։

Երկրի շուրջ արհեստական օղակների ստեղծումը հնարավոր է օգտագործել` որպես կլիմայի փոփոխության միջոց։ Համաձայն ամերիկյան «Ստար Տեխնոլոջի և Հետազոտություն» ընկերության` Երկրի հասարակածային ուղեծրի շուրջ քարե օղակների ստեղծումը թույլ կտար փոքրացնել արևային ճառագայթների հոսքը Երկրի հասարակածային շրջաններում և կկոմպենսացներ գլոբալ տաքացման ազդեցությունը[14]։ Նախագիծը գնահատվել է 6 տրիլիոնից մինչև 200 տրիլիոն դոլլար, քարային օղակ ստեղծելու դեպքում և 500 միլիարդ դոլլար Երկրի արհեստական արբանյակներով միջոցով օղակ ստեղծելու դեպքում[15]։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ցանկացած գլոբալ ազդեցության փորձեր վտանգավոր են կլիմայի համար, քանի որ բացակայում է կլիմայի փոփոխությունների մասին բավարար իմացություն, մասնավորապես նրանց կայունության[15]։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Earth's Rings Over Los Angeles (23899876254).jpg
  • «Ամպրոպային քարեր» հեռուստասերիալի 2֊րդ եթերաշրջանում գլխավոր հերոսը ոչնչացնում է հսկայական գիսաստղը, որը սպառնում է Երկրին։ Գիսաստղի բեկորները ձևավորում են օղակ։
  • «Մաշինա վրեմենի» ֆիլմում (2002) ջերմամիջուկային պայթյունի պատճառով, որը պետք էր Լուսնի վրա գաղութ սարքելու համար, Լուսինը ճաքում է և Լուսնի բեկորներից առաջանում է օղակ։
  • «Զվյոզդնի Դեսանտ» ֆիլմի մի դրվագում Լուսինն ունի արհեստական օղակ, որը օգտագործվում է որպես կայան տիեզերանավերի համար։
  • «Մոբայլ Սուիթ Գանդամ» անիմե ֆիլմում Երկիրը շրջապատում են եռահենակ օղակով և օգտագործում են որպես արևային էլեկտրակայան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Matson J. (2009-11-25)։ «What would rings around Earth look like?» (անգլերեն)։ Scientific American Blogs։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-28-ին։ Վերցված է 2011-09-11 
  2. Ամբողջովին հալված մուգ կանաչ, երբեմն սև ապակուց ամենատարբեր ձևերի երկնաքարեր, որնք ունեն մետիորիտային, աստերոիդային, գիսաստաղային ծագում 
  3. 3,0 3,1 Grrl Scientist. (2011-05-02)։ «What Earth might look like with Saturn's rings» (անգլերեն)։ Nature Blogs։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-24-ին։ Վերցված է 2011-09-11 
  4. 4,0 4,1 O'Keefe J. A. The terminal Eocene event: formation of a ring system around the Earth?(անգլ.) // Nature. — 1980. — Т. 285. — С. 309-311. — doi:10.1038/285309a0
  5. Rasmussen, K. L. Historical Accretionary Events from 800 BC to AD 1750-AD: Evidence for Planetary Rings around the Earth(անգլ.) // Royal Astron. Soc. Quart. Jrn. — 1991. — Т. 32. — С. 25-34.
  6. Кольца земли // Наука и жизнь. — 1988. — № 8. — С. 76.)
  7. Goldstein R.M., Randolph L.W. Rings of Earth(անգլ.) // IEEE Transactions on Microwave Theory and Techniques. — 1992. — В. 6. — Т. 40. — С. 1077-1080. — ISSN 0018-9480. — doi:10.1109/22.141338
  8. O'Neill J. Prodigal Genius: The Life of Nikola Tesla. — Book Tree, 2007. — P. 37. — 336 p. — ISBN 9781585093083
  9. Meulenberg A., Balaji P. S. K. The LEO Archipelago: A system of earth-rings for communications, mass-transport to space, solar power, and control of global warming(անգլ.) // Acta Astronautica. — 2011. — В. 11-12. — Т. 68. — С. 1931-1946. — doi:10.1016/j.actaastro.2010.12.002
  10. I. I. Shapiro; H. M. Jones; Perkins, C.W.: Orbital properties of the West Ford dipole belt; Proceedings of the IEEE; Volume 52, Issue 5, May 1964 Page(s): 469—518 (Abstract, english)
  11. Lovell, A. C. B.; Blackwell, M. Ryle; D. E.; Wilson, R. (June 1962), «West Ford Project, Interference to Astronomy from Belts of Orbiting Dipoles (Needles)», Quarterly Journal of the Royal Astronomical Society 3: 100 
  12. Wiedemann, C.; Bendisch, J.; Krag, H.; Wegener, P.; Rex, D. (March 19-21, 2001), written at Darmstadt, Germany, Sawaya-Lacoste, Huguette, ed։, «Modeling of copper needle clusters from the West Ford Dipole experiments», Proceedings of the Third European Conference on Space Debris (Noordwijk, Netherlands: ESA Publications Division) 1: 315–320, October 2001, ISBN 92-9092-733-X 
  13. 13,0 13,1 Kendall Anthony (2006-05-02)։ «Earth's Artificial Ring: Project West Ford» (անգլերեն)։ DamnInteresting.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-28-ին։ Վերցված է 2006-10-16 
  14. Pearson J., Oldson J., Levin E. Earth Rings for Planetary Environment Control 53rd International Astronautical Congress. — 2002. (անգլ.)
  15. 15,0 15,1 «Предложен проект искусственного кольца Сатурна для затенения Земли»։ Membrana։ 2005-06-28։ Վերցված է 2011-09-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]