Դալեկարլիական ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դալեկարլիական ամենամեծ ձին, Ավեստա, Շվեդիա

Դալեկարլիական ձի կամ Դալարնյան փայտե ձի (շվեդ.՝ Dalahäst), ոճավորված փայտե ձիու պատկերաքանդակ, խաղալիք, որը Շվեդիայի Թագավորության ազգային խորհրդանիշն է։ Դալեկարլիական փայտե ձին համարվում է Դալարնա նահանգի ժողովրդական արհեստի արտադրանք։ Մարզի շատ բնակավայրերում են խաղալիքներ պատրաստում, բայց ամենամեծ և ամենահին արտադրությունը տեղակայված է Նուսնես (Nusnäs) գյուղի Մուրա (Mora) կոմունայում։ Ավանդաբար, ձիու պատկերը կերտվում է միացած ականջներով և առանց պոչի։ Այն ներկված է կարմիրով, իսկ ձիասարքը ներկված է սպիտակ և կապույտ նախշերով կուրբից (kurbits) ոճով։ 20-րդ դարի առաջին կեսին խաղալիքների երկու նոր գույները դարձան հանրաճանաչ՝ կարմիր-շագանակագույն և բաց մոխրագույն բծերով (ձին խնձորներով), կապույտ նրբերանգներով։ Խաղալիք-հուշանվերների չափերը տատանվում են մեկ սանտիմետրից մինչև կես մետր երկարության սահմաններում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրբից ոճի դալեկարլիական ձի (մոտ. 1950 թվական)
Դալեկարլիական ձի: Նկարիչ՝ Ռյուտեր Օլաֆ Մատսոն, Ռիսա (մոտ. 1910 թվական)

Ենթադրվում է, որ առաջին խաղալիքը պատրաստել է անհայտ փայտագործը, որը, ավարտելով հերթական աթոռի պատրաստումը, մնացած նյութից երեխաների համար ձի է փորագրել։ Փայտե ձիերի մասին առաջին հիշատակումը հանդիպում է 1624 թվականին, երբ Վեստերոսի եպիսկոպոս Յոհաննես Ռուդբեքը իր քարոզում գրել է թեթևամտության մասին, ինչը հանգեցնում է հպարտության մեղքի, չարության և հիմարների խաբեության, որպես «անառակության գործիք» բացահայտում է քարտերը, ոսկորները, տիկնիկները, փայտե ձիերը և սիրային երգերը[2]։ Եպիսկոպոսն արգելում է խաղալիքների արտադրությունը, բայց «մեղքը» արմատախիլ անելու փորձը ձախողվում է։ 1660-ականներին՝ «կախարդների որս»-ի ժամանակաշրջանում, շատ շվեդ կանայք դատապարտվեցին փայտե ձիեր փորագրելու համար։ Նրանք մեղադրվում էին կախարդված խաղալիքներով երեխաներին գայթակղելու և լերկ լեռներ տանելու համար[3]։

Չնայած այդ ամենին, դալեկարլիական փայտե ձին մնում էր շվեդ երեխաների սիրված խաղալիքը։ Փոքր խրճիթներում երկար ձմեռային երեկոներին ծնողները փորագրում էին փայտե ձիեր իրենց ընտանիքներին հաճույք պատճառելու համար։ Առևտրականները գնում էին փայտե ձիերը, այնուհետև այն գավառներում, որտեղ այդպիսի խաղալիքները դեռ անհայտ էին, վաճառում կամ փոխանակում էին սննդի հետ։ Այսպիսով, 18-րդ դարում դալեկարլիական փայտե ձիերը սկսեցին իրենց ճամփորդությունն ամբողջ Շվեդիայում ՝ ստանալով իրենց երկրորդ ծնունդը։ Խաղալիքները սկսեցին նկարազարդվել, նրանց արտաքին տեսքը դարձավ տոնական և պայծառ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին արդեն խաղալիքների արտադրությամբ սկսեցին զբաղվել բազմաթիվ ընտանիքներ Մուրա (Mora) կոմունայի բնակավայրերում` Ռիսայում (Risa), Բերիկարլոսում (Bergkarlås) և Վաթնեսում (Vattnäs): Սովորաբար ընտանիքում ամուսինը փորագրում էր փայտե ձիերին, իսկ կինը նկարազարդում էր դրանք։ Չնայած բազմազանությանը, ձիերի մեծ մասը ունին երկար վզեր և փարթամ բաշեր, ինչը նրանց նմանեցնում էր նորվեգական փայտե ձիերին։ Որոշ մարդիկ խաղալիքներին կցում էին կաշվե սանձափոկեր[2]։

