Jump to content

Դինաստիական շրջան (Հին Եգիպտոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դինաստիական շրջանը ընդգրկել է մ.թ.ա. XXVIII-XXIII դարերը այս շրջանում փարավոնը համարվում էր աստվածների և բոլոր մարդկանց տիրակալը։ Դինաստիական ժամանակաշրջանը ընդունված է բաժանել 8 շրջանի՝

  1. Վաղ թագավորություն (I-II դինաստիաներ)-մ.թ.ա. 3120-2778 թվականներ
  2. Հին թագավորություն (III-VI դինաստիաներ)-մ.թ.ա. 2778-2263 թվականներ
  3. Առաջին անցումային ժամանակաշրջան (VII-X դինաստիաներ)-մ.թ.ա. 2263-2070 թվականներ
  4. Միջին թագավորություն (XI-XII դինաստիաներ)-մ.թ.ա. 2160-1785 թվականներ
  5. Երկրորդ անցումային շրջան (XIII-XVII դինաստիաներ)-մ.թ.ա. 1785-1580 թվականներ
  6. Նոր թագավորություն (XVII-XX դինաստիաներ)-մ.թ.ա. 1580-1075 թվականներ
  7. Երրորդ անցումային շրջան (XXI-XXVI դինաստիաներ)-մ.թ.ա. 1075-656 թվականներ
  8. Ուշ թագավորություն (XXVII-XXXX դինաստիաներ)-մ.թ.ա. 656-332 թվականներ մինչև Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Եգիպտոսի գրավումը։

Վաղ թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին դինաստիական շրջանն է Եգիպտոսում, այս շրջանում կառավարել են I և II դինաստիաների ներկայացուցիչները։ Ընդգրկել է մ. թ. ա. 3120-2649 թվականները։

Առաջին երկու դինաստիաների ներկայացուցիչ փարավոնները ներկայացնում էին Վերին Եգիպտոսը, այս կարծիքի հիմնավորում եգիպտագետները համարում են այս ժամանակաշրջանի գերեզմաններում գտնված Օսիրիս աստծո մասին վկայություններ, Օսիրիսը համարվում է վերինեգիպտական գլխավոր աստվածությունը։ Վաղ եգիպտական թագավորության առաջին փարավոնները համարվող-Ջերան, Սեմերհետան, Կան և ուրիշները։ Վաղ թագավորության վերջում մոտ մ.թ.ա. 2850 թվականին Սենեֆերկան։

Պետության ձեռքում էր գտնվում Նեղոսի հովիտը և նրա ամբողջ եկամուտները, այս ժամանակաշրջանում Եգիպտոսի կառավարությունն արդեն ուներ կանոնավոր բանակ։ Այս շրջանում նաև մեծ զարգացում ապրեց եգիպտական գիրը։ Գնալով գրագիրները մեծ տեղ էին սկսում զբաղեցնել եգիպտակն կառավարության կյանքում։ Սկսած առաջին դինաստիայից Եգիպտոսում մեծ զարգացում ապրեցին ձեռագրերը։

Գրագրությունը կատարվում էր տարիներով ամիսներով և օրերով։ Տարիները անվանվում էին տվյալ տարվա հատկանշական իրադարձությամբ։ Եգիպտոսի վաղ թագավորության մեջ արդեն ձևավորվել էր բազմաստվածությունը։

Քաղաքացիական իրեր և եգիպտական տաճարների ձևերը գրեթե չեն պահպանվել։ Վաղեգիպտական տաճարները, հավանաբար, ունեցել են փոքր չափեր և տեղակայված են եղել քաղաքներում։

Հիմնական իրադարձությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մոտ մ. թ. ա. 3120 թվականին սկսվեց Եգիպտոսի դինաստիական շրջանը, առաջին թագավորը հետագայում՝ փարավոն, հայտնի է Մանեֆոն ինչպես նաև Մենես (Մինան համաձայն հին գրվածքների, Վերին Եգիպտոսի Նարմեր Խոր-Ահա) միավորեց Վերին և Ներքին եգիպտական թագավորությունները, սա է խորհրդանշում սպիտակ-կարմիր գույներով զարդարված թագը, ինչը խորհրդանշում է միացյալ թագավորությունները։ Միավորված պետության մայրաքաղաքը դարձավ Ներքին և Վերին Եգիպտոսների սահմանագլխին գտնվող Մեմֆիսը։ Տիրակալների հետ կառուցվեց դամբարան Թինա քաղաքի մոտակայքում։ Մենեսի մահից հետո կառավարեցին ևս 7 կամ 8 փարավոններ։
  • Մոտ մ. թ. ա. 2900 թվականին առաջին արշավանքները տեղի ունեցան դեպի Նուբիայի հյուսիս։ Եգիպտոսի պայքարը բեդուինների դեմ, որոնք տիրում էին ամբողջ Սինա թերակղզուն և գտնվում էին պետական միավորում ստեղծելու շեմին։
  • Մոտ մ. թ. ա. 2800-ական թվականներին եգիպտացիները բարձր զարգացման են հասնում երկրաչափության և աստղագիտության մեջ։
  • Մոտ մ. թ. ա. 2725 թվականին սկսվում է ծովային առևտրի զարգացումը, սկզբում Լևանի հետ, դրանից հետո Պունտի հետ, որն այժմյան Սոմալին է։

Հին թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժամանակաշրջանում իշխում էին III և VI դինաստիաների ներկայացուցիչները։ Այդ ժամանակ Եգիպտոսը ձևավորվում էր իբրև հզոր և կենտրոնացված պետություն, արագ տեմպերով սկսվեց զարգանալ տնտեսությունը, քաղաքական համակարգը, ինչպես նաև մշակույթը։

Հին և վաղ թագավորությունների բաժանման թվականը կամ վաղդինաստիական շրջանը համարվում է սիմվոլիկ։ III դինաստիան ազգակցական կապ է ունեցել երկրորդ դինաստիայի հետ, իսկ Եգիպտոսի թագավորության մայրաքաղաքը շարունակեց մնալ Մեմֆիսը։ Բացի այդ լուրջ փոփոխություններ տեղի ունեցան ճարտարապետության մեջ, փոքր դամբարանների փոխարեն սկսեցին կառուցվել եգիպտական բուրգերը, որոնց կառուցման աշխատանքներին մասնակցում էին մեծ թվով հասարակ քաղաքացիներ։

Պետության կազմավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոսի սոցիալական սիստեմը իրենից մի բուրգ էր ներկայացնում, որի գլխին կանգնած էր փարավոնը, ով ուներ անսահամանափակ իշխանություն և համարվում էր աստված երկրի վրա։ Նա եղել է Եգիպտոսի ինքնակալ առաջնորդը, գլխավոր տիրակալը հողի և նրա վրա աճող ամեն ինչի։ Հին թագավորությունը հիմնված էր գյուղատնտեսության վրա։ Ներքին Եգիպտոսում մեծ տարածում ունեին գարու ցանքատարածությունները։ Ճահիճներում զարգանում էր թռչնորսությունը և ձկնորսությունը։ Լավ զարգացած էր հողագործությունը, հատկապես Ներքին Եգիպտոսի տարբեր քաղաքներում։ Նեղոսի հովտում մեծ տարածում էր ստացել ցորենի ցանքատարածությունները։

Արդեն Հին թագավորության շրջանում Եգիպտոսում մեծ տարածում էր գտել բանջարեղենի արտադրությունը։ Մեծ տեղ էր տրվում կտավատի և խաղողի արտադրությանը։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ զենքեր քարից և տարբեր մետաղներից պատրաստված։ Այս ժամանակաշրջանի մասին կա մի առասպել, ըստ որի, Եգիպտոսում արդեն կատարված է եղել երկաթի գյուտը, սակայն այն լայն կերպով չի օգտագործվել։

ժամանակ իրադարձություն
մ.թ.ա. մոտ 2707-2690 թվականներ Սանահտա փարավոնի կառավարումը, Հին թագավորության կազմավորումը։
մ.թ.ա. մոտ 2707-2150 թվականներ Եգիպտոսի հին թագավորությունը և նրա առաջին ծաղկման ժամանակահատվածը։ Արխայիկ ժամանակաշրջանի հարաբերությունները բնական տնտեսությունների հետ և «ստրկատիրական» իշխանությունը (ստրուկները շատ չէին հիմնականում ռազմագերիներ էին), կանոնավոր բանակը բացակայում էր։ Գերակշռում էին արևի աստված Ռաին պաշտողների թիվը։ Արևի պաշտամունքի վրա էր հիմնված IV դինաստիայի գաղափարախոսությունը, նրանք իրենց անվանում էին Ռաի որդի։ Արագ զարգացում ապրեց հանդերձյալ աշխարհի մասին պատկերացումները։ Ստեղծվում են հին եգիպտական բուրգերը և հնագույն տաճարները։ Սկսվում է եգիպտացիների ներթափանցումը Սինայի թերակղզի, Լիբիա, Փյունիկիա և Պաղեստին։
մ.թ.ա. մոտ 2690-2670 թվականներ Եգիպտոսի փարավոն Ջոսերայի կառավարումը - «Ոսկե դար» Եգիպտոսի հին թագավորության տարածքում։ Առաջին արևային օրացույցի ստեղծումը։ Բժիշկ, գիտնական, մոգ Իմհոտեպի գործունեությունը, ում պլանով էլ կառուցվեց առաջին վեցաստիճանյա բուրգը։
մ.թ.ա. մոտ 2670-2663 թվականներ Սեհեմհետա փարավոնի կառավարումը։
մ.թ.ա. մոտ 2663-2657 թվականներ Խաբա փարավոնի կառավարումը։
մ.թ.ա. մոտ 2657-2639 թվականներ Խունի փարավոնի կառավարումը։ Երրորդ դինաստիայի վերջին ներկայացուցիչը։
մ.թ.ա. 2613-2467 թվականներ IV դինաստիայի եգիպտական ներկայացուցիչները։ Խիստ կենտրոնաձիգ իշխանություն, ովքեր կառուցել են Գիզայի բուրգերը-առաջինը աշխարհի յոթ հրաշալիքներից։ Ռաի պաշտամունքի տարածումը, ով հայտարարվեց փարավոնների հայր, սա դարձավ պետական կրոն։
մ.թ.ա. մոտ 2613-2589 թվականներ Սնոֆրու փարավոնի կառավարումը։ Եգիպտոսի պետականության բարձրացում։ Դաշխուրի բուրգերի կառուցումը։
մ.թ.ա. մոտ 2595 թվականներ Եգիպտոսի փարավոն Սնոֆրուն կազմակերպեց առաջին արշավաքը Նուբիա, որտեղից ետ վերադարձավ մեծաթիվ գերիներով։
մ.թ.ա. 2589-2566 թվականներ Քեոփս փարավոնի կառավարումը։ Կառուցված է եղել Հեմիունի պլանով Մեծ բուրգը Գիզայում 146.6 մետր բարձրությամբ։
մ.թ.ա. մոտ 2566-2558 թվականներ Ջեդեֆրա փարավոնի կառավարումը։ Սկսվում է Աբու-Ռոաշ բուրգի կառուցումը։
մ.թ.ա. մոտ 2558-2532 թվականներ Եգիպտոսի փարավոն Խաֆրայի կառավարումը։ Կառուցեց Գիզայի մեծությամ երկրորդ բուրգը։ Կառուցվեց Մեծ Սֆինքսը։
մ.թ.ա. մոտ 2532-2503 թվականներ Միկերին փարավոնի կառավարումը։ Կառուցվեց երրորդ բուրգը Էլ-Գիզայում։
մ.թ.ա. մոտ 2503-2498 թվականներ Շեպսեսկաֆա փարավոնի կառավարումը։ IV դինաստիայի վերջին փարավոնը։
մ.թ.ա. մոտ 2494-2345 թվականներ V դինաստիայի սկիզբը։
մ.թ.ա. մոտ 2494-2487 թվականներ Ուսերկաֆա փարավոնի կառավարումը։ Ջոսերի բուրգի մոտ կառուցում է Սակարա բուրգը։
մ.թ.ա. մոտ 2487-2475 թվականներ Սախուրա փարավոնի կառավարումը։
մ.թ.ա. մոտ 2475-2465 թվականներ Նեֆերիրկարա Կակաի փարավոնի կառավարումը
մ.թ.ա. մոտ 2465-2460 թվականներ Շեպսեսկարա փարավոնի կառավարումը
մ.թ.ա. մոտ 2460-2458 թվականներ Նեֆերեֆրա փարավոնի կառավարումը
մ.թ.ա. 2458-2422 թվականներ Նիուսերա փարավոնի կառավարումը
մ.թ.ա. մոտ 2422-2414 թվականներ Մենկաուխորա փարավոնի կառավարումը
մ.թ.ա. մոտ 2414-2375 թվականներ Ջեդկարա Իսեսի փարավոնի կառավարումը
մ.թ.ա. մոտ 2335-2285 թվականներ Պեպի I փարավոնի կառավարումը։ Նուբիական վարձկանների օգնությամբ արշավանք կազմակերպեց Սիրիայի հարավ հասավ մինչև Կարմել լեռը։
մ.թ.ա մոտ 2300 թվական Եգիպտական կրոնական գրերի և հիերոգլիֆների ստեղծումը։
մ.թ.ա. մոտ 2285-2279 թվականներ Մերեներա I փարավոնի կառավարումը։
մ.թ.ա. մոտ 2278-2184 թվականներ Պեպի II փարավոնի կառավարումը, որը տևեց 94 տարի-ամենաերկար կառավարումը պատմության մեջ։
մ.թ.ա. մոտ 2184-2183 թվականներ Մերեներա II փարավոնի կառավարումը։
մ.թ.ա. 2152-2150 թվականներ Նիտոկրիս թագուհու կառավարումը-հին թագավորության վախճանը։

Հին թագավորությանը հաջորդեց առաջին անցումային ժամանակաշրջանը, իսկ հետո-միջին թագավորություն հաշվվում է մ.թ.ա. 2040 կամ մ.թ.ա. 1783 թվականներ։

Առաջին անցումային ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին թագավորության 500-ամյա հզորությունը մարեց։ Համաձայն Մանեթոնի, VII դինաստիայի ժամանակ կառավարողները ինչ-որ ժամանակահատված ինքնուրույնությունը կորցրել էին և Եգիպտոսի կառավարողները ընկան 70 մեմֆիսների ազդեցության ոլորտում համարվում է, որ դա տևել է ընդամենը 70 օր։ Սակայն IX և X դինաստիաների կառավարողները, որ կալվածքներ ուներ Հերակլեոպոլում, հաստատեցին կարգեր և կենտրոնացվածություն։ Նրանցից մեկը Խեթի IV-ը վռնդեց ասիացի եկվորներին, գրավելով Նեղոսի դելտայի մեծ մասը և վերահաստատեց առևտրական կապերը Սիրիայի հետ։ Փարավոնը, սակայն հաջողություններ ուներ միայն հյուսիսիում, իսկ հարավում տեղի էին ունենում այլ իրադարձություններ նրա իշխանությունը հասնում էր մինչև միջին Եգիպտոս։ Հերակլապոլական տիրակալները պատերազմներ էին մղում միմյանց դեմ, իսկ Խեթին պայքարում էր ապստամբած Թեբեի տիրակալների դեմ, հիմք դնելով XI դինաստիայի կառավարմանը, սա համարվում միջին թագավորության սկիզբը։

Խեթին իր վարած միավորման քաղաքականության մեջ հանդիպեց դիմադրության ի դեմս Թեբեր տիրակալների, սակայն նրան վիճակված չէր միավորել երկիրը։ Այս պայքարը ավարտվեց մ.թ.ա. XXI դարում Մենտուհոտելե II թագավորի ժամանակ, երբ վերջինս պարտության մատնեց Թեբեի տիրակալին և վերականգնեց Եգիպտոսի միավորումը։

Միջին թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին թագավորության սկիզբը ազդարարվեց մ.թ.ա. 2040 թվականին, երբ թեբեացի քուրմ Մենտուհոտեպ I-ը գրավեց իշխանությունը։ XI և XII դինաստիաների ներկայացուցիչները իրենց ձեռքում էին կենտրոնացրել երկրի մարդկային, տնտեսական ռեսուրսները և քաղաքական կառավարման ամբողջ համակարգը։ Նրանք վերականգնեցին Հին թագավորության իռիգացիոն համակարգը։ Այս քայլերի արդյունքում XII դինաստիայի ներկայացուցիչները (Ամենհոտեպներ-Սենուսերտներ), հատկապես Սենուսերտ III-ի կառավարման ընթացքում Եգիպտոսի իշխանությունը գնալով վերելք էր ապրում հենց նրա ժամանակ Եգիպտոսն սկսեց ընդլայնել տիրույթները՝ հիմնվելով հզոր բանակի և զարգացած տնտեսության վրա։ Հզոր բանակի ուժերն օգտագործելով տասներկուերորդ դինաստիան կարողացավ իրականացնել մի քանի նվաճողական գործողություններ։ Շարունակվեց Ֆայումի շինարարությունը ճահճուտների մոտակայքում, այն հուներին հայտնի էր լաբիրինթոս անվամբ։ Մեծ հաջողությունների հասան Նուբիայում, որտեղ բացվել էին ոսկու նոր հանքեր։ Արագացնելով գրավել Նուբիայի հյուսիսը, եգիպտացիները սկսեցին ճանապարհներ և բերդեր կառուցել։ Այս քայլերից հետո Նուբիան փաստացի վերածվեց եգիպտական նահանգի։ Եգիպտոսի իշխանությունը տարածվեց դեպի Միջերկրական ծովի հարավային շրջանները, այստեղից եգիպտացիները ստանում էին մեղր, ոսկի, արծաթ և այլ իրեր։ Տասներկուերորդ դինաստիայի կառավարման շրջանում Եգիպտոսը վերածվեց համաշխարհային մակարդակի հզորագույն պետության։ Հենց այս ժամանակաշրջանում Եգիպտոսում ձևավորվեց միջին խավը։

