Եսայի Ջանփոլադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանփոլադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եսայի Բաբայի Ջանփոլադյան
Դիմանկար
Ծնվել էՀուլիսի 30, 1859
ԾննդավայրՓարչի (Պորշարուր), Հայաստան
Մահացել է1918
Մասնագիտությունհասարակական գործիչ

Եսայի Բաբայի Ջանփոլադյան (1859 - 1918), հայ բարերար, հասարակական գործիչ և առևտրական։

Կյանքն ու գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1859 թ. հուլիսի 30-ին Շարուր-Դարալագյազ գավառի Փարչի (Պորշարուր) գյուղում։ 1879 թ. ավարտել է Նախիջևանի գավառային ուսումնարանը և նույն թվականից բնակության հաստատել Երևանում։ Դեռևս 1870 թ. Եսայու հայրը՝ Բաբայը ձեռք է բերել Դարալագյազի աղի հանքերը և առևտրական գործունեություն ծավալ։

1897 թ. Եսայի Ջանփոլադյանը տեղափոխվել է Հայաստան և նույնպես սկսել զբաղվել առևտրական և հանքային գործունեությամբ։ Երևանում ստացել է առաջին գիլդիայի վաճառականի կոչումը։ Պատմաբան Թադևոս Հակոբյանն իր «Երևանի պատմությունը» բազմահատոր գրքում նշում է. «Եսայի Ջանփոլադյանի տարեկան եկամուտը կազմել է 12.000 ռուբլի, իսկ եկամուտը ունեցվածքի արժեքի 20%-ն էր։ Եսայի Ջանփոլադյանը հիմնականում առևտուր է արել Պարսկաստանի հետ։ 1900 թ., երբ պարսից շահը եկել է Երևան, շահի հատուկ հրամանագրով պարգևատրել է Ջանփոլադյանին «Առյուծ և Արև» շքանշանով՝ առևտրային բարձրակարգ գործունեության համար»[1]։

Իբրև քաղաքական և մշակութային գործիչ՝ Ջանփոլադյանը մեծապես նպաստել է Երևանի զարգացմանը։ Նույն աշխատությունում Թադևոս Հակոբյանը գրում է. «Ձիաքարշի շինարարության հարցը օրակարգի մեջ է դրվում 1890-ական թվականներին։ Քաղաքյին վարչությունը մի քանի թերթերում ազդարարում է այդ ձեռնարկման մասին։ 1897 թ. մայիսի 29-ին Ջանփոլադյանը դիմում է քաղաքային վարչությանը՝ հայտնելով, որ պատրաստ է ստանձնել Աստաֆյան փողոցում ձիաքարշ անցկացնելու գործը։ Ըստ պայմանագրի՝ նա պարտավորվում էր ձիագարշի 1-2 գիծ անցկացնել՝ մոտ 4-6 մ երկարությամբ։ Այն պետք է ձգվեր Աստաֆյանից մինչև Մանթաշ։ Ջանփոլադյանի առաջարկը չընդունվեց, սակայն ձիակառքն անցկացվեց»[1]։

1903 թ. Ջանփոլադյանը գնել է Երևանի առաջին պետական գավառական ուսումնարանի շենքը, իսկ 1906-1907 թթ. Է. Տեր-Գրիգորյանի ջանքերով այն վերակառուցվել է՝ դառնալով թատրոնի ու կինոյի շենք։ «Իլյուզիոն» կինոթատրոնը, որն առավել հայտնի էր երևանցիներին Ջանփոլադյանի թատրոն անվամբ, բացվեց 1907 թ. փետրվարի 20-ին։ Այստեղ ելույթ է ունեցել Կոմիտասը՝ իր «Գուսան» երգչախմբով։ Հյուրախաղերի էին գալիս բազմաթիվ թատերական խմբեր Թբիլիսիից, Բաքվից, Ռուսաստանից և Ուկրաինայից։ 1913 թվականին Երևանում այստեղ առաջին անգամ բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ կոմպոզիտորի մասնակցությամբ։ Թատրոնում խաղացել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը, Ժասմենը, Մարի Զաբելը, Հովհաննես Զարիֆյանը, Արամ Վրույրը և այլք։

Եսայի Ջանփոլադյանը զբաղվել է նաև բարեգործությամբ։ Նա գումար է հատկացրել հին եկեղեցիների վերանորոգմանը (Սուրբ Խաչ եկեղեցի), հովանավորել է դպրոցներ և հիմնադրամներ, թոշակ հատկացրել կարիքավոր աշակերտներին, աջակցել է «Նոր մամուլ» պարբերականի և «Կռան» գրակական-հասարակական ամսագրի հրատարակությանը։ Ակտիվ է եղել նաև քաղաքական կյանքում։ 1915-1916 թթ. ընտրվել է համահայկական առաջին համագումարի պատգամավոր և Սանկտ Պետերբուրգում մասնակցել դրա աշխատանքներին։ Համագումարի հիմնական խնդիրներից էր գաղթական հայերի համար օգնություն կազմակերպելը։ Վերադառնալով Հայաստան՝ Էջմիածնում հանդիպել է Եղեռնից փրկվածների հետ, իր հնարավորությունների սահմաններում ապահովել նրանց բնակարանով և աշխատանքով։ Գաղթականներից մի քանիսին էլ բնակեցրել է իր տանը։ Մահացել է 1918 թվականին՝ 59 տարեկան հասակում՝ բծավոր տիֆից։

Տոհմի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանփոլադյանների տոհմը սերում է Սալմաստ գավառի Դիլման գյուղից։ Տոհմի հիմնադիրներից մեկը՝ Հովհաննես Մանուկյանը, ֆիզիկական մեծ ուժի տեր մարդ էր, ում գերբնական հնարավորություններով ժամանակին հիացել է խանը և նշանակել նրան զորապետ։ Խանը հաճախ կրկնում էր, որ Հովհաննես Մանուկյանի «ջանը փոլադ է» (մարմինը պողպատից է)։ Հետագայում Հովհաննեսը փոխում է իր ազգանունը և դարձնում Ջանփոլադյան։ Խանը, սակայն, բռնի կերպով տանում է նրա աղջկան հարեմ։ 1878 թվականին՝ Ռուս-թուրքական պատերազմից հետո Հովհաննեսի ընտանիքը տեղափոխվում է Արևելյան Հայաստան և հաստատվում Դարալագյազի Սոյլան գյուղում։ Հովհաննեսի որդին՝ Մանուկը Դարալագյազում պատահաբար հայտնաբերում է հանքեր և դրանք դառնում են Ջանփոլադյանների հարստության սկիզբը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]