Գրեգորի Օլսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Օլսեն ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրեգորի Օլսեն

Բնօրինակ անուն ազգանուն անգլ.՝ Gregory Hammond Olsen
Մասնագիտություն  ԱՄՆ
Ծնվել է ապրիլի 20, 1945(1945-04-20)[1] (79 տարեկան)
Ծննդավայր Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ

Գրեգորի Հեմմոնդ Օլսեն (ապրիլի 20, 1945(1945-04-20)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) ամերիկացի ձեռնարկատեր, ինժեներ և գիտնական։ 2005 թվականի հոկտեմբերին դարձել է երրորդ անհատը, ով ինքնաֆինանսավորվող Սփեյս Ըդվենչըրս (անգլ.՝ Space Adventures) ընկերության հետ տիեզերական զբոսաշրջություն է կատարել դեպի Միջազգային տիեզերական կայան։

Օլսենը եղել է Սենսորս Անլիմիթիդ կորպորացիայի համահիմնադիրն ու խորհրդի նախագահը։ Ընկերություն, որ մշակում է օպտոէլեկտրոնային սարքեր, ինչպիսիք են մոտիկ ինֆրակարմիր (NIR) և կարճալիք ինֆրակարմիր (SWIR) զգայուն տեսախցիկները։ Սենսորս Անլիմիթիդի հիմնական հաճախորդներից մեկը ՆԱՍԱ-ն է։ Ներկայումս Օլսենը Փրինսթոնում գտնվող ԳՀՕ Վենտուրես ՍՊԸ-ի նախագահն է, որտեղ նա ղեկավարում է իր հրեշտակային ներդրումները, Հարավաֆրիկյան գինեգործությունը, Մոնտանա ռանչոն, Մանհեթենում և Մայամիում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաև հանդես է գալիս բազմաթիվ ելույթներով՝ խրախուսելով երեխաներին, հատկապես փոքրամասնություններին և իգական սեռի երեխաներին, մտածել գիտության կամ ինժեներական ոլորտում կարիերայի մասին։ Նա նաև Ռայդերի Համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր է։

Վաղ մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլսենը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին քաղաքում՝ Էլեկտրատեխնիկայի աշխատողների միջազգային եղբայրության (ԷԱՄԵ, անգլ.՝ IBEW) անդամ էլեկտրիկի ընտանիքում։ Նրա մայրը դպրոցի ուսուցչուհի էր։ Նա մեծացել է Բեյ Ռիջում և 1962 թվականին ավարտել է Նյու Ջերսի նահանգի Ռիջֆիլդ պարկի (անգլ.՝ Ridgefield) ավագ դպրոցը։ Օլսենն ի սկզբանե ցանկանում էր բեյսբոլիստ դառնալ, բայց տեղական փոքր լիգայի ելույթներից հասկացել է, թե որքան կոշտ են չափանիշները։ Օլսենն էլեկտրիկ դառնալու համար ոգեշնչվել է իր հորից՝ տանը մշտապես սովորելով ինքնուրույն վերանորոգել իրերը՝ վերանորոգող կանչելու փոխարեն[2]։

Այն բանից հետո, երբ ավագ դպրոցի վատ գնահատականների պատճառով ուսուցիչները նրան դուրս են թողել որպես ձախողակ, Օլսենը ծրագրել է միանալ Միացյալ Նահանգների բանակին, մինչև նրան խորհուրդ են տվել մի քանի ամիս փորձել քոլեջ հաճախել։ Տեղական ԷԱՄԵ կրթաթոշակի շնորհիվ Օլսենը հաճախել է քոլեջ, պահպանել է բարձր գնահատականներն ու գերազանցությամբ ավարտել է Ֆերլի Դիքինսոնի համալսարանը (անգլ.՝ Fairleigh Dickinson University)՝ մի քանի գիտական կոչումներով[3] : Հետագայում Վիրջինիայի համալսարանի կողմից ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում նյութագիտության ոլորտում։

Նա ունի երկու դուստր՝ Քիմբերլին և Քրիստան, և վեց թոռ՝ Ջասթին Դիբսին, Քարթեր Դիբսին, Դենիել Դիբսին, Ռոմինա Լապադուլան, Աֆինա Լապադուլան և Օրիանա Լապադուլան։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլսենը խոստովանում է, որ քիչ է վերապատրաստվել բիզնեսի համար և կարծում է, որ 100 միլիոն դոլարից պակաս եկամուտ ունեցող ընկերությունների համար (փոքր ընկերություններ, ինչպես ինքն է նրանց անվանում), հաջողությունն ավելի շատ հիմնված է «ինտուիցիայի, բնազդի և քրտնաջան աշխատանքի վրա»։ Նա իր հաջողությունը վերագրում է ասպիրանտուրայում ստացած գիտական կրթությանը։ «Իմ սկսնակ ընկերություններից երկուսը վերաբերում են այն ոլորտներին, որտեղ ես սովորել եմ։ Օրինակ իմ առաջին ընկերությունը՝ EPITAXX-ը (օպտիկամանրաթելային հեռահաղորդակցության և կաբելային հեռուստատեսության ցանցերի օպտիկական դետեկտորների և ընդունիչների մատակարար), հիմնված էր ֆիզիկայի և նյութագիտության իմ գիտելիքների վրա»։ Օլսենը սիրում է իր փողերը ներդնել բարձր ռիսկային ստարտափներում[4]։ 1984 թվականին Վլադիմիր Բենի (անգլ.՝ Vladimir Ban) հետ միասին Օլսենը հիմնադրել է EPITAXX-ը՝ օպտիկամանրաթելային դետեկտորների արտադրողը։ 1990 թվականին ընկերությունը վաճառվել է 12 միլիոն դոլարով։ Այնուհետև նա դոկտոր Մարշալ Ջ․ Քոհենի (անգլ.՝ Dr. Marshall J. Cohen) հետ 1992 թվականին հիմնադրել է Sensors Unlimited-ը։ 2000 թվականին Sensors Unlimited-ը վաճառվել է 600 միլիոն դոլարով։ Այնուհետև 2002 թվականին այն գնվել է մենեջերների թիմի կողմից 6 միլիոն դոլարով և 2005 թվականին կրկին վաճառվել է՝ 60 միլիոն դոլարով[5]։