1920 թվականին 24-ամյա Գրաննաս Անդերս Օլսսոնը (Grannas Anders Olsson) Նուսնեսից (Nusnäs) սկսեց փայտե ձիեր փորագրել հոր հացի փռում։ Դրանք սև-սպիտակ խաղալիքներ էին անվավոր հարթակի վրա։ 1922 թվականին նա բացեց «Grannas A Olsson Hemslöjd AB» արհեստանոցը։ Գրաննասը 9 երեխաների մեջ ամենամեծն էր, նրա եղբայրներից ևս երկուսը՝ Նիլսը և Յաննեսը, դպրոցից հետո օգնում էին նրան փայտե ձիեր պատրաստելու գործում։ Մեծ եղբայրը՝ Նիլսը, այդ ժամանակ 9 տարեկան էր, իսկ կրտսերը՝ 7 տարեկան։ 1928 թվականին կրտսեր եղբայրները բացեցին իրենց արհեստանոցը՝ «Nils Olsson Hemslöjd AB» անվամբ[4]։

1937 թվականին՝ Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում, կարմիր փայտե ձին դարձավ շվեդական հանրահայտ հուշանվեր։ Եվ արդեն 1939 թվականին, դալեկարլիական փայտե ձին Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսում ներկայացվեց որպես Շվեդիայի խորհրդանիշ։

1999 թվականին Մարգոն և Թոմաս Հոլստը բացեցին աշխարհի առաջին դալեկարլինյան փայտե ձիերի թանգարանը Դալա Յարնում՝ հավաքելով ավելի քան 150 ցուցանմուշ ամբողջ Դալարայից։ Բայց դրանից բացի, Թոմաս Հոլստը աշխարհում ճանաչվեց իր ստեղծած ամենափոքր դալեկարլինյան ձիով, որի բարձրությունը կազմում է ընդամենը 3,4 մմ, իսկ երկարությունը՝ 2,2 մմ[5]։

Մոդելային շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ավանդական փայտե ձիերի գերակշռող պահանջարկին, գրեթե յուրաքանչյուր արտադրող փորձում էր ներկայացնել իր սեփական մոդելը, որը տարբերվում է մյուսներից։ Գծապատկերից և ձևից կարելի է որոշել, թե Դալարնայի ո՞ր մասում է պատրաստվել հուշանվերը։

Դասական և լուդվիկովյան նախշազարդ

Մոդելներից շատերը տարբերվում են միայն գույնով և զարդանկարի ձևով։
Սվարտնեսհեստեն (Svartnäshästen), սև փայտե ձի, կապույտ ծաղիկների փոխարեն, թամբի փոխարեն, կապույտ և դեղին նախշեր։ Ստեղծվել է Դալարնայի Սվարտնես (Svartnäs) գյուղում։ Խաղալիքի գույները պատահական չեն, սև գույնը մարմնավորում է Սվարտնես բնակավայրը (svart - «սև»), սպիտակ և կապույտ գույները` Ֆինլանդիան (ֆինները հին ժամանակներից ի վեր բնակություն էին հաստատել Դալարնայի անտառային շրջաններում), իսկ դեղին և կապույտ գույները հենց Շվեդիայի գույներն են։
Սվարդշյոհստենը (Svärdsjöhästen), սև բաշով նարնջագույն փայտե ձի է, արտադրվում է Սվարդշյո (Svärdsjö) քաղաքում 1983 թվականից։
Լյուդվիկահեստեն (Ludvikahästen), կապույտ (կամ սև) փայտե ձի, սպիտակ թափվող ծաղիկներով, հեծելասարքի փոխարեն, կամ դրա հակապատկերը` սպիտակ ձի կապույտ ծաղիկներով։ Խաղալիքը ստեղծվել է Լյուդվիկա քաղաքում 20-րդ դարի 80-ականներին։
Լեկսանդհաստեն (Leksandshästen), դեղին, նարնջագույն կամ մոխրագույն-կապտագույն փայտե ձի, սև բաշով և ձվաձև թամբով; նախշերը պարզ են ՝ ծաղիկների նմանությամբ հավաքված սպիտակ կետերի տեսքով, ինչը նկարիչը փոխառել էր պաստառից։ Նախատիպը գտնվել է 1948 թվականին։ Այն պատրաստվում է Լեքսանդ (Leksand) քաղաքում։
Ռետտվիկսհեստենը (Rättvikshästen), մոխրագույն փայտե ձի է` առանց թամբի, սև և սպիտակ բաշով, մարմնի վրա սպիտակ կետերով և ութանիստ աստղերով։ Խաղալիքը պատրաստվում է Ռետտվիկ (Rättvik) քաղաքում։ Մոդելը վերստեղծվել է 1950 թվականին, Ստումսնես (Stumsnäs) քաղաքում 1850 թվականին պատրաստված բնօրինակից։ Որոշ մոդելներում փոփոխությունները վերաբերվում են նաև պատկերի ձևին։
Սիլյանսհեստ (Siljanshäst), փայտե ձին կարող է լինել տարբեր գույների (մոխրագույն-կապույտ կամ կարմիր), տարբերակիչ առանձնահատկությունը փոքր-ինչ վեր ձգված տեսքն է, շանֆրոնի և ձվաձև թամբի առկայություն։ Խաղալիքը Ռետտվիկից է, իսկ անունը տրվել է ի պատիվ Սիլյանսնես (Siljansnäs) քաղաքի, որտեղ ստեղծվել է նախատիպը։
Սյոդերբերկեհեստեն (Söderbärkehästen), փորագրված պոչով դեղին ձի (դալեկարլինյան փայտե ձիերի մոտ հազվադեպ հանդիպող), կապույտ ձվաձև թամբով և ձյան փաթիլների տեսքով։ Այն արտադրվում է Սյոդերբերկե (Söderbärke) քաղաքում 1984 թվականից։
Ֆոգելշյոհեստենը (Fogelsjöhästen), սպիտակ փայտե ձի է կապույտ խնձորներով, կապույտ բաշով, առանց թամբի։ Հոյակապ բաշը ցուցադրելու համար ձիու պարանոցը բավականին հաստ է պատրաստվել։ Այն պատրաստվել է Ֆոգելշյո (Fågelsjö) գյուղում, իսկ ոճով նման է նորվեգական փայտե ձիերին[2]։
Կան մոդելներ, որոնք ամենևին էլ նման չեն դալեկարլինյան փայտե ձիուն, որտեղ նկարչի երևակայությունը երբեմն պատկերին տվել է արտասովոր ձև։ Սունդբրունսհեստեն (Sundbornshästen), բնօրինակ փայտե ձի՝ կուբիզմի ոճով, կապույտ նուրբ պատկերով եզրանախշերով, փորագրված պոչով, պոչը և բաշը նարնջագույն են։ Խաղալիքը ստեղծվել է Սունդբրուն (Sundborn) քաղաքում, բայց արտադրվում է Սվերդշյո քաղաքում[6]։
Տյունահեստեն (Tunahästen), կապույտ փայտե ձի կարմիր բաշով և կարմիր-դեղնականաչավուն թամբով։ Ի տարբերություն այլ մոդելների՝ Տյունահեստեն փայտե ձին կարծես քարացել է արագ վազքի ընթացքում։ Խաղալիքը պատրաստում են Բուրլենգ քաղաքի համանուն կոմունայում, որը նախկինում կոչվում էր Ստուրա Տյունա, որտեղից փայտե ձին ստացել է իր անվանումը։
Ստաֆֆանսհեստ (Staffanshäst), ևս մեկ գլուխգործոց Ռետտվիկ (Rättvik) քաղաքից, փայտե ձի կորացված վզով և փորագրված պոչով, կարող է լինել ցանկացած գույնի պոչի և բաշի ալիքաձը գծերով նախշազարդերով։ Առաջին խաղալիքը հայտնվել է 1954 թվականին և այն կարմիր գույն ուներ։ Կոչվել է ի պատիվ սուրբ Ստեփանոսի (Staffan), որը բնակվել է Հելսինգլանդի գավառում 1150-ական թվականներին[7]։
Ստուրա Սկեդվիհեստեն (Stora Skedvihästen), ամբողջովին սև, վիթխարի փայտե ձի, կորացած պարանոցով, իր նմանակիցներից առանձնանում է կոկիկ փորագրված բաշով և պոչով։ Բաշի և պոչի երկայնքով անցնում է ալիքաձև դեղին նախշազարդը, կլոր դեղին թամբը զարդարված է ծաղիկներով, սանձը սպիտակ է։ Հրաշք փայտե ձին գտնվում է Ստուրա Սկեդվիի (Stora Skedvi landskommun) համայնքի Սետեր (Säters kommun) կոմունայում։
Ինշյոպոլլեն (Insjöpållen), յուրահատուկ սև փայտե ձի, փորագրված բաշով և պոչով։ Փարթամ ալիքաձև բաշն ու պոչը ներկված չեն, հակադրություն ստեղծելով սև մարմնի հետ։ Այս փայտե ձին կարելի է Ինշյոն (Insjön) քաղաքի Լեկսանդ (Leksand) կոմունայում։
Հեդեմուրարիտտարեն (Hedemoraryttaren), միակ փայտե ձին է հեծյալով։ Այս մոդելը որոշ չափով նման է դասական դալեկարլիական փայտե ձիուն, որի մեջքին շիկահեր շվեդ է նստած։ Կապույտ կոստյումով հեծյալը ողջունում է հանելով գլխարկը։ Այս փայտե ձին Հեդեմուրա (Hedemora) քաղաքում տեղադրված հուշարձանի վերարտադրությունն է։

