Դալայ Լամա III
Դալայ Լամա III տիբեթերեն՝ བསོད་ ནམས་ རྒྱ་མཚོ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1543 կամ 1543 |
Ծննդավայր | Լհասա, Չինաստան |
Մահացել է | ապրիլի 20, 1588[1] |
Մահվան վայր | Մոնղոլիա |
Քաղաքացիություն | Չինական կայսրություն |
Կրոն | Տիբեթական բուդդայականություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Ծնողներ | հայր՝ Դեպա Նամգյալ Դրակպա |
Զբաղեցրած պաշտոններ | դալայ լամա |
Sonam Gyatso, 3rd Dalai Lama Վիքիպահեստում |
Դալայ լամա III, Սոնամ Գյացո (տիբեթերեն བསོད་ནམས་རྒྱ་མཚོ་, վայլի bsod nams rgya mtsho, փետրվարի 28, 1543 կամ 1543, Լհասա, Չինաստան - ապրիլի 20, 1588[1], Մոնղոլիա), երրորդ դալայ լաման, տիբեթյան կրոնական և քաղաքական գործիչ, «Մաքրված ոսկու էությունը» լամրիմի հեղինակը (նաև կոչվում է լամրիմ Սերշունմա)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1543 թվականին, Լհասայից ոչ հեռու, Կիսյոյի շրջանում, մեծահարուստ Նամյել Դրապկայի ընտանիքում։ Նրա ծնողների մյուս երեխաները մահացել էին, և որպեսզի նորածնին պաշտպանեն այդ չարիքից, նրանք կերակրում էին սպիտակ այծի կաթով, և տվեցին Ռանուսի Չոպել Զանգպո անունը, ինչը թարգանաբար նշանակում է «Այծի կաթով պաշտպանված երջանիկ տղա» (անգլ.՝ happy boy protected by goat’s milk):
1546 թվականին, երեք տարեկան հասակում, նա համարվեց վերածնված Գենդուն Գյացոն՝ Դալայ լամա II-ը։ Մեծ շքախումբը նրան ուղեկցեց դեպի Դրեպունգ մենաստան, որտեղ վանական Պանչեն Սոնամ Դրագպան դարձավ նրա դաստիարակը և սկսեց զբաղվել երեխայի կրթության հարցերով։ Պանչեն Սոնամ Դրագպան 15-րդ Գանդեն տրիպպան էր՝ մեծ ուսուցիչը։ Նա նաև տուլկուների ուսուցիչն էր, տարբեր ուսումնական նյութերի և բուդդիստական տեքստերի հեղինակ։
Սոնամ Գյացո անունը տղան ստացել է 7 տարեկան հասակում։ 1552 թվականին, ավարտելով կրթությունը Դրեպունգ մենաստանում, կարգվեց որպես Դրեպունգ մենաստանի վանահայր։ Նրա հեղինակությունը արագորեն տարածվեց, Սեռայի վանքի վանականները նույնպես սկսեցին ընդունել նրան և ճանաչեցին որպես վանահայր։ 1558 թվականից Սոնամ Գյացոն Սեռա մենաստանի վանահայրն էր[3]։
Ըստ Գելուգպա բուդդիստական դպրոցի ուսուցիչ, գիտնական և վանական Սումպ Խենպոյի, Սոնամը նաև ուսումնասիրել է Նյինգմապայի որոշ Տանտրաիկ վարդապետությունները։
1564 թվականին մահացավ տիբեթյան Կագյու դպրոցի հովանավոր և աջակից տիբեթցի թագավորներից մեկը, իսկ Սոնամ Գյացոն ուղեկցում էր նրա հուղարկավորության թափորը։ Այդ իրադարձությունից հետո, 1570-ական թվականներից Սոնամ Գյացոյի քաղաքական իշխանությունը, ինչպես և Գելուգպաների իշխանությունը, դարձան Տիբեթում գերիշխող։
«Դալայ լամա» տիտղոսի ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դալայ Լամա» տիտղոսն առաջին անգամ շնորհվել է Սոնամ Գյացոյին՝ մոնղոլական տիրակալ Ալթան խան Ամդանի կողմից, 1578 թվականին։
Հայտնի էր, որ սկսած Չինգիզ խանի ժամանակներից, Մոնղոլիայում կարող էին իշխել միայն նրանք, ովքեր թագավորական տոհմից էին։ Այդ փաստը բարկացնում էր բոլոր պոտենցիալ թեկնածուներին, ովքեր չունեին թագավորական ծագում։ Ալթան խանը առաջինն էր, ով հասկացավ, որ բուդդայական հավատքի միջոցով նա կարող է լեգիտիմություն ստանալ։ Եվ որպես հիմնավորում նա պնդում էր, որ ինքը վերածնված Խուբիլայ խանն է։
