Գոգոևյան օրիորդաց վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոգոևյան օրիորդաց վարժարան
Տեսակտեսարժան վայր և դպրոցի շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Գոգոևյան օրիորդաց վարժարան (ռուս.՝ Гогоевская женская гимназия), վարժարան աղջիկների համար Դոնի Ռոստովում (1882), 1917 թվականից` առաջին աստիճանի խորհրդային աշխատանքային դպրոց №45, երկրորդ աստիճանի` №6, 1959 թվականից` անգլերենի խորացված ուսուցմամբ №14 դպրոց։ Դպրոցի շենքը պատմության և մշակույթի հուշարձանների տարածաշրջանային նշանակության օբյեկտ է։

Հասցեն` Դոնի Ