Դյունա (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դյունա
Dune
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտաֆանտաստիկ վեպ, soft science fiction?, դյուցազներգություն, քաղաքական թրիլեր, հոգեբանական թրիլեր, կոնսպիրատիվ գրականություն, արկածային գրականություն և վեպ-թրիլլեր
ՀեղինակՖրենկ Հերբերտ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Բնագիր լեզուամերիկյան անգլերեն
Հրատարակությունդեկտեմբերի 1, 1965
ՆախորդDune: House Corrino?
ՀաջորդԴյունայի մեսիան
Dune universe

«Դյունա» (անգլ.՝ Dune), ամերիկացի գրող Ֆրենկ Հերբերտի գիտաֆանտաստիկ վեպը։ Առաջին անգամ հատվածներով հրատարակվել է 1963-1965 թվականներին «Analog Science Fiction and Fact» ամսագրում, իսկ որպես առանձին գիրք՝ 1965 թվականին։ Հերբերտին մեծ ճանաչում բերած գիրքն արժանացել է Նեբյուլա[1] և Հյուգո մրցանակների[2]: «Դյունա»-ն 20-րդ դարի ամենահայտնի գիտաֆանտաստիկ վեպերից է[3][4]:

Վեպի իրադարձությունները ծավալվում են հեռավոր ապագայի գալակտիկայում՝ միջաստղային կայսրության տիրապետության տակ, որտեղ ավատատիրական գերդաստանները տիրում են ամբողջական մոլորակների: «Դյունա»-ն պատմում է երիտասարդ ազնվական Պոլ Ատրեյդեսի մասին, ում ընտանիքը ստացել է Արրակիս մոլորակի ղեկավարումը: Արրակիսի անապատներում յուրահատուկ «համեմունք» են գտնում, որն անհրաժեշտ է տիեզերական թռիչքների համար: Ռազմական հեղաշրջումից հետո Պոլը ստիպված թաքնվում է անապատի բնակիչների` ֆրեմենների մոտ, և արդյունքում նրանց մղում սուրբ պատերազմի` ընդդեմ կայսրության[5]:

«Դյունա»-ն իր մեջ ամփոփում է գիտաֆանտաստիկ և փիլիսոփայական վեպի տարրերը։ Դրանում օգտագործվում են 1960-ականների ամերիկյան ֆանտաստիկ գրականության համար էկզոտիկ մերձավորարևելյան` արաբական և իրանական անուններ և կերպարներ, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել բազմաշերտ պատմություն, որը շոշափում է քաղաքականության, կրոնի, տեխնոլոգիաների և էկոլոգիայի թեմաները:

Հետագա տարիներին Հերբերտը գրել է վեպի շարունակությունը` շարք, որը հայտնի է «Դյունայի ժամանակագրությունը» անվամբ: Հերբերտի մահից հետո նրա որդին` Բրայան Հերբերտը, և գրող Քևին Անդերսոնը հրատարակեցին ևս մի քանի վեպ, որոնց գործողությունները տեղի էին ունենում նույն տիեզերքում: Վեպն ընկած է մի շարք ֆիլմերի, այդ թվում՝ Դեյվիդ Լինչի «Դյունա» ֆիլմի (1984), համակարգչային և սեղանի խաղերի հիմքում: Ինչպես վեպը, այնպես էլ նրա փոխակերպումները մեծ ազդեցություն ունեցան զանգվածային մշակույթի վրա՝ ոգեշնչման աղբյուր դառնալով մի շարք այլ ստեղծագործությունների համար, մասնավորապես՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմի[6]:

2009 թվականից աշխարհագրական մտացածին անվանումներն ու վեպի հերոսների անուններն օգտագործվում են աստղագետների կողմից` Տիտանի մակերևույթին գտնվող օբյեկտներն անվանելու համար[7][8][9]:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրեգոն-Դյունս ազգային հանգստյան գոտի Ֆլորենսի մոտակայքում, Օրեգոն նահանգ, Օրեգոն-Դյունսի ավազները ոգեշնչել են Հերբերտին` ստեղծելու «Դյունա»-ն

«Վիշապը ծովում» վեպը հրատարակելուց հետո՝ 1957 թվականին, Հերբերտը այցելեց Օրեգոն նահանգի Ֆլորենս քաղաք, որտեղ ԱՄՆ գյուղդեպարտամենտը գիտափորձ էր անցկացնում՝ փորձելով հատուկ բույսերի միջոցով վերահսկել ավազաբլուրների տեղաշարժը [10]։

Ավազաբլուրների մասին Հերբերտի՝ «Նրանք կանգնեցրին շարժվող ավազները» վերնագրով հոդվածը ավարտված չէր և հրատարակվեց միայն տասնամյակներ անց «Ճանապարհներ դեպի Դյունա» գրքում), սակայն այդ հետազոտությունը Հերբերտի մեջ հետաքրքրություն առաջացրեց դեպի էկոլոգիան[11]:

Հաջորդ հինգ տարին Հերբերտն անցկացրեց հետազոտություններ անելով, ստեղծագործելով և առկա նյութերը վերամշակելով, ինչը, ի վերջո, հանգեցրեց «Դյունա» վեպի ստեղծմանը, որը 1963-1965 թվականներին հատվածաբար հրատարակվեց «Analog Science Fiction» ամսագրում և երկու կարճ ստեղծագործությունների տեսքով՝ «Դյունայի աշխարհը» և «Դյունայի գուշակը»:

«Դյունա»-յի աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները ծավալվում են հեռավոր ապագայում մարդկության գալակտիկական կայսրությունում: Նկարագրված ժամանակաշրջանի մարդիկ հրաժարվել են մտածող տեխնիկայից, ռոբոտներից, համակարգիչներից և շեշտը դրել են իրենց մտավոր և էքստրասենսորային ունակությունների զարգացման վրա: Երկիրը, մեր ժամանակների կրոնները և ազգությունները մնացել են գրեթե մոռացված անցյալում:

«Դյունա»-յի աշխարհը միապետական արիստոկրատական կայսրություն է, որը տիրապետում է ողջ հայտնի Տիեզերքին, որտեղ Բարձր Տները ղեկավարում են ամբողջ մոլորակներ: Միջաստղային փոխադրումների միապետը Տիեզերական գիլդիան է: Նրա գիլդ-նավիգատորները` մուտանտները, կարողանում են հատուկ նյութերի` մելանժների օգնությամբ (հայտնի է նաև որպես սփայս կամ համեմունք), առանց համակարգիչների կիրառման կառավարել տիեզերանավերը խիտ տարածության միջով: Այդ իսկ պատճառով մելանժը համարվում է այդ Տիեզերքի ամենաթանկարժեք նյութը: Այն հայտնի է նաև իր ծերախտաբուժական հատկություններով, որը դանդաղեցնում է ծերացումը: Մելանժի տևական օգտագործումը աչքերի սպիտակուցները և ծիածանաթաղանթը դարձնում է կապույտ, այդ է պատճառը, որ ֆրեմենների, գիլդ-նավիգատորների և շատ Բենե Հեսսերիտների աչքերը կապույտ են` «իբադի աչքեր»:

Արրակիս մոլորակը, որը հայտնի է նաև Դյունա անվամբ, համարվում է մելանժի միակ աղբյուրը: Դյունան հայտնի է նաև իր հսկայական ավազային որդերով, որոնք բնակվում են անապատում: Նրանք առեղծվածային կերպով կապված են մելանժի առկայության հետ: Արրակիսի բնակիչները, քաղաքացիները և ֆրեմենները գոյատևում են մոլորակի շոգ և չոր կլիմայի պայմաններում ջրի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքի շնորհիվ. նրանք հավաքում և վերամշակում են իրենց մարմնի բոլոր արտաթորանքները, իսկ ֆրեմենները նախքան մահացած մարդկանց թաղելը նրանց մարմիններից առանձնացնում են ջուրը՝ հետագա օգտագործման համար: Դյունայում ջուրը ամենամեծ արժեքն է և նույնիսկ ավելի թանկ արժե, քան մելանժը մնացած գալակտիկայում[12]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը սկսվում է հետևյալ կերպ. Դյունա մոլորակի ղեկավարումը Շադդամ 4-րդ կայսեր կամքով Հարկոննենների տան միապետությունից անցնում է նրանց վաղեմի թշնամիներին` Ատրեյդես տանը։ Դուքս Լետո Ատրեյդեսը ընդունում է մոլորակը, որը վնասներ էր կրել Հարկոննենների բռնապետությունից, ուներ աղքատ բնակչություն, որի գլխավոր արժեքը ջուրն էր: Լետոն Դյունայի բնակիչներին խոստանում է նրանց մոլորակը վերածել դրախտի:

Միևնույն ժամանակ Վլադիմիր Հարկոննենը չի ուզում հրաժարվել այն առավելություններից, որը տալիս է Դյունայի ղեկավարումը, և երկու տան միջև թշնամանքը նոր թափ է ստանում։ Դուքսի որդին՝ Պոլը, տեղեկանում է, որ օրիորդ Ջեսսիկան նախավերջին օղակն էր Կվիսաց Հադերահի հայտնվելու ճանապարհին։ Դա գենետիկական գիտափորձի վերջնական արդյունքն էր, որի միջոցով հնարավոր էր վերականգնել նախնիների հիշողությունը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց գծով։ Միաբանության կանայք ընդունակ էին ամբողջովին կառավարել իրենց ֆիզիոլոգիական գործընթացները։ Այդ պատճառով նա պետք է աղջիկ ունենար դուքս Լետո Ատրեյդեսից, ինչը նույնպես Բենե Գեսսերիտի գենետիկական ծրագրի արդյունքն էր: Սակայն դուքս Լետոյի հանդեպ տածած սիրո արդյունքում Ջեսսիկան նրա համար որդի ունեցավ՝ Պոլը, ով և դարձավ Կվիսաց Հադերահ` Բեննե Գեսսերիտի ուժը կրող առաջին տղամարդը։

Պոլն ընդունում է «Մուադ Դիբ» անունը և դառնում իսկական ֆրեմեն. նա սովորում է շարժվել ավազե որդերի վրա և գտնում է իր սերը` երիտասարդ ֆրեմենուհի Չանիին: Ֆրեմենները ընդունում են Պոլին՝ որպես առաջնորդ, որը նախագուշակված էր մահդիում: Մուադ Դիբը չէր ցանկանում առաջնորդել անապատի ջիհադ ցեղը, բայց նախագուշակությունը նրանից ազդեցիկ էր: Ծնվում է Ջեսսիկայի դուստրը՝ Պոլի քույրը՝ Ալիան, ով աչքի էր ընկնում ոչ սովորական ընդունակություններով։

Հարկոննեններն այդ ժամանակ իրենց ձեռքն են վերցնում երկրի ղեկավարումը, և կայսրի թողտվության պայմաններում ֆրեմեններին աքսորում են իրենց հողերից: Բարոն Հարկոննենը երկրի նահանգապետ է նշանակում հիմար և դաժան Ռաբբանին՝ հուսալով, որ նրա վայրագությունները նրա դեմ կհանեն տեղաբնիկներին: Բարոնի նոր ինտրիգի զենքը դառնում է նրա ազգական Ֆեյդ-Ռաուտան: Երբ նա կփոխարինի ատելի Ռաբբանին, Արրակիսի ժողովուրդները նրան կաստավածացնեն: Բարոնը և նրա ազգականը, արբած իշխանությունից, արդեն լրջորեն մտածում են կայսրին տապալելու մասին:

Մուադ Դիբը գլխավորում է անապատի մարդկանց ապստամբությունը Հարկոննենների դեմ։ Ատրեյդեսի նախկին ծառաները ևս նրան առաջնորդ և ցեղերի ղեկավար են ճանաչում: Պոլը նրանց պատերազմ է տանում` ավազային որդեր հեծած: Ֆրեմենների հարվածից Հարկոննենների տունն անհետանում է։ Մուադ Դիբը դառնում է Արրակիսի ամենազորեղ տիրակալը: Կառավարող Կորրինո տունը և Տիեզերական գիլդիան ստիպված ընդունում են նրա պայմանները. նրանք Պոլին կայսր են ճանաչում, իսկ Արրակիսը` նոր մայրաքաղաք, այլապես Պոլը սպառնում էր ոչնչացնել մելանժի աղբյուրը՝ ավազե որդերին: Իր հավակնություններն արդարացնելու համար Պոլը ստիպված էր հրաժարվել Չանիի հետ ամուսնությունից և համաձայնել դինաստիական ամուսնության Շադդամ 4-րդի աղջկա` արքայադուստր Իրուլանի հետ:

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատրեյդեսների տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լետո Ատրեյդես - Ատրեյդեսների տան կառավարող դուքս, Պոլի հայրը
  • Օրիորդ Ջեսսիկա - Բենե Գեսսերիտի աշակերտուհին և դուքս Լետոյի հարճը, Պոլի և Ալիայի մայրը
  • Պոլ Ատրեյդես - վեպի գլխավոր հերոսը, Ատրեյդեսների տան ժառանգը, հետագայում՝ Մուադ Դիբ՝ ֆրեմենների առաջնորդը
  • Ալիա Ատրեյդես - Պոլի երիտասարդ քույրը
  • Հուրնի Հալլեկ - մարտիկ-գուսան, Ատրեյդեսների տան հավատարիմը, լայն կապեր ուներ մաքսանենգների հետ
  • Դունկան Այդահո - Ատրեյդեսների տան զինակիրը, Պոլի մարզիչը, սպանվել է սարդաուկարների հարձակման ժամանակ
  • Սուֆիր Հավատ - մենտատ և վարպետ-մարդասպան, երեք սերունդների ընթացքում ծառայել է Ատրեյդեսների տանը
  • Վելլինգթոն Յուէ - ոստերի դպրոցի պրոֆեսոր, ում Հարկոննենները ստիպում էին ծառայել որպես կրկնակի լրտես

Հարկոննենների տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Հարկոննեն - Հարկոննենների տան ղեկավարող բարոնը
  • Ֆեյդ-Ռաուտա Հարկոննեն - Հարկոննենների տան նա-բարոնը
  • Ռաբբան Հարկոննեն - Արրակիսի ժամանակավոր կառավարիչը
  • Պիտեր դե Ֆրիզ - Հարկոննենների տան «մոլորյալ» մենտանտը

Կորրինոների տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շադդամ Կորրինո 4-րդ - հայտնի Տիեզերքի տիրակալը
  • Իրուլան Կորրինո - Շադդամ 4-րդի ավագ աղջիկը, ով կնության էր տրվել Պոլին՝ կայսրի աստիճան ձեռք բերելու նպատակով, հետագայում դարձել է նրա կենսագիրը
  • Պադիշախ - Կայսր Էլրուդ 9-րդ՝ Շադդամ Կորրինո 4-րդի հայրը

Ֆրեմեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիետ Կայանս (այլ թարգմանություններում՝ Լիետ-Կինես) - Դյունայի կայսերական մոլորակագետը, ով դարձել է ֆրեմենների գաղտնի առաջնորդը
  • Չանի - ֆրեմենուհի, Լիետ Կայանսի աղջիկը, Մուադ Դիբի ընտրյալը
  • Ստիլգար - ֆրեմենների առաջնորդը, Մուադ Դիբի ընկերը և մերձավորը, ով նրան շատ բան է սովորեցրել

Այլ կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գայուս-Հելեն Մոհիամ - Բենե Գեսսերիտի միաբանության սուրբ մայրը
  • Հասիմիր Ֆենրինգ - կոմս, կայսրի մոտիկ ընկերը, հատուկ հանձնարարությունների դեսպան

Ռուսերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում վեպն առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին (Երևանում) առանց թարգմանողին հիշատակելու։ Գրքի շապիկի գույնի պատճառով այս շարքի երկրպագուների շրջանում այն հայտնի է որպես «Մորեգույն «Դյունա»»[13]։

