Դավիթ Բեհբության
Դավիթ Հովսեփի Բեհբության | |
---|---|
ռուս.՝ Давид Осипович Бебутов | |
Դավիթ Բեհբությանը 1865 թվականին | |
Հունվարի 11, 1793 - մարտի 11, 1867 | |
Ծննդավայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Վարշավա |
Գերեզման | Հուղարկավորված է Վարշավայում |
Քաղաքացիություն | |
Ծառայության տարիներ | 1811 - 1867 թվականներ |
Կոչում | Գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | նապոլեոնյան պատերազմներ |
Պարգևներ |
Դավիթ Հովսեփի Բեհբության (ռուս.՝ Давид Осипович (Иосифович) Бебутов, հունվարի 11, 1793, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 11, 1867, Վարշավա), հայազգի իշխան, Ռուսական կայսրության բանակի գեներալ-լեյտենանտ, Կովկասյան (1817-1864) և Ղրիմի ( 1853-1856) պատերազմների մասնակից, Բեհբության հայկական իշխանական տոհմի ներկայացուցիչ[1][2]։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Բեհբությանը ծնվել է Ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգի Թիֆլիս քաղաքում 1793 թվականի հունվարի 11-ին Հովսեփ Բեհբությանի ընտանիքում։ Նրա եղբայրը Ռուսական կայսրության բանակի գեներալ իշխան Բարսեղ Բեհբությանն է։ Հանդիսանում է Թիֆլիսի նահանգի և մասնավորապես Թիֆլիսի կատավարիչներ հանդիսացող Բեհբության հայկական իշխանական տան ներկայացուցիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Բեհբությանը նախնական կրթություն է ստացել Թիֆլիսի ազնվական վարժարանում։ 1811 թվականին ընդունվել է այն ժամանակ կախեթական լեռնականների դեմ պայքարող Նառվայի դրագունական գունդ որպես յունկեր։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1812 թվականի դեկտեմբերի 4-ին ստացել է սպայական կոչում և վեց ամիս անց գնդի կազմում մասնակցել դեպի Բրեստ-լիտովսկ, իսկ 1814 թվականին՝ դեպի Կրակով։
1820 թվականին Դավիթ Բեհբությանն արդեն ղեկավարում էր հեծելավաշտ։ Տեղափոխվելով Ռուսական կայսրության բանակի Կովկասյան առանձին կորպուս՝ Պավել Ռեննեկամպֆի հրամանատարությամբ Դավիթ Բեհբությանը մասնակցել է 1930 թվականին ջարոբելականյան լեզգիների և լեռնային օսերի դեմ կազմակերպված արշավանքներին։
Դավիթ Բեհբության ռազմական տաղանդն ու ցուցաբերած հմտությունները բարձր գնահատվեցին կոմս Իվան Պասկևիչի կողմից։ Վերջինի կողմից Կովկասում ժամանակավոր նշանակված իրավահաջորդ Նիկիտա Պանկրատևը Դավիթ Բեհբությանին հանձնարարել է հետևել 1828-1829 թվականներին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմի հետևանքով կնքված «Ադրեանապոլյան խաղաղության» համաձայնագրով Օսմանյան կայսրության տարածքից քրիստոնեաների տեղափոխման միջոցառմանը։ Այդ հանձնարարությունը գերազանցությամբ կատարելով՝ Դավիթ Բեհբությանը դարձավ 1831 և 1832 թվականներին մյուրիդների առաջնորդ Ղազի Մուհամադի դեմ Գրիգորի Ռոզենի և Ալեքսեյ Վելյամինովի կազմակերպած արշավանքների ամենաակտիվ գործիչներից մեկը։ 1831 թվականի դեկտեմբերի 1-ին Դավիթ Բեհբությանը, շարժվելով Ղազի Մուհամադի կողմից զբաղեցված Չումկեսկենտ ամրության ուղղությամբ, նվաճեց այն, ինչի համար պարգևատրվեց 4-րդ աստիճանի Սուրբ Գեորգիի շքանշանով։ Այնուհետև 1832 թվականի հոկտեմբերի 17-ին ղեկավարելով մուսուլմանահեծելազորային գունդը, կազակներից ու վրացիներից կազմված միլիցիան, աչքի ընկավ Գիմրի աուլի ճակատամարտում։ Գիմրի աուլում իր 3000 լեռնականների հետ միասին տեղակայված Ղազի Մուհամադը պարտություն կրեց և զոհվեց։ 1833 թվականին Դավիթ Բեհբությանը զբաղեցնում էր Նոր Զաքաթալայի ամրոցի պարետի և Ջարո-բելոկանյան շրջանի ղեկավար։ 1834 թվականին նրան Պասկևիչի կողմից հանձնարարվում է կազմակերպել և Անդրկովկասյան մուսուլմանական հեծելազորային գունդը տեղափոխել Լեհական թագավորություն։ 1835 թվականի մարտի 2-ին գունդը ժամանում է Վարշավա, որտեղ մինչև 1852 թվականի ապրիլի 12-ին մնաց Դավիթ Բեհբութովի հրամանատարության ներքո։ Նա մեծ ներդրում է ունեցել այս գնդի ձևավորման և լավ ծառայության կազմակերպման գործում, կատարելության է հասցրել ջիգիտությունը և հեծելավարությունը, ինչպես նաև գնդի համար Հեծելազորի կանոնադրությունում առանձին դրույթներ ավելացրեց՝ թարգմանելով զինվորահրամանատարական արտահայտությունները կովկասյան թաթարական լեզվով։