Մ.թ.ա. մոտ 1783 թվականին սոցիալական հակասությունները բերեցին ժողովրդական դժգոհության։ Մի փոքր ժամանակահատված իշխանությունն անցավ ժողովրդական ուժերին։ Երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությւոններից օգտվեցին եկվոր ցեղերից հիքսոսները։ Հիքսոսներին հաջողվեց օկուպացնել Նեղոսի ամբողջ դելտան, իսկ հետո իրենց իշխանության տակ կենտրոնացրեցի ամբողջ վերին Եգիպտոսը։ Միջին թագավորության ժամանակաշրջանը ավարվեց և սկսվեց հիքսոսների կառավարումը, որը պատմության մեջ հայտնի է Երկրորդ անցումային շրջան անվամբ։

Ճարտարապետությունը միջին թագավորության շրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով թեբեյան դինաստիայի կործանումից հետո թագավորական իշխանությունը ամրապնդելու նպատակով հետագա փարավոնները մայրաքաղաքը տեղափոխեցին Իտաուի (այժմ Լիշտ) նոր քաղաքը կառուցվեց Մեմֆիսից ոչ հեռու Հին թագավորության ժամանակ կառուցված բուրգերի հարևանությամբ։

Միջին թագավորության փարավոնները նույնպես կառուցել են բրգաձև դամբարաններ, սակայն դրա համար չեն օգտագործել շինարարների հազարանոց բանակներ, ինչպես հին թագավորության ժամանակ։ Որպեսզի հնարավոր լիներ կատարել իրենց առջև դրված խնդիրները, շինարարները սկսեցին օգտագործել տարբեր տիպի շինարարական մեթոդներ։ Այսպես Ամենհոտեպ I փարավոնի կառուցած բուրգի համր օգտագործվել է գիզեական քարեր։

Գերեզմանների շինարարությունը այս ժամանակահատվածում կառուցվել են բազմաթիվ գերեզմաններ։ Սակայն բուրգերի կառուցումը ահռելի ծախս էր պետության համար, այդ իսկ պատճառով Նոր թագավորության ժամանակ գրեթե վերացել էր բրգերի կառուցումը։

Նոր կառավարողները անընդհատ մտածում էին ինչպես իրենց դամբարանները դարձնեն ավելի ապահով, որպեսզի այն իրենց մահից հետո չթալանեն։ Այդ իսկ պատճառով նրանք իրենց դամբարանները սկսեցին կառուցել անապատում, Թեբեից ոչ հեռու։ Այժմ այդ վայրն հայտնի է Բիբան Էլ-Մոլուք անվամբ, որը արաբաերենից թարգմանաբար նշանակում է Թագավորների հովիտ։

Երկրորդ անցումային շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներեքերորդ դինաստիայի տապալումից հետո Եգիպտոսի կառավարումն կենտրոնացավ նոմերի[1] ձեռքում։ Հաջորդ համաեգիպտական XIV դիանաստիան տնօրինում էր միայն Դելտա միայն մի փոքր հատվածը, նրանց իշխանությունը տարածվում էր միայն Քսիոսի վրա։

Մ.թ.ա. մոտ 1675 թվականին Եգիպտոս են ներխուժում Հիքսոսները, XVII դարի կեսերին նրանք հզորանալով, սկսում են համագործակցել պաղեստինցիների և արաբների հետ, այսպիսով լուրջ հարվածի տակ դնելով Եգիպտոսը։ Նրանք գրավեցին Դելտան նրա արևելյան հատվածում հիմնադրեցին Ավարիս նահանգը։ Նրանց առավելությունը դա արևելյան ժողովուրդներին հատուկ հզոր այրուձին էր, որի շնորհիվ էլ նրանք պարտության մատնեցին եգիպտացիներին[2]։

Հիքսոսների առաջնորդները կրում էին եգիպտական փարավոնի տիտղոսը (XV-XVI դինաստիաներ)։ Սակայն նրանց չի հաջողվում հասնել Նեղոսի հովիտ, փաստացի, նրանց իշխանության տակ էր մնում միայն Ներքին Եգիպտոսը։ Չնայած նրան, որ եգիպտական մի քանի նոմեր ճանաչեցին հիքսոսների իշխանությունը, սակայն դա ընդամենը ձևական էրև և այն սահամանափակվում էր հարկերի վճարումով։

Վերին Եգիպտոսի հարավում է գտնվում Թեբեի անկախ իշխանությունը։ Միայն մ.թ.ա. XVII դարում հիքսոս փարավոն Խիանուն է կարողանում ինչ-որ ժամանակաշրջան իր վերահսկողության տակ գցել Թեբեն։ Նրան հաջորդած Կամոսը իրեն է ենթարկում մնացյալ վերինեգիպտական նոմերին[2] և չնայած որ համատեղ պայքարի էին դուրս եկել հիքսոսներին դուրս քշելու համար։ Նա հաջող արշավանք է կազմակերպում Նեղոսի դելտայի վրա և հասնում հաջողության ստիպելով եգիպտացիներին նահանջել մինչև Ավարիս։

Կամոսին օտարերկրացիների դեմ պայքարում մեծապես օգնեց իր եղբայր Յահմոս I, ով մի քան անգամ պարտության մատնելով թշնամու զորքերին և պաշարեց Ավարիս քաղաքը, որը երեքամսյա դիմադրությունից հետո հանձնվեց։ Մ.թ.ա. 1554 թվականին Պաղեստինի հարավում գտնվող Շարուհեն ամրոցի գրավմամբ, ավարտվեց հիքսոսների վտարումը երկրից։

XII դինաստիա (մ.թ.ա. 1991-1802 թվականներ) Վերին և Ներքին Եգիպտոսները դեռևս միասին էին
Վերին Եգիպտոս Ներքին Եգիպտոս
XIII դինաստիա (մ.թ.ա. 1802-1650 թվականներ) XIV դինաստիա (մ.թ.ա. 1802-1650 թվականներ)
Աբիդոսյան դինաստիա (մ.թ.ա. 1650-1600 թվականներ) XV դինաստիա (մ.թ.ա. 1650-1550 թվականներ)։ Հիքսոսներ
XVI դինաստիա (մ.թ.ա. 1650-1580 թվականներ) XV դինաստիայի կառավարման շարունակությունը
XVII դինաստիա (մ.թ.ա. 1580-1550 թվականներ) XV դինաստիայի կառավարման շարունակությունը
XVIII դինաստիա (մ.թ.ա. 1550-1292 թվականներ) Վերին և Ներքին Եգիպտոսները կրկին միասին են

Երկրորդ անցումային ժամանակաշրջանի ժամանակագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ.թ.ա. մոտ 1783 թվականին Սոցիալական պայթյուն տեղի ունեցավ Եգիպտոսում (ստրուկների ապստումբություններ)[2]։ Փաստացի տապալվեց Միջին թագավորությունը։ XIII և XIV դինասիաների հանդես գալը Թեբեում և Քսիոսի ու դելտայի ամբողջական տիրապետելը։
  • Մ.թ.ա. մոտ 1783-1552 թվականներ Երկրորդ անցումային շրջանը Եգիպտոսում։ Երկրում կատարյալ քաոս էր թշնամիները բազմաթիվ կողմերից հարվածում էին եգիպտացիներին, հատկապես հիքսոսները, հնդեվրոպական ցեղերը սկսում են հաստատվել Նեղոսի դելտայում[2]։
  • Մ.թ.ա. մոտ 1700 թվականին Նուբիան որոշ ժամանակ դուրս է գալիս Եգիպտոսի իշխանությունից։
  • Մ.թ.ա. մոտ 1674 թվականին սեմիտական հիքսոսները Մերձավոր արևելքից զինված մարտակառքերով[2] հարձակումներ են կատարում Եգիպտոսի վրա։ Այդ ժամանակ քիչ տարածքներ ունեցող Եգիպտոսը զրկվում է Նեղոսի Դելտայից, որը գրավվեց հիքսոսների կողմից։ Հենց այստեղ էլ հիքսոսները կառուցում են իրենց մայրաքաղաք Ավարիսը և սկսում են արշավանքներ կատարել Եգիպտոս մնացած հատվածներ։
  • Մ.թ.ա. մոտ 1640 թվականին Հիքսոսները գրավում և ավերում են Ներքին Եգիպտոսը։ Վերին Եգիպտոսի իշխանությունները ստիպված ընդունում են հիքսոսների գերիշխանությունը, որպեսզի հեռու պահեն իրենց տարածքները ավերումից։ Սկսվում է հիքսոսների կառավարումը։
  • Մ.թ.ա. 1640-1552 թվականներ Հիքսոսները տասնհինգերորդ և տասնվեցերորդ դինաստիաների կարգավիճակով կառավարում են Եգիպտոսը։ Տասնյոթերորդ դինաստիան Թեբեից համագործակցելով տարբեր ցեղերի հետ փորձում է հիքսոսներին դուրս մղել Եգիպտոսից։
  • Մ.թ.ա. մոտ 1500 թվական նուբիական մշակույթի անհետացումը երկրի երեսից։

Նոր թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիքսոսների վտարումը հնարավորություն տվեց մեծացնել կապերը ամբողջ Ասիայում։ Հավանաբար, զգուշանալով հիքսոսների ապագա արշավանքներից կամ առևտրական կապերի հաստատման անհրաժեշտությամբ, եգիպտական իշխանությունները այս ժամանակաշրջանից սկսեցին առևտրական լայն կապեր հաստատել մի քանի ասիական պետությունների հետ և այլևս չէին սահմանափակվում միայն Նեղոսի հովտում իրենց գոյությունը պահպանելով։ Այդ ժամանակա Եգիպտոսը վերածվեց միջերկրածովյան աշխարհի։

Յահմոսի թոռ Թութմոս I մեծացրեց սահմանները հարավում, ինչպես նաև հյուսիսային ուղղությամբ։ Նա իր զորքերը տարավ Եփրատ գետի հոսանքի ուղղությամբ և Եփրատի ափին հաղթարշավ կազմակերպեց։ Վերջինիս թոռը Թութմոս III-ը եղել է եգիպտական փարավոններից ամենից հզորը, բացի այդ, նա գահին նստեց մանկության տարիներին, մինչ իր կառավարել կարողանալը երկիրը կառավարում էր նրա մայրը թագուհի Հատշեփսուտը, ով իր քսանամյա կառավարման ընթացքում դրեց Եգիպտոսի հզորացման հիքերը առևտրական կապեր հաստատեկով նոր երկրների հետ, դրանից բացի թագուհին նախաձեռնեց ամենաքիչը երկու արշավանք։ Սրանից հետո Թութմոս III-ը կազմակերպեց 17 արշավանք Ասիա, սկսելով Մեգիդոյի մոտ տեղի ունեցած ճակատամարտով, ջաղջախեց Սիրիայի առաջնորդների և պաղեստինցիների կոալիցիան, ավերեց Միտաննիի հզոր թագավորությունը և իրեն ենթարկեց բազմաթիվ այլ ժողովուրդների։

Հզորացման և ծաղկման ժամանակաշրջանը Եգիպտոսի համար շարունակվեց Ամենհոտեպ III-ի երեսուներկուամյա կառավարման ընթացքում պահպանելով Թութմոս III-ի կատարած նվաճումները։ Ամենհոտեպ III-ը համարվում է Եգիպտոսի լավագույն շինարար փարավոններից մեկը։

Էհնաթոնի ռեֆորմները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ժամանակ թագավորական իշխանությունը հիմնված էր զորքերի օգնության և Ամոն-Ռա աստծո մոգերի օգնության վրա։ Սակայն Ասիա կատարած արշավանքներից հետո կառավարության նոր հենարաններ էին անհրաժեշտ։ Ամենհոտեպ III փարավոնի կառավարումից հետո, վերջինիս որդին Ամենհոտեպ IV-ը ձեռնամուխ եղավ մեծամասշտաբ բարեփոխումների, ով պատմության մեջ մտավ իբրև կրոնական բարեփոխիչ։ Նա իր անունը փոխեց Էխնաթոն (Ահենաթոն) ի նշան իր Ամոն աստծուց հրաժարվելուն, քանի Ամենհոտեպ անունն իսկ ցույց էր տալիս Ամոնի անունը։ Նա մայրաքաղաքը տեղափոխեց Հերմոպոլից քիչ հեռու գտնվող Ահետաթոն և ընդունեց միակ աստծո Աթոնի պաշտամունքը։ Հզոր հոգևորական դասը հեռացվեցին, փակվեցին Ամոն-Ռա աստծուն նվիրաբերված պաշտամունքային կենտրոնները և անգամ նրա պատկերները հանվում էին տաճարներից, ոչնչացվում։

Ավանդական կրոնական հայացքների դեմ պայքարը տևեց 17 տարի և ավարտվեց Էհնաթոնի մահով։ Եգիպտոսի համար կատաստրոֆիկ նշանակություն ունեցավ խռովություններ տեղի ունեցան թագավորական իշխանության դեմ։ Ասիական տարածքների առաջնորդնեը սկսեցին ապստամբել ընդդեմ եգիպտական փարավոնի, անգամ թագավորական իշխանության դեմ սկսեցին հանդես գալ հենց եգիպտոսի ներսում։ Մի քանի նոմարխներ, որոնց նամակները պահապանվել են Թել Ամառնայի գտածոների մեջ, դիմեցին փարավոնին, որ իրենց հարևանները հարձակունմներ են կատարում վերջիններիս տիրույթների վրա։ Մի քանի անգամ դիմելուց և պատասխան չստանալուց հետո նրանք ևս սկսում են ինքնուրույն գործունեություն վարել։ Էհնաոնի նախորդների կողմից գրավված ահռելի տարածքներից գրեթե ոչինչ չմնաց։ Սեմենեհկարան որոշ ժամանակ անց վերականգնեց Ամոն աստծո պաշտամունքը։

Եգիպտոսի հարստության մասին լեգենդներ էին հյուսվել, որոնց մեջ կա նաև ճշմարտության ինչ-որ հատված։ Էհնաթոնի աներ Թութանխամոնի դամբարանից գտնվել ահռելի թվով հարստություն։ Էհնաթոն ժամանակ նա զբաղեցրել է գլխավոր մոգի պաշտոնը։ Երիտասարդ փարավոնի մահից հետո զորքերի գլխավոր հրամանատար Խորեմհեբը առաջարկեց Անեհեսենամոնին ամուսնանալ խեթական թագավոր Սուպիլուլիումայի որդու հետ, սակայն սպանվեց հենց եգիպտացիների կողմից։ Որից հետո Անեհեսենամոն ամուսնացավ Էյի հետ, ով համարվում է XVIII դինաստիայի վերջին փարավոնը։

XIX և XX դինաստիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պլան մղվեց արտաքին նվաճումները Խորեմհեբը սկսեց արշավանքներ կազմակերպել և հիմք դրեց XIX դինաստիային գահին հայտնվեց ոչ երիտասարդ Ռամզես I-ը։ Ում մահից հետո վերջինիս որդի Սեթի I սկսեց նվաճումներ կատարել և գրեթե վերականգնեց Եգիպտոսի նախկինում կատարած նվաճումները։ Գրավվեցին Պաղեստինը, Փյունիկիան և հարավ-կենտրոնական Սիրիան։ Ռամզես II Մեծը ևս բավականաչափ նվաճումներ կատարեց նա ևս արշավանքներ կազմակերպեց գրավյալ տարածքներ և փորձեց ամրապնդել Եգիպտոսի իշխանությունը։ Այնուամենայնիվ, եգիպտական թագավորության ամենաոխերիմ թշնամին շարունակում է մնալ հզոր Խեթական թագավորությունը, որի թագավոր Խատուշիլ III-ի հետ Ռամզեսը կնքեց հաշտության պայմանագիր։ Այս պայմանագիրը պատմության մեջ հայտնի է իբրև առաջին դիվանագիտական փատաթուղթ, այն պահպանվել է Թել Ամառնայի արխիվներում։

Ռամզեսի երկար կառավարման ժամանակ տեղի ունեցավ բազմաթիվ ժողովուրդների մասսայական միգրացիա դեպի կենտրոնական միջերկրածովյան շրջաններ։ Այս փարավոնի հաջորդները սկսեցին դիմակայել լիվիական զորքերի առաջընթացին, իսկ Ռամզես III-ը XX դինաստիայի նա ազգակցական կապեր հաստատեց Եգիպտոսի վրա հարձակվող քոչվորական ցեղերի հետ։ Ռամզես III հաջողությամբ կարողացավ Եգիպտոսը պաշտպանել արտաքին հարձակումներից։ Նրա ժամանակներում Եգիպտոսի ներքաղաքական իրավիճակը լարված էր, անընդհատ նրա բարեկամները դավեր են նյութում, սակայն ոչ մի հաջողության չեն հասնում։ Ռամզես III-ը վերջին հզոր փարավոնն էր։ Մ.թ.ա. մոտ 1075 թվականին XX դինաստիան ավարտվեց Ռամզես XI մահվամբ։ Եգիպտոսը բաժանվեց երկու մասի, Թեբեի մարզը և Վերին Եգիպտոսը կառավարվում էր Ամոնի գլխավոր մոգ Խերիխորոմը և Միջին և Ներքին Եգիպտոսի միավորվեց Տանիս կենտրոնով։

Երրորդ անցումային շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Shaw, Ian, ed (2000). The Oxford History of Ancient Egypt. Oxford University Press. p. 480.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 James, T.G.H. «Egypt: From the Expulsion of the Hyksos to Amenophis I.» Chapter 8, Volume II of The Cambridge Ancient History.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]