Գողթն գավառի տարազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուղայի աղջկա տարազ

Գողթն գավառի տարազ, կամ Նախիջևանի տարազ, տարածված է եղել Մեծ Հայքի Վասպուրականի Գողթն գավառում, Նախիջևանում։ Պատմականորեն ձևավորված այս ավանդական տարազը 19-րդ դարի վերջերից քաղաքներում և ավաններում (Նախիջևան, Որդուար, Ագուլիս, Աստապատ, Շոռոթ, Ցղնա) տեղի է տվել եվրոպական ու քաղաքային տարազին։ Հայոց տարազի մանրամսաները եվրոպականով և այսպես կոչված «կովկասականով» փոխարինելուն նպաստում էին նաև Ագուլիսի, Շոռոթի, Նախիջևանի, Աստապատի և այլ բնակավայրերի առևտրական դասի, ինչպես նաև Ասիայի ու Եվրոպայի բազմաթիվ երկրներում ուսանելու մեկնած մեծաթիվ երիտասարդների ու մտավորականության սերտ կապերը։ Այնուամենայնիվ նկատելի է նաև այն ձգտումը, որ եվրոպական տարազի նորամուծություններր Նախիջևանում, մասնավորապես Գողթնի կանանց տարազում, օգտագործվել են ստեղծագործաբար և այն համադրել ազգային ավանդույթներով պահպանված տարազի հետ[1]։

Այստեղ տարազի համար օգտագործվել Է մեծամասամբ տեղական բազմազան հումքը և տեղում արտադրվող բազմաձև զարդերը։ Հայտնր է, որ Ագուլիսում, Նախիջևանում, Որդուարում, Ցղնայում, Շոռոթում, Ջուղայում, Աստապատում և այլ բնակավայրերում 15-19-րդ դարերում գործում Էին բազմաթիվ գործատներ ու արհեստանոցներ, ուր արտադրվում էին բարձրորակ մետաքսյա ու բրդյա գործվածքներ, արծաթյա ու ոսկյա զարդեր, դաջածո և ասեղնագործ կտորեղեն և այլ նյութեր։ Այստեղ զգալի չափերի Է հասել նաև եվրոպական ու ասիական երկրներից առևտրի միջոցով ներմուծված օտարերկրյա կերպասեղենի, զանազան գործվածքների ու զարդեղենի օգտագործումը։ Նախիջևանի գավառների տարազաձևերից համեմատաբար քիչ թե շատ խմբավորված և ուսումնասիրված Է Գողթնի տարազը։ Այն իր արտաքին ձևով ազգակցում է Սյունիքի և Արցախի տարազներին։

Կանացի զգեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գողթն գավառի կանանց տարազը մասնակիորեն ընդհանրություններ ունի Սյունիք-Արցախի կանանց տարազի հետ։

Գողթնի կանանց ավանդական տարազի համալիր մասերն են սպիտակեղենը, վրայի շապիկը, վերնազգեստը, գոտին (մետաքսյա, արծաթյա), վերարկուն (նաև վերարկու-քուրքը), արխալուղը, կրծկալը, գուլպան, կոշիկը (քոշը), գլխի հարդարանքը։

Սպիտակեղենը կարվում էր տեղում արտադրված բամբակյա կտորից։ Վրայի շապիկը կարմիր գույնի կտորից էր, վզի բացվաքը զարդարված՝ ոսկեգույն, նեղ ժապավենով։ Վրայից հագնում էին վերնազգես-արխալուղը, որը հիմնականում կարվում էր կարմիր կտորից և երիզվում կանաչ քյոբայով։ Շագանակագույն կամ սև արխալուղը երիզվում էր կարմիր քյոբայով։ Մեջքը կարով էր, լայնափեշ շրջազգեստը հավաքվում էր կիպ վերնամասի տակ։ Աստառը մուգ կարմիր կամ մանր ծաղկավոր չթե կտորից էր,երկայնակի կարով կարված, որը արխալուղի վրայից չէր երևում։ Կողքերում ուներ գրպանի բացվածք։ Վզի բացվածքին ավելացվում եր սրածայր կտոր, որը օձիքի դեր էր խաղում։ Թևատակերը ճեղքով էին։

Քուրքը կարվում էր կապույտ, կանաչ կամ մուգ կարմիր թավշյա կտորից։ Թևքերի երկարությունը հասնում էր մինչև արմունկները։ Երիզված էր աղվեսի մորթու նեղ շերտով, աստառապատված էր չթե կտորով։

