Երկրաբանական գիտությունները Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրաբանական գիտություններ, Հայկական լեռնաշխարհի և Փոքր Կովկասի տարածքում առաջին երկրաբանական մասնագիտական ոաումնասիրությունները կատարել են եվրոպացի և ռուս երկրաբաններն ու բնախույզները (Հ. Աբիխ, Ֆ. Օսվալդ, Հ. Լինչ, Ա. Մուսին-Պուշկին, Գ. Խալաթով և ուրիշներ) 19-րդ դարում։ Դրանք ուղեկցվել են երկրաբանական հանույթով, տրվել են ապարների հասակի և կազմի մասին համառոտ տեղեկություններ։ Արդյունքներն ամփոփվել են Հ. Աբիխի «Հայկական լեռնաշխարհի երկրաբանությունը» երկհատոր աշխատության մեջ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում (Կապան, Ալավերդի, Ախթալա և այլն) սկսվել են պղնձի և բազմամետաղների հանքավայրերի, ոչ մետաղ, օգտակար հանածոների (շինանյութեր, աղեր, վիմագրային քար և այլն ) հետազոտություններ։

Խորհրդային կարգերի հաստատումից (1920) հետո կազմակերպվել են Հայաստանի և Հարավային Կովկասի երկրաբանական ծառայություններ։ Հովհաննես Կարապետյանի ղեկավարությամբ 1923-1924 թվականներին վերաբացվել են Ալավերդու և Կապանի հանքավայրերը, սկսվել են երկրաբանաորոնողական ու հետախուզական աշխատանքները։ 1927-1930 թվականներին ԽՍՀՄ Գերագույն ակադեմիկոսեմիկոսեմիայի արշավախմբի (ղեկավար՝ ակադեմիկոսեմիկոսեմիկոս Ֆ. Լևինսոն-Լեսինգ) Արագածում և Սևանա լճի ավազանում կատարած համալիր (երկրաբանական, ապարագիտական, ջրաերկրաբանական, հողագիտական) հետազոտություններն ունեցել են կարևոր գիտական և կիրառական նշանակություն։ Ակադեմիկոս Ա. Զավարիցկին ուսումնասիրել է հանրապետության տարածքին բնորոշ նորագույն հրաբխականության լավաները և տուֆերը (իգնիմբրիտներ), պարզաբանել դրանց ձևավորման առանձնահատկություններն ու առաջացման մեխանիզմները։ Ավելի քան 20 տարվա քարտեզագրային աշխատանքների արդյունքում ակադեմիկոս Կ. Պաֆենհոլցը կազմել է Հայաստանի և հարակից տարածքների երկրաբանական քարտեզը (1945), որը հիմք է ծառայել հետագա մեծածավալ երկրաբանաորոնողական և հետախուզական աշխատանքների համար։ 1927-1935 թվականներին Տիգրան Ջրբաշյանի և Պետրոս Ղամբարյանի տարածաշրջանային հետազոտություններով հայտնաբերվել են պեմզաների, տուֆերի, օբսիդիանի, պեռլիտի, դիատոմիտների, կոնգլոմերատների հանքավայրեր։

Հանրապետությունում ստեղծվել են նաև երկրաբանական հաստատություններ՝ ԵՊՀ երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետը (1934), երկրաբանական վարչությունը (1935), Երկրաբանական գիտությունների ինստիտուտը (1935) և դրան կից երկրբանական թանգարանը (1937), որոնք որոշիչ դեր են ունեցել կադրերի պատրաստման, գիտական և արտադրական աշխատանքների կազմակերպման ու ծավալման գործում։

Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) ավարտից հետո սկսվել է երկրաբանական ծառայության զարգացման նոր փուլ։ Հիմնադրվել են ԵՊԻ (այժմ՝ ԵՊՃՀ) լ-մետալուրգիական ֆակուլտետը (1949), գունավոր մետալուրգիայի վարչությունը (1957), Լեռնամետալուրգիական Գիտահետազոտական ինստիտուտն (1963), Արտադրական երկրաբանահետախուզական տրեստը (1965) և այլն։ Դրանց շնորհիվ հիմնականում տեղական մասնագետների ուժերով ստացվել են կարևոր արդյունքներ հիմնարար ու կիրառական գիտությունների տարբեր բնագավառներում, հայտնաբերվել, հետախուզվել և շահագործվել են մի շարք մետաղ, ու ոչ մետաղ, օգտակար հանածոների հանքավայրեր։ Հրատարակվել է «Հայկական Խորհրդային Սովետական Հանրապետության երկրաբանությունը» (ռուսական, 1962-1974) աշխատությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։