1578 թվականին մոնղոլ Ալթան խան Ամդան Սոնամին հրավիրեց Մոնղոլիա, որտեղ նա մասնակցեց մոնղոլական իշխանների համագումարին։ Խանը նրան նվիրեց ոսկե կնիք՝ «Վաջադհարայի Դալայ լամայի կնիքը։ Թո՛ղ հաղթանակ լինի» մակագրությամբ։
Այսպիսով, Ալթան խանը Սոնամ Գյացոյին տվեց «Դալայ լամա» տիտղոսը, որը հետմահու շնորհեց նաև Սոնամին նախորդած երկու կրոնական առաջնորդներին՝ Սոնամ Գյացոյին դարձնելով Դալայ լամա III[4]: Ի պատասխան, Սոնամը հրապարակավ մոնղոլ խանին հռչակեց Խուբիլայ խանի ռեինկառնացիա կամ վերամարմնավորում և տվեց Բրահմա անունը ((սանսկրիտերեն ब्रह्मा, Brahmā IAST) արարիչ աստծո անունը)։ Դալայ լամա III-ը հայտարարեց, որ ինքը Սակյա դպրոցի հիմնադիր Պագբա լամայի ռեինկառնացիան է և վերածնված Խուբլայ խանի հետ համագործակցելու է բուդդայական կրոնի տարածման գործում։ Այսպիսով, Սոնամ Գյացոն դարձավ առաջին դալայ լաման, ում պաշտոնապես դիմել են այդ տիտղոսով։
Բուդդիզմի տարածումը Մոնղոլիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Սոնամ Գյացոն պատասխանատու էր բուդդիստական Գելուգպա (դեղին գլխարկ) դպրոցի և Գելուգպայի մյուս հաստատությունների համար, օտարերկրյա հովանավոր գտնելու համար ակտիվ բանակցություններ էր վարում խաների և իշխանների հետ։ Արդյունքում այդ հովանավորը դարձավ մոնղոլական Ալթան խանը։
1569 թվականին Ալթան խանը առաջին անգամ Սոնամին հրավիրել է Մոնղոլիա, սակայն, ըստ երևույթին, նա հրաժարվել է գնալ։ Մերժումից հետո խանը կրկին ուղարկել է սուրհանդակ, ով Սոնամին զեկուցել է ամբողջ Մոնղոլիայում բուդդայական կրոնը տարածելու մեծ ցանկության և հնարավորության մասին։ 1573 թվականին Ալթան խանը գերի է վերցրել մի քանի տիբեթցի բուդդայական վանականների՝ հնարավոր բանակցություններ սկսելու նպատակով։
1571 թվականին Ալթան խանը կրկին հրավիրել է Սոնամին Մոնղոլիա՝ պատրաստականություն հայտնելով ընդունել տիբեթյան բուդդիզմ։ Որոշ վարանումնումներից հետո, երբ հետևորդները խնդրում էին նրան չմեկնել և կրկնին մերժել առաջարկը, Սոնամ Գյացոն որոշում է ընդունել առաջարկը։ Նա խանին հանդիպում և ընդունում է Մոնղոլիայում գտնվող Ահրիկ Կարպատանգ բնակավայրում, որտեղ մոնղոլները հատուկ ճամբար էին ստեղծել՝ նրա շքախմբի ընդունելության համար։ Երբ ժամանեցին ճամբար, նրանց դիմավորեցին ավելի քան տասը հազար մարդ, այդ թվում՝ Ալթան խանը, որը կրում էր Դհարմային իր նվիրվածությունը խորհրդանշող սպիտակ զգեստ։ Սոնամ Գյացոյին սիրաշահելու համար մոնղոլները զոհաբերեցին հազարավոր կենդանիներ, իսկ որպես ընծա նվիրեցին հինգ հարյուր ձի։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ Սոնամ Գյացոյի և Ալթան խանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ամդոյում կամ Կոկոնոր լճի մոտ, այլ ոչ թե Մոնղոլիայում։ Այս անհամապատասխանությունն առաջացել է տիբեթյան գրականության մեջ հանդիպող այլընտրանքային նկարագրությունների առկայության պատճառով։