Կրծկալի դերը ինչպես այլ տարազներում այնպես էլ այստեղ նույն էր, սակայն տարբեր էր կրելու ձևը։ Եթե այլ տարազներում կրծկալը կապվում էր զգեստի տակից և նպատակ ունենալով կրծքի բացվածքը ծածկել, ապա այստեղ կրում էին վերնազգեստի, անգամ վերարկույի վրայից, վերևի երկու կապիչներով ամրացնելով վզին։ Կրծկալը իրենից ներկայացնում էր ծաղկավոր, գծավոր կամ միագույն քառանկյունաձև կտոր, վզի լայն բացվածքով, որը հավաքվում էր մանդիլակապի տակ և կապիչներով ամրացվում ծոծորակին։ Գողթնի բոլոր գյուղերում կրծկալն ուներ միևնույն ձևվածքը։

Գլխի հարդարանքը ճոխ էր։ Կանանց գլխի հարդարանքներում օգտագործվում Էր գլխաշոր, արծաթյա դրամներով պսակված կոտ, ծամքող, ճակտնոց (դինգ), շղարշ, քթկալ, կեռաազարդ (հրսանոց), կնջիկ ծածկոց, զանազան ձևերի վզնոցներ, ականջողեր, գնդեր, ապիջակներ (կրծքի զարդ) և այլ զարդեր։ Երիտասարդ կանայք և աղջիկները աչքերին սուրմա էին քսում, որպես օծանելիք՝ վարդի ջրից պատրաստած բուրումնավետ հեղուկ (գուլաբը) օգտագործում։ Մազերին հինա էին դնում, մատներին՝մատանիներ կրում։

Ագուլեցի կինը գլխի վրա կրում էր բարձր կոտ, վրայից գցում էր շղարշ, ուներ բերնակապ, որը բաղկացած էր երկու մասից՝ առաջինը ծածկում էր բերանը, իսկ երկրորդը ծաղկավոր կտորից պատրաստված կրծկալի պես իջնում էր մինչև կուրծքը[2]։

Գլխի հարդարանքում կարևոր նշանակություն ուներ ճակատնոցի վրայից գործածվող քողը, որը կանանց մոտ կարմիր էր, իսկ աղջիկների մոտ՝ սպիտակ։

Գողթն գավառում կանանց գոտին կարվում էր բամբակյա, իսկ ունևորներինը՝ մետաքսյա կտորից, որը և նյութով և գործածման եղանակով նման էր Սյունիք-Արցախի կանանց գոտուն[3]։

Գողթնում երեխաների հագուստի տակից հագցնում էին երկար ու նեղ փողքերով բամբակյա սպիտակ կտորից վարտիք, որը պետք է երևար զգեստի տակից։

Տղամարդկանց զգեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գողթնի տղամարդկանց տարազի մաս են կազմել սպիտակեղենը, շապիկը, անդրավարտիքը, գոտին, արխալուղը, չուխան, վերարկուն, գլխարկը, գուլպան, տրեխը։

Սպիտակեղենը կարվում էր տեղական սպիտակ կտավից։ Արխալուղը կարվում էր բամբակյա կամ մետաքսե կտորից, հասնում էր մինչև ծնկները, գոտկատեղը կարով էր, փեշերը դարսերով, կոճկվում էր չափրաստով կամ գնդաձև կոճակով։ Կապվում էր մետաքսյա կամ բամբակյա երկար գոտի, որը 2-3 անգամ փաթաթվում էր մեջքին։ Տոնական օրերին կապում էին արծաթյա գոտի։ Չուխան կարվում էր բրդյա տնայնագործական կտորից։ Երկարությունը հասնում էր մինչև կոճերը, կոճկվում էր մեկ չափրաստով։ Աստառը բամբակյա կտորից էր։ Կրծքի աջ և ձախ կողմերում կարվում էր 6-12 մասանի փամփշտակալ։ Հասակով տղամարդիկ գլխներին դնում էին գառան մորթուց գլխարկ։ Ոտքերին հագնում էին գուլպա և տրեխ։

Գողթն գավառի տղամարդկան տարազը համեմատաբար մյուս գավառների ավելի վաղ իր տեղը զիջեց եվրոպականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նազիկ Ավագյան Հայկական ժողովրդական տարազը. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1983.
  • Առաքել Պատրիկ Հայկական տարազ. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1967.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]