Եվ սրանք Դալարնա գավառի փայտե ձիերի հարուստ մշակույթի դեռ բոլոր մոդելները չեն։ Վարպետները անընդհատ փնտրում են նոր ոճեր և ընդգծում են իրենց բնակավայրերի յուրահատկությունը՝ նոր զբոսաշրջիկներ ներգրավելու համար։

Պատրաստման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալեկարլիական փայտե ձիերի արտադրության կենտրոնը համարվում է Նուսնես (Nusnäs) գյուղը, որտեղ տեղակայված են երկու արհեստանոցներ` Նիլս Օլսսոնի (Nils Olsson) և Գրաննաս Օլսսոնի (Grannas Olsson): «Գրաննաս Օլսսոնի արհեստանոցը» (Grannas A. Olssons Hemslöjd) հիմնադրվել է 1922 թվականին և այսօրվա դրությամբ համարվում է դալեկարլյան փայտե ձիերի հնագույն և ամենախոշոր արտադրությունը[3]։ Ֆաբրիկայում աշխատում են շուրջ 80 մարդ, որոնցից 15–ը նկարիչներ են[8]։ «Նիլս Օլսսոնի արհեստանոցը» (Nils Olsson Hemslöjd) հիմնադրվել է 1928 թվականին։

Այսօր յուրաքանչյուր փայտե ձի, ինչպես տարիներ առաջ, փորագրվում և նկարվում է ձեռքով։ Առավել հաճախ օգտագործվող նյութը սոճին է, որն առատորեն աճում է Սիլյան լճի (շվեդ.) շրջակայքում։ Փոքր, 5 սմ-ից պակաս, պատկերաքանդակների համար օգտագործվում է լաստենի[9]։ Վարպետները շատ լուրջ են վերաբերվում նյութի որակին, մթերման ենթակա ծառերը ընտրելով ուղղակի անտառում։ Այնուհետև գերանները կտրվում են անհրաժեշտ չափի չորսուների ձևով։ Փայտանյութը պահվում է չորացման խցերում երկու-երեք շաբաթ։ 25 սմ-ից մեծ հուշանվերների համար օգտագործվում են սոսնձված չորսուներ։

Զարդակաղապարի միջոցով և ժապավենային սղոցի օգնությամբ չորսուները կտրվում են փայտե ձիու պատկերով, որն էլ համարվում է արտադրության միակ ավտոմատացման, գործընթացը։ Այնուհետև ձեռքով և դանակով պատկերը մշակվում է համապատասխան ձևով և ընկղմվում ներկի լուծույթի մեջ (առաջին շերտ, նախաներկում)։ Հաջորդ երկու փուլերում ծեփամածիկով մշակում և հղկում են, վերացնում խաղալիքի բոլոր թերությունները։ Այնուհետև մշակված մակերեսը ներկվում է փայտե ձիերի համար ավանդական գույներով` կարմիր, կապույտ, վարդագույն և սև։ Ներկված պատկերները երկու օր են մնում, մինչև ամբողջովին չորանան։ Վրա է հասնում պատկերի գեղարվեստական գեղանկարչության հերթը։ Հին գույնզգույն պատկերների նկարելը վստահում են միայն կանանց։ Խաղալիքի հիմնական մասերը` բաշը, թամբը և սանձափոկը ներկվում են կանաչ, սպիտակ, կապույտ, դեղին և շագանակագույն գույներով։ Նկարիչները անընդհատ փորձեր են կատարում դալեկարլյան փայտե ձիերի ձևի և գեղանկարչության վերաբերյալ, բայց հասարակ հին ոճը մնում է նորաձևության մեջ։

Նախշազարդերը նկարելուց հետո փայտե ձիերը բազմաթիվ շարքերով շարելով՝ երեք օր չորանում են, և միայն դրանից հետո ծածկվում են թափանցիկ լաքով[10]։

Քանդակագործության բնագառավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից քանդակագործներն ավելի ու ավելի են դիմում դալեկարլիական ձիու թեմային։ Դասական կամ ազատ զարդանկարչության ոճով շվեդական խորհրդանիշը սկսեց հայտնվել Շվեդիայի և այլ երկրների տարբեր քաղաքների փողոցներում։ Առաջին անգամ խաղալիքը մարմնավորվել է 1939 թվականին Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսում երեք մետրանոց պատկերաքանդակով[3]։

1971 թվականին Մինեսոտա նահանգի (ԱՄՆ) Մորա քաղաքում տեղադրվեց դալեկարլիական ձիու արձանը, որը հիշեցում էր առաջին տեղաբնակների շվեդական արմատների մասին։ Այն պատրաստված էր ապակե մանրաթելային խառնուրդից, քանդակի բարձրությունը՝ 6,7 մետր էր, իսկ քաշը՝ 1,3 տոննա[11]։

