Եվրատոմի հիմնադիր պայմանագիրը կնքվել է 1957 թվականին, ուժի մեջ մտել 1958 թվականին հունվարի 1-ից։ Ըստ այդ պայմանագրի, Եվրատոմի խնդիրը ատոմային արդյունաբերության զարգացումն է, ընդ որում անդամ երկրների համատեղ հետազոտական աշխատանքները, տեխնիկական ինֆորմացիայի փոխանակումը, հումքի ընդհանուր բազայի ստեղծումը, ճեղքվող նյութերի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը։ 1975 թվականին եվրատոմի երկրներում գործում էր շուրջ 300 օբյեկտ, այդ թվում ուրանի 20 հանք և միջուկային վառելանյութի արտադրության 5 գործարան, տարրերի 14 ձեռնարկություն, մոտ 150 ռեակտոր։ 1975 թվականին ատոմայինէլեկտրակայանների էներգետիկ հզորությունը կազմել է մոտ 17 միլիոն կվտ։
Եվրատոմի բարձրագույն մարմինը խորհուրդն է, գործադիրը՝ հանձնաժողովը, որին առընթեր գործում են գիտատեխնիկական կոմիտեն և գործակալությունը։ Եվրատոմը ունի դատարան, տնտեսական և սոցիալական կոմիտե՝ օժտված կոնսուլտատիվ ֆունկցիաներով։ Եվրատոմի հիմնական մարմինները գտնվում են Բրյուսելում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 528)։