Առանցքային արմատով, մեղրատու, նաև աճեցվող բազմամյա կիսաթուփ բույս է։ 90-120 սմ բարձրությամբ ուղիղ, հաստ, քառանիստ ցողունները թավոտ են։ Ստորին մակերեսի վրա ցայտուն երևացող կնճռոտ ջղերով հակադիր, կոթունավոր տերևները ձվաձև են։ Ողկույզանման ծաղկաբույլեր առաջացնող կարճ ծաղկակոթերով, երկշուրթ ծաղիկներն տերևանութներում դասավորված են օղակաձև։ Ծաղկակոթերն ու բաժակը ծածկված են բազմաբջիջ գեղձային մազիկներով։ Ծաղկակից, թաղանթային, վարդագույն տերևները ձվաձև են։ Խողովակ ունեցող պսակը երկնագույն-վարդագույն է։ Երկշուրթ պսակի վերին շուրթը սաղավարտաձև է, ստորինը՝ եռաբլթակ, լայն միջին բլթակով և երկարավուն կողքային բլթակովներով։ Պտուղները հարթ, գորշ շագանակագույն, մանր, էլիպսաձև ընկուզիկներ են[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը։ Արմատներում կուտակվում են հակաուռուցքային ակտիվություն ունեցող կումարիններ։ Եղեսպակի թարմ կամ չոր տերևները և ծաղկաբույլերն օգտագործում են որպես համեմունք հրուշակեղենի որոշ տեսակներ պատրաստելու համար, օծանելիքի արտադրության մեջ, օղու և լիկյուրների, ինչպես նաև հաճելի հոտով քաղցր ըմպելիքներ պատրաստելիս[1]։