Մինչ օրս ամենամեծ արձանը բացվել է 1989 թվականի դեկտեմբերին՝ Շվեդիայի Ավեստա քաղաքի մոտակայքում գտնվող արագընթաց մայրուղու կողքին։ Արձանի գտնվելու վայրը պատահական չի ընտրվել, Դալարնա նահանգ մեկնողներին առաջինը դիմավորում է նրա խորհրդանիշը և ողջ երկրի հպարտությունը։ Այս բետոնե «խաղալիքի» բարձրությունը 13 մետր է, այն կշռում է ավելի քան 65 տոննա[5]։ Հսկա ձիու արձանի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը դրսևորեցին Մինեսոտայի ամերիկացիները։ Նրանք գնեցին նախագիծը, գծանկարները և արձանի կրկնօրինակը կառուցելու իրավունքը։ Շվեդների կողմից միակ պայմանը չափերի սահմանափակումն էր՝ Ամերիկյան կրկնօրինակը չպետք է բարձր լինի շվեդականից։

2000 թվականի հոկտեմբերին Շվեդիայի ժառանգության ասոցիացիան արձանի 9-մետրանոց կրկնօրինակը նվիրեց ԱՄՆՀյուսիսային Դակոտա նահանգի Մայնոտ քաղաքին[12]։

Շվեդական խորհրդանիշը զարդարում է ԱՄՆ-ի այլ քաղաքների փողոցները, դալեկարլիական ձիեր կան Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, Մինեսոտայի Քլոկեյ քաղաքում, Կանզասի Լինդսբորգանգ քաղաքում և Նեբրասկայի Օքլենդանգ քաղաքում։ Լինդսբորգը պարծենում է դալեկարլիական ձիերի եզակի հավաքածուով, որը ստեղծվել է «Վայրի դալայի որոնումները» նշանաբանով և տեղադրվել ամբողջ քաղաքում։

Արձանների բարձրությունը մեկ մետրից մի փոքր ավելին է, որոնք զարդարված են աբստրակտ մոտիվներով, նվիրված են պարին, երաժշտությանը, ֆուտբոլին կամ նույնիսկ պարզապես հեռախոսին։ Իհարկե, կան նաև դասական կարմիր քանդակներ։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխույժ դալեկարլյան կարմիր փայտե ձին ամերիկյան գրող Ուրսուլա Լե Գինի «A Ride on the Red Mare's Back» (1992) երեխաների համար գրված հեքիաթի հերոսն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Музей деревянной лошадки. Швеция.
  2. 2,0 2,1 2,2 «Возраст деревянной лошадки» Արխիվացված 2014-04-26 Wayback Machine. История. Сайт фабрики «Grannas A Olsson Hemslöjd AB», Нуснес, Швеция.
  3. 3,0 3,1 3,2 «История даларнской лошади» Արխիվացված 2016-06-10 Wayback Machine. Сайт фабрики «Nils Olsson Hemslöjd AB», Нуснес, Швеция.
  4. «Компания» Արխիվացված 2014-04-26 Wayback Machine. Про Граннас. Сайт фабрики «Grannas A Olsson Hemslöjd AB», Нуснес, Швеция.
  5. 5,0 5,1 Далекарлийская лошадка Արխիվացված 2020-09-28 Wayback Machine. Сайт изучения шведского языка «MinSvenska.ru».
  6. Далекарлийская лошадка Արխիվացված 2013-12-08 Wayback Machine. Сайт Мастерской ремёсел по дереву. STH Bygg. г. Свэрдшё.
  7. Далекарлийские лошадки. Сайт ремёсел города Рэттвик.
  8. «Далекарлийские лошадки». Julregn, 2005.
  9. «Производство тогда и сейчас» Արխիվացված 2015-09-24 Wayback Machine. Производство. Сайт фабрики «Grannas A Olsson Hemslöjd AB», Нуснес, Швеция.
  10. «Шведская лошадка Дала» Արխիվացված 2014-04-27 Wayback Machine. Сайт Nordic Design.
  11. Далекарлийская лошадь, Мура, MN. Highway Highlights. Сайт придорожных достопримечательностей.
  12. Далекарлийская лошадь Արխիվացված 2014-10-15 Wayback Machine. Ассоциация Шведского Наследия. Майнот, Северная Дакота.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]