Ալթան խանը դարձավ տիբեթյան բուդդիզմի Գելուգպայի շքանշանակիր (հիմնադրվել է Ցոնկապայի կողմից 1357-1419 թվականներին)։ Գելուգպա դպրոցը ներկայացնում էր տիբեթական բուդդիզմը՝(դեղին հավատ) միաձուլելով նախաբուդդայական մոնղոլական հավատալիքները բուդդիզմին։ 1577 թվականին, այդ շքանշանի առաջնորդ Սոնամ Գյացոյին խանը հրավիրեց Մոնղոլիա և խնդրեց բուդդայականության դասեր տալ իր ժողովրդին։
Ալթան խանի օրոք կառուցվել է Մոնղոլիայի առաջին բուդդայական տաճարը՝ Թեգեն Չոնխորը, սկսվել է տիբեթյան տեքստերը մոնղոլերեն թարգմանելու մի հսկայական ծրագիր։ 50 տարվա ընթացքում մոնղոլների մեծ մասը դարձավ բուդդայական, տասնյակ հազարավոր վանականներ, որոնք Գելուգպա դպրոցի անդամ էին և հավատարիմ Դալայ լամային։
Ալթան խանը մահացավ 1582 թվականին՝ Դալայ լամա III-ի հետ հանդիպումից չորս տարի անց։ Ըստ լեգենդի, Ալթան խանի որդի Աբթայ Սան խանը Դալայ լամա III-ից ստացել է Բուդդայի մասունք՝ բուդդիզմի տարածմանը օգնելու համար։
1585 թվականին Սոնամը վերադարձավ Մոնղոլիա, կառուցեց մի քանի վանքեր, տաճարներ, մենաստաններ և իր հավատքին բերեց ավելի շատ մոնղոլական իշխանների և մոնղոլական ցեղերի։
1574 թվականին հիմնել է Նամգյալ մենաստանը (հին անվանումը՝ Պենդե Լեքշեյ Լինգ), որը հետագայում դարձավ բոլոր դալայ լամաների անձնական մենաստանը։ Դալայ լամա III-ը հիմնեց ևս մի քանի մենաստաններ. Կումբում տաճարը՝ Ցոնկապիում, Լիթանգ տաճարը՝ Կամում, Արևելյան Տիբեթում, և այլն։
1588 թվականին Մինգ կայսրը Դալայ լամա III-ին հրավիրում է Մոնղոլիա, որտեղ էլ նա մահանում է ծանր հիվանդությունից, 45 տարեկան հասակում՝ չհասցնելով վերադառնալ Տիբեթ։
Սոնամ Գյացոյի հաջորդը՝ Դալայ Լամա IV, դարձավ Ալթան խանի ծոռ Յոնցեն Գյացոն։
Ուրիշներին տուր հաղթանակը և ավարը. կորուստներն ու պարտությունները վերցրու քեզ - Սոնամ Գյացո
|
To others give the victory and the spoils; The loss and defeat, take upon oneself - Sonam Gyatso
|
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սակյա դպրոցի հիմնադիր Պագբա լաման
-
Ալթան խանը
-
Խուբիլայ խանը
-
Կումբում տաճարը Ցոնկապիում
-
Լիթանգ տաճարը Կամում
-
Ալթան խանի ծոռ Յոնցեն Գյացոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #122235320 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Сершунма. Ламрим Сершунма [FR12]». religion.wikireading.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «The Third Dalai Lama, Sonam Gyatso». The Treasury of Lives (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Chronology». www.pbs.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
{{cite web}}
: Text "Dreams Of Tibet" ignored (օգնություն); Text "FRONTLINE" ignored (օգնություն); Text "PBS" ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://web.archive.org/web/20090802162134/http://www.tbrc.org/kb/tbrc-detail.xq
- https://web.archive.org/web/20130331025443/http://www.hermitagemuseum.org/html_En/03/hm3_5_7a.html
- https://treasuryoflives.org/biographies/view/Third-Dalai-Lama-Sonam-Gyatso/12828
- https://www.persee.fr/doc/asie_0766-1177_2015_num_24_1_1325