1992-1994 թվականներին հրատարակվել են Սոկոլովի, Նովովի և Բիրգերի երեք թարգմանությունները, իսկ 1999 թվականին՝ Պավել Վյազնիկովի թարգմանությունը[14]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դյունա» - Ալեխանդրո Խոդորովսկու ծրագիրը, որը պատրաստ է եղել 1975 թվականին՝ նկարահանման հնգամյա նախապատրաստական աշխատանքներից հետո[15][16]
  • «Դյունա» - Դեյվիդ Լինչի ֆիլմը (1984)
  • «Ֆրենկ Հերբերտի Դյունան» - «Sci Fi Channel» ալիքի մինի-սերիալը (2000)
  • «Դյունա» - համակարգչային խաղ (1992)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «1965 Nebula Awards»։ NebulaAwards.com։ Արխիվացված է օրիգինալից December 17, 2005-ին։ Վերցված է March 17, 2010 
  2. «The Hugo Awards: 1966»։ TheHugoAwards.org։ World Science Fiction Society։ Վերցված է March 8, 2011 
  3. Touponce William F. (1988)։ «Herbert's Reputation»։ Frank Herbert։ Boston, Massachusetts: Twayne Publishers imprint, G. K. Hall & Co։ էջ 119։ ISBN 0-8057-7514-5 
  4. «SCI FI Channel Auction to Benefit Reading Is Fundamental»։ PNNonline.org (Internet Archive)։ March 18, 2003 
  5. Herbert, Frank (February 3, 1969). "Interview with Dr. Willis E. McNelly". Sinanvural.com. Retrieved January 26, 2010
  6. «Official Dune website: Novels»։ DuneNovels.com։ Վերցված է January 26, 2010 
  7. Blue Jennifer (August 4, 2009)։ «USGS Astrogeology Hot Topics: New Name, Descriptor Term, and Theme Approved for Use on Titan»։ Astrogeology.usgs.gov։ Վերցված է September 8, 2010 
  8. «Gazetteer of Planetary Nomenclature: Titan Planitiae»։ Planetarynames.wr.usgs.gov։ Վերցված է January 3, 2015 
  9. «Gazetteer of Planetary Nomenclature: Titan Labyrinthi»։ Planetarynames.wr.usgs.gov։ Վերցված է January 3, 2015 
  10. Հարցազրույց Ֆրենկ Հերբերտի հետ 1969 թվականի փետրվարի 3-ին Лаборатория фантастики կայքում
  11. The Road to Dune (2005), p. 264, letter by Frank Herbert to his agent Lurton Blassingame outlining "They Stopped the Moving Sands."
  12. Քևին Անդերսոն, Ֆրենկ Հերբերտ, Բրայան Հերբերտ «Ճանապարհ դեպի Դյունա»
  13. Информация о «Малиновой „Дюне“» в Лаборатории Фантастики
  14. Вязников П. Его звали Пауль (заметки переводчика)
  15. Д. Воронов, А. Натаров. Миры. «Дюна» Фрэнка Герберта. Экранизации // Мир фантастики. — №8, апрель 2004.
  16. М. Попов. Киношедевры. «Дюна» // Мир фантастики. — №19, март 2005.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Clute, John; Nicholls, Peter (1995). The Encyclopedia of Science Fiction. New York: St. Martin's Press. p. 1386. ISBN 0-312-13486-X.
  • Clute, John; Nicholls, Peter (1995). The Multimedia Encyclopedia of Science Fiction (CD-ROM). Danbury, CT: Grolier. ISBN 0-7172-3999-3.
  • Nicholls, Peter (1979). The Encyclopedia of Science Fiction. St Albans, Herts, UK: Granada Publishing Ltd. p. 672. ISBN 0-586-05380-8.
  • Jakubowski, Maxim; Edwards, Malcolm (1983). The Complete Book of Science Fiction and Fantasy Lists. St Albans, Herts, UK: Granada Publishing Ltd. p. 350. ISBN 0-586-05678-5.
  • Pringle, David (1990). The Ultimate Guide to Science Fiction. London: Grafton Books Ltd. p. 407. ISBN 0-246-13635-9.
  • Tuck, Donald H. (1974). The Encyclopedia of Science Fiction and Fantasy. Chicago: Advent. p. 136. ISBN 0-911682-20-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]