Դեժյո Դյարմատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեժյո Դյարմատի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Gyarmati Dezső
Ազգություն՝հունգար
Մասնագիտացում՝ջրագնդորդ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 23, 1927(1927-10-23)[1]
Ծննդավայր՝Միշկոլց, Miskolc District, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա
Մահվան ամսաթիվ՝օգոստոսի 18, 2013(2013-08-18)[1] (85 տարեկան)
Մահվան վայր՝Բուդապեշտ, Հունգարիա
Ակումբ՝Ույպեշտ, Ֆերենցվարոշ
186 սմ
Քաշ՝83 կիլոգրամ

Դեժյո Դյարմատի (հունգ.՝ Gyarmati Dezső, 23 հոկտեմբերի, 1927, Միշկոլց18 օգոստոսի, 2013, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ջրագնդորդ, Օլիմպիական խաղերում ամենաշատ տիտղոսները նվաճած մարզիկը ջրագնդակի պատմության մեջ։ Մասնակցել է հինգ Օլիմպիական խաղերի անընդմեջ (1948-1964), որոնցում ազգային հավաքականի կազմում վաստակել է երեք ոսկե (1952, 1956, 1964), մեկ արծաթե (1948) և մեկ բրոնզե (1960) մեդալներ[2][3]։ Եվրոպայի երկակի չեմպիոն (1954, 1962)։ Հանդես է եկել հունգարական «Ույպեշտ» և «Ֆերենցվարոշ» ակումբներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեժյո Դյարմատին ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 23-ին Հունգարիայի հյուսիս-արևելքում գտնվող Միլկոլց քաղաքում։ Դեժյո Դյարմատին համարվել է իր ժամանակի ամենաարագ ջրագնդորդներից մեկը։ Նրա անձնական ռոկորդը 100 մետր տարածությունում կազմել է 58,5 վայրկյան։ Լինելով ձախլիկ՝ խաղի ժամանակ նա երկու ձեռքերն էլ օգտագործել է նետում կատարելիս։ Նա կարող էր հանդես գալ ինչպես առջևի գծում, այնպես էլ հետևում։ Ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է ավելի քան 100 հանդիպում, այդ թվում նա մասնակցել է 1956 թվականի Օլիմպիական խաղերում Հունգարիայի ու ԽՍՀՄ հավաքականների հայտնի խաղին, որը կոչվել է «Արյուն ջրավազանում»։ Հավաքականի կազմում նա մասնակցել է 1948 թվականին Լոնդոնում, 1952 թվականին Հելսինկիում, 1956 թվականին Մելբուրնում, 1960 թվականին Հռոմում և 1964 թվականին Տոկիոյում անցկացված Օլիմպիական խաղերին՝ արժանանալով տարբեր հարգի մեդալների[4]։

Խաղացողի կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ. եղել է Վենեսուելայի հավաքականի մարզիչը, ապա գլխավորել է Հունգարիայի հավաքականը։ Վերջինս Դեժյո Դյարմատիի գլխավորությամբ 1976 թվականին Մոնրեալում անցկացված Օլիմպիական խաղերում արժանացել է ոսկե, 1972 թվականին Մյունխենում անցկացված Օլիմպիական խաղերում՝ արծաթե, իսկ 1980 թվականին Մոսկվայում անցկացված Օլիմպիական խաղերում՝ բրոնզե մեդալների։ Դեժյո Դյարմատին Հունգարիայի ջրագնդակի ֆեդերացիայի ղեկավարներից մեկը, գրել է այդ մարզաձևին նվիրված մի շարք գրքեր[2]։

1990 թվականին Դեժյո Դյարմատին ընտրվել է Հունգարիայի խորհրդարանի անդամ Հունգարիայի դեմոկրատական ֆորում կուսակցության կողմից, որ հաղթել էր ընտրություններում։

1976 թվականին Դեժյո Դյարմատին ընդգրկվել է Լողի միջազգային փառքի սրահում։ 1994 թվականին դարձել Հունգարական «Վաստակի համար» շքանշանի կոմանտորական խաչի ասպետ[5], 2010 թվականին՝ «Վաստակի համար» շքանշանի Մեծ խաչի ասպետ (բարձրագույն պարգևը, որ շնորհվում է պետության ղեկավար չհանդիսացող անձանց)։

Դեժյո Դյարմատին մահացել է 2013 թվականի օգոստոսի 18-ին Բուդապեշտում, 85 տարեկան հասակում[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեժյո Դյարմատին ամուսնացած էր հունգարացի լողորդուհի Էվա Սեկեյի հետ, ով 1952 թվականի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալի է արժանացել 200 մետր բրասով մրցատարածությունում, իսկ 1956 թվականին նույն մրցատարածությունում վաստակել է արծաթե մեդալ։ Նրանց դուստրը՝ Անդրեա Դյարմատին (ծնվել է 1954 թվականին) նույնպես դարձել է լողորդուհի և մասնակցել է 1968 և 1972 թվականների Օլիմպիական խաղերին։ 1972 թվականին նա արժանացել է երկու օլիմպիական մեդալների՝ 100 մետր մեջքի վրա լողում զբաղեցնելով երկրորդ իսկ 100 մետր բաթերֆլայով լողում՝ երրորդ տեղը։ Անդրեա Դյարմատին ամուսնացել է հունգարացի մարզիկ Միխայ Խեսի (ծնվել է 1943 թվականին) հետ, ով 1968 թվականին օլիմպիական չեմպիոն է դարձել թիավարությունում (բայդարկա)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 «FINA in mourning - Water polo legend Dezso Gyarmati passed away». fina.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 14 հոկտեմբերի, 2016-ին.
  3. «HISTORY OF THE GAME OF WATER POLO». collegiatewaterpolo.org. Վերցված է 14 հոկտեմբերի, 2016-ին. (անգլ.)
  4. Profile: "Dezsõ Gyarmati" databaseOlympics.com (Retrieved on January 25, 2008)
  5. «Sport: Meghalt Gyarmati Dezső» (հունգարերեն). HVG.hu. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
  6. Meghalt Gyarmati Dezső (հունգարերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեժյո Դյարմատի» հոդվածին։