Դիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիդ
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ
ԼեռնաշղթաՍևորդյաց լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից1272 մետր

Դիդ, լեռնագագաթ Հայաստանի Լոռու մարզում, Սևորդյաց լեռներում, Մարց գետի աջափնյակում, Դսեղ գյուղի հյուսիսային մասում։ Ունի 1272 մ բարձրություն[1][2]։

Դիդի առասպել[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարից պահպանված ավանդության համաձայն բլրի գագաթին եղել է դիտակետ, որտեղից Աշոտ Մամիկոնյանի հրամանով պիտի հսկվեին մոնղոլ թաթարների տեղաշարժը դեպի գյուղ ու զգուշացնեին գյուղի բնակիչներին։ Հետագայում «դիտակետ» բառը կրճատվել է դարձել «դիտ», իսկ հետո՝ «դիդ»։ Կա նաև մի մատուռ, որի կառուցողի մասին պատմություն կա, թե այն մարդը, կառուցելուց հետո անհետացել է։

Դիդի գերազմանատան մի հատվածը բավականին հին է. այդտեղ թաղված են Թումանյանի ընտանիքի անդամներից ևս մի քանիսը, իսկ մյուսը՝ գյուղին նայող հատվածը նոր գերեզմանատեղին է։ Գերեզմանոցի տարածքում հատկապես առանձնանում են հետաքրքիր ու յուրօրինակ պատկերաքանդակներով (զենքեր, գործիքներ և այլն) բազմաթիվ տապանաքարեր։ Այս գերեզմանոցում են ամփոփված նաև Հովհաննես Թումանյանի մայրական գծով պապ՝ Հովհաննես Քոչարյանի և տատի շիրիմները։

Հուշարձանը զբոսաշրջիկների սիրված վայրերից է, դրա վկայությունն է օրեցօր աճող այցելուների թվաքանակը։

Դիդը Թումանյանի հիշողություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի արձանը Դսեղում

Տակավին պատանի Հովհաննեսի սիրած վայրը իր գյուղում Դիդն էր։ Դիդը մի բլուր է, բայց փոքրիկ տղայի համար այն մի հսկա սար էր թվում։ Նա բարձրանում էր բլրի գլուխը և երազում՝ նայելով աստղերին։ Թումանյանն այս տեղը անվանել է Դիդ հենց նրա պատճառով, որ բարձր է ու երևում է գյուղը։ Այդտեղ հաճախ է նստել, ստեղծագործել։ Դիդի կատարը Թումանյանի ամենասիրած վայրն էր, որի բարձունքից երևում են Չաթինդաղի, Պապաքարի, Դվալի, Լալվարի, Քոշաքարի, Ղարախաչի լեռները, Մոտկորի անտառներն ու Լոռու ձորերը։

Aquote1.png Հեյ գիդի հա… Ի՜նչ օրեր եմ անցկացրել փոքր ժամանակս էստեղ։ Երեխեքով հավաքվում էինք Դըդի դոշը՝ ուրց էինք քաղում, հասկերից պկու շինում, մեջքներիս վրա պառկում էինք ու ածում… ի՜նչ լավ էր…

Շատ էի ուզում, որ Դըդի ուսին լինեմ. էնտեղ եմ անցկացրել երեխա ժամանակիս լավ օրերը… Շատ եմ խաղացել էնտեղ, շա՜տ…:

Aquote2.png

Թումանյանը կամենում էր հենց բլրի վրա թաղվել, չստացվեց, ընտանիքն այլ կարծիք ուներ։ Դիդը Թումանյանի ու նրա հերոսների սիրած վայրերից էր, այն սիրում էր նաև Սարյանը։ Բլրի գագաթին նստած է Վարպետը նկարել «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» նշանավոր կտավը։

Հայկական 5000 դրամանոց թղթադրամի դարձերեսին պատկերված է Մարտիրոս Սարյանի «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» (1952) կտավի համակարգչային մշակում անցած տարբերակը։

Սա Թումանյանի բարձունքն էր։

Հանրահայտ երգի հետքերով[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանը նույնիսկ երգ ունի Դիդի մասին, որի խոսքն ու երաժշտությունը ինքը՝ մեծ բանաստեղծն է գրել։

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Թումանյանն այցելուներին մշտապես զարմացնում է երգի անզուգական կատարումը ներկայացնելով։

Դիդը Թումանյանի ստեղծագործությունների հիմնական մուսատեղին է եղել, որտեղ և ստեղծագործել է մեծ բանաստեղծը։ Նույնիսկ մահվան մահճում Դիդի բարձունքում ապրած օրերն էր կարոտում։

Aquote1.png Հե՜յ գիդի հա, մեր Լոռվա սարերը, ձորերը, անտառները, մարդ հիմի բարձր, շա՜տ բարձր սարի վրա լինի, ա՜խ, երանի «Հազարան բլբուլս» գրած լինեի, ի՞նչ լավ կլիներ։ Ա՜խ, մի վեր կենամ, ինչե՜ր կարելի է հրապարակել, ի՜նչ հնարավորություններ կան հիմա պարապելու, գրելու, բոլորը, բոլորը կա՝ առատ, լավ, իսկ ես… ես էս օրի եմ։ Խանգարեցին, չթողեցին մարդ նստի, իրեն գործով կենա։ Ի՞նչ եմ գրել մինչև հիմա, մի քանի տող բան, էն էլ վռազ, ոտի վրա։ Ա՜խ, թե մի առողջանայի, դռներս պինդ եմ փակելու, որ էլ մարդ չթողնեմ ներս, նստելու եմ ու պարապելու և լավ եմ պարապելու։ Գարունքի հետ հենց աչքերս բացվեն, ինչեր եմ թափելու, հեքիաթների, լեգենդների հեղեղ։ Շատ բեդովլաթ ժառանգ դուրս եկա։ Լոռին ինձ ահագին կապիտալ էր տվել, ծախսեցի, փուչ արի։ Ինչպես շռայլեցի, բոլորը կորցրի…[3]:
- Լևոն Ադյան «Էն Լոռու ձորն է»
Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 36 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 104 — 992 էջ։
  3. says Լևոն Ադյան։ «Էն Լոռու ձորն է (էսսե)» (en-US)։ Վերցված է 2021-06-29