Դավիթ Բեհբությանը 1835-ից 1838 թվականներին պարգևատրվել է մի շարք շքանշաններով, այդ թվում՝ Ռուսական կայսրության Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշաններով, և արժանացել Ռուսական կայսրության բանակի գնդապետ զինվորական կոչման։
1846 թվականին Իշխան Բեհբությանը իր գնդով շարժվեց դեպի Կրակով աջակցելու կոմս Ֆյոդոր Վասիլևիչ Ռիդիգեր ստորաբաժանմանը աջակցելու ընդդեմ ապստամբ լեհերի։ Փետրվարի 19-ին Դավիթ Բեհբությանն իր գնդով մտավ քաղաք, այնուհետև իշխան Ալեքսանդր Բարյատինսկու հետ միասին հետապնդում են ապստամբներին մինչև պրուսական սահման, որտեղ էլ վերջինները վայր են դրել զենքերը։ Նույն թվականի մայիսի 17-ին Դավիթ Բեհբությանին շնորհվում է Ռուսական կայսրության գեներալ-մայոր զինվորական կոչում։ 1847 թվականին նրան շնորհվում է նաև ավագության տիտղոս։ 1848 թվականին իշխան Բեհբությանը պարգևատրվում է Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանով։
1949 թվականի հունգարական արշավանքի ժամանակ Դավիթ Բեհբությանը մասնակցել է Վայցենի և Դեբրեցենի ճակատամարտերին, որոնց ընթացքում աչքի ընկնելու համար համապատասխանաբար ստացել է Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան և Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի ու Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշաններ, իսկ նրա ղեկավարած գունդը՝ Գեորգևյան դրոշակ։ 1851 թվականին իշխան Բեհբությանին շնորհվում է Սուրբ Աննա 1-ին աստիճանի շքանշան կայսերական սրերով։
Ղրիմի պատերազմի սկզբում՝ 1854 թվականի ապրիլին, իշխան Բեհբությանին հրամայվեց Դանուբյան բանակի գերագույն հրամանատար իշխան Պասկևիչին աջակցել։ Մուսուլմաններով, կազակներով և լեռնականներով ժամանելով Կալարամ՝ Դավիթ Բեհբությանը անմիջապես ներգրավվեց Սիլիստրայի պաշարման գործում։ Մայիսի 22-ին նա մասնակցել է Սիլիստրիայի Արաբական նավահանգստից թուրքերի հեռացմանը, իսկ մայիսի 28-ին Պասկևիչի կողմից կազմակերպված հակառակորդի հետախուզական գործողությանը։ 10 մարտկոցից, 1 հեծելազորային բրիգադից, կազակական գնդից և 3 մարտկոցից կազմված ուժերով Դավիթ Բեհբությանին հաջողվում է խափանել հակառակորդի կողմից Սիլիստրային օգնություն տրամադրելը։ Այնուհետև Օլտենյան ջոկատով Բեհբությանը Տուտրականի մոտ դիտարկել է հակառակորդին՝ թույլ չտալով Գրակ գյուղից անցնել Մաստիշի լիճ և Դանուբ գետի վրա ոչնչացնելով 300 բեռնատար նավակ։ Դանուբյան արշավանքի համար իշխան Բեհբությանը պարգևատրվել է ադամանդներով պատված ոսկյա սրով՝ վրան գրված «Քաջության համար»։
Այնուհետև Դավիթ Բեհբությանը վերադարձել է Վարշավա, որտեղ կրկին ընդունել է Պասկևիչի ենթակա ստորաբաժանման հրամանատարությունը։
1856 թվականին Պասկևիչի մահից հետո Դավիթ Բեհբությանը մնում է Վարշավայում, և նույն թվականի օգոստոսի 26-ին նրան շնորհվում է գեներալ-լեյտենանտ զինվորական կոչում։ Գեներալ-լեյտենանտ Բեհբությանը նշանակվում է 1-ին բանակի հրամանատար, իսկ 1861 թվականին դառնում է Վարշավայի պարետ։ 1862 թվականին պարգևատրվում է Ռուսական կայսրության Սպիտակ արծվի, իսկ 1865 թվականին՝ Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշաններով։ Վարշավայի պարետի պաշտոնում մնում է մինչև իր մահը։
Իշխան Դավիթ Բեհբությանը մահացել է 1867 թվականի մարտի 11-ին Վարշավայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թվական։ ISBN 978-9939-53-105-2
- ↑ Ваагн Крбекян, кандидат исторических наук, "Армяне - кавалеры ордена Святого Великомученика и Победоносца Георгия трех степеней, отличившиеся в войнах на Кавказе (1774-1879 гг.)", (արխիվացված 15․02․2022թ․)․