Տիեզերական թռիչքի մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ) ժամանելով Սոյուզ ՏՄԱ-7 տիեզերանավով (մեկնարկել է 2005 թվականի հոկտեմբերի 1-ին, վայրէջք է կատարել հոկտեմբերի 3-ին) և վայրէջք կատարելով Սոյուզ ՏՄԱ-6 տիեզերանավով (հոկտեմբերի 10-ին), Օլսենը դարձել է երրորդ տիեզերական զբոսաշրջիկը, ով այցելել է ՄՏԿ իր սեփական միջոցներով՝ Դենիս Տիտոյից (2001) և Մարկ Շաթլվորթից (2002) հետո (բոլոր երեք տիեզերական զբոսաշրջիկները թռել են Սփեյս Ըդվենչըրս ընկերության միջոցով)։ 2013 թվականից Սոյուզ ՏՄԱ—6-ը ցուցադրվում է Ինտրեպիդ թանգարանի տիեզերանավերի տաղավարում։ Օլսենը մի քանի դիտողություններ է արել՝ նշելով, որ ինքը դժգոհ է «տիեզերական զբոսաշրջիկ» նշումից։ Ահա Նեյշընըլ Ջիոգրեֆիկի (անգլ.՝ National Geographic) շապիկից մի մեջբերում (2007 թվական)․ «Գրեգ․ «Տիեզերական զբոսաշրջիկ» տերմինը նշանակում է, որ դուք չեկ եք գրում և գնում եք զվարճալի ճանապարհորդության։ Եվ հավատացեք ինձ, դա ամենևին էլ այդպես չէ։ Պատմող․ Գրեգը քրտնաջան աշխատել է այդքան հեռու գնալու համար՝ երկու տարի աշխատելով Ռուսաստանի տիեզերական գործակալությունում»։

Օլսենը Փոլ Սթենինգին (անգլ.՝ Paul Stenning) տված հարցազրույցում շատ մանրամասն խոսել է իր թռիչքի մասին։ Նա պատմել է, որ ստիպված է եղել մեկուկես տարի մարզվել, նախքան նա պատրաստ կլիներ տիեզերք գնալու։ Սովորական ռենտգենի ժամանակ նրա թոքերի վրա սև կետ է հայտնաբերվել։ Նա պետք է ամեն ամիս բժշկական զննում անցներ՝ թռիչքի թույլտվություն ստանալու համար։ Նրանից 9 ամիս է պահանջվել բժշկական հետազոտություն անցնելու համար[6]։

Տիեզերակայանում գտնվելու ընթացքում նա մի քանի փորձեր է կատարել հեռազննման և աստղագիտության վերաբերյալ։ Դոկտոր Օլսենը հանդիսանում է ՖԴՀ (FCC) kc2onx զանգի նշանով լիցենզավորված սիրողական ռադիոլսող և ուսանողների հետ շփվել է տիեզերքից սիրողական ռադիոյի միջոցով՝ որպես ՍՌՄՏԿ (ARISS) նախագծի մաս։ Նյու Ջերսիի ավագ դպրոցում ոչ պաշտոնական շնորհանդեսի ժամանակ դոկտոր Օլսենը իր տիեզերական շրջագայության արժեքը գնահատել է 20 միլիոն ԱՄՆ դոլար։

Պարգևներ և պատիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլսենը 2010 թվականին ընտրվել է ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիայի անդամ՝ օպտիկամանրաթելային հաղորդակցության և ազգային պաշտպանության համար օպտիկական բաղադրիչների հետազոտման և առևտրայնացման համար[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. Paul Stenning, Success – By Those Who’ve Made It. 2013, p.133.
  3. Carroll, Kathleen. (2006 թ․ մայիսի 4). «FDU renames engineering school after $5M gift». The Record. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին. «About 200 people gathered at Fairleigh Dickinson University on Wednesday to celebrate the university's largest-ever gift and the renaming of one of its schools. Alumnus and trustee Gregory Olsen, the world's third civilian astronaut and the founder of two fiber-optics companies, was greeted with a standing ovation...»
  4. Nagy, Kim; and Stocke, Joy "Reaching for the Stars: An Interview with Greg Olsen – Scientist, Entrepreneur, and Space Traveler", Wild River Review, November 2007. Accessed November 19, 2007.
  5. http://www.cuny.edu/research/news-events/events-mod/Greg_Olsen_bio.pdf (չաշխատող հղում)
  6. Paul Stenning, Success – By Those Who’ve Made It. 2013, p.135.
  7. «Dr. Gregory H. Olsen». NAE Website. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.