Գրասիելա Չիչիլնիսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրասիելա Չիչիլնիսկի (անգլ.՝ Graciela Chichilnisky, )[1], արգենտինական ծագումով ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, կլիմայի փոփոխությունների բնագավառի փորձագետ[2][3], Global Thermostat ընկերության համահիմնադիր և նախկին գլխավոր գործադիր տնօրեն[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, Ռուսաստանից գաղթած հրեական ընտանիքում։ Քանի որ 1966 թվականի հունիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո արգենտինացի զինվորականները բռնությամբ փակել են Բուենոս Այրեսի համալսարանի գիտական բաժանմունքները, Գրասիելան ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆորդի հիմնադրամի աջակցությամբ[2] ընդգրկվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մաթեմատիկական առարկաների դոկտորական ծրագրում[5]։ 1968 թվականին տեղափոխվել է Բերքլիի Կալիֆոռնիական համալսարան, որտեղ երկու տարի անց դոկտորի գիտական աստիճան է ստացել մաթեմատիկայի ասպարեզում։ 1976 թվականին էլ նրան շնորհվել է տնտեսագիտության դոկտորի աստիճան (դոկտորական ատենախոսության գիտական ղեկավարը ականավոր տնտեսագետ Ժերար Դեբրյոն էր)[6]։ Հետդոկտորական շրջանում մեկ տարի պաշտոնավարել է Հարվարդի համալսարանում, ապա դասախոսական աշխատանքի անցել Կոլումբիա համալսարանում։ 1980-1981 թթ․ տնտեսագիտություն է դասավանդել Էսսեքսի, 1985-86 թվականներին՝ Անտիլյան կղզիների և Գվիանայի համալսարանում[7][8][9]։ 1995-2008 թվականներին եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մաթեմատիկայի և տնտեսագիտության պրոֆեսոր, միաժամանակ որպես այցելու պրոֆեսոր դասախոսել է մի շարք համալսարաններում, ներառյալ Սթենֆորդի համալսարանը[2][5][10]։

2010 թվականին Փիթըր Այզենբերգերի ու Էդգար Բրոնֆման Կրտսերի հետ համատեղ հիմնել է Global Thermostat ընկերությունը։

Չիչիլնիսկին շուրջ քսան գրքի և 330-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես այն բանի շնորհիվ, որ առաջ է քաշել ու զարգացրել ածխածնի արտանետումների հետ ըստ որոշակի չափաբաժինների գործողություններ կատարելու գաղափարը, որն ընկած է 2005 թվականից միջազգային իրավունքի ուժ ստացած Կիոտոյի արձանագրության հիմքում։ Կին գիտնականի համբավի տարածմանն ու ամրապնդմանը նպաստել է նաև այն հանգամանքը, որ նա եղել է կլիմայի փոփոխությունների հետազոտման նպատակով 2007 թվականին ստեղծված միջկառավարական փորձագիտական խմբի առաջատար հեղինակը (ընդ որում՝ այդ խումբն իր կատարած աշխատանքի համար արժանացել է Նոբելյան մրցանակի)[11]։

Միջազգային առևտրի տեսության ասպարեզում Չիչիլնիսկու կարևոր ներդրումը եղել է այսպես կոչված փոխանցումային պարադոքսի մի նմուշօրինակի կառուցումը, ըստ որի՝ նվիրատուից բարիքների փոխանցումը կարող է հանգեցնել ստացողի վիճակի վատթարացմանը և տվողի վիճակի բարելավմանը։

Բարեկեցության տնտեսագիտության և քվեարկության տեսության բնագավառներում, մասնավորապես՝ հասարակական ընտրության տեսության մեջ, Չիչիլնիսկին ներդրել է կոլեկտիվ որոշումներ կայացնելու շարունակական մոդելը՝ հանրահաշվական տոպոլոգիայի կիրառմամբ։ Նրա այս նախաձեռնությանը հետևելով և ժամանակի ընթացքում այն զարգացնելով՝ շարունակական հասարակական ընտրությունը դարձրել են միջազգային ենթագիտաճյուղ։ 1980-1990-ականներին Չիչիլնիսկին որոշ հետազոտություններ իրականացրել է՝ համագործակցելով մաթեմատիկ-տնտեսագետ Ջեֆրի Հիլի հետ, ով եղել է նրա գործընկերը Էսսեքսի և Կոլումբիայի համալսարաններում։

Դատական վեճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Չիչիլնիսկին դատի է տվել տնտեսագիտության երկու պրոֆեսորի՝ նրանց մեղադրելով իր գաղափարները գողանալու մեջ։ Վերջիններս հանդես են եկել հակընդդեմ հայցով, և նա ետ է վերցրել իր հայցադիմումը։ Ժամանակի լրագրերի ներկայացմամբ՝ դատական վեճի առարկան, փորձագետների մեծ մասի կարծիքով, եղել են մանր-մունր բաներ[12]։ 1991 և 2000 թվականներին Չիչիլնիսկին դատի է տվել իր գործատուին՝ Կոլումբիայի համալսարանին՝ մեղադրելով գենդերային խտրականության, անհավասար վարձատրության, իրեն շնորհված պաշտոնը լուծարելու փորձերի մեջ։ Վեճը լուծվել է 2008 թվականին, ընդ որում՝ պայմանները չեն հրապարակվել[5][13][14]։ New York Sun թերթի հաղորդման համաձայն՝ Չիչիլնիսկին $200․000 ամերիկյան դոլար է ստացել։ Կոլումբիայի համալսարանի մամլո խոսնակն էլ հայտնել է, որ Չիչիլնիսկին հայտարարագիր է ստորագրել՝ նշելով, որ իր աշխատավարձը խտրական չի եղել[15]։

Աշխատությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապես գրախոսված հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատվածներ գրքերից[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Գրասիելա Չիչիլնիսկուն 2015 թվականին IAIR-ը (International Alternative Investment Review) ընտրել է «Տարվա լավագույն գլխավոր գործադիր տնօրեն կայուն զարգացման բնագավառում»[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Birth year from German National Library catalog data, retrieved 2019-09-22
  2. 2,0 2,1 2,2 Curriculum vitae Արխիվացված 2018-02-19 Wayback Machine from Columbia University, May 2010, retrieved 2017-04-23.
  3. Faculty listing, Columbia Economics Department, retrieved 2017-04-23.
  4. «Global Thermostat». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 Fogg, Piper (2003 թ․ հոկտեմբերի 17), «A Lone Woman Takes on Columbia», Chronicle of Higher Education.
  6. «Chichilnisky's CV» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. www.chronicle.com https://www.chronicle.com/article/a-lone-woman-takes-on-columbia/. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. «Graciela Chichilnisky's innovation: carbon capturing». the Guardian (անգլերեն). 2010 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  9. «Columbia, Prof. Reach Second Gender Dispute Settlement». www.nysun.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  10. «Graciela Chichilnisky | SIEPR». siepr.stanford.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  11. Siegle, Lucy (2010 թ․ նոյեմբերի 14). «Graciela Chichilnisky's innovation: carbon capturing». The Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  12. Warsh, David (1996 թ․ մայիսի 5), «A bitter battle illuminates an esoteric world», Boston Globe. Reprinted by the Chicago Tribune, May 6, 2006.
  13. Chichilnisky v. Columbia University Արխիվացված 2012-03-06 Wayback Machine, American Association of University Women, retrieved 2011-01-17.
  14. Strauss, Valerie (2007 թ․ դեկտեմբերի 3), «Taking on the Economics of Gender Inequity», Washington Post.
  15. Goldberg, Ross (2008 թ․ հուլիսի 1), «Columbia, Prof. Reach Second Gender Dispute Settlement», New York Sun, Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին, Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
  16. «Graciela Chichilnisky Selected As 2015 CEO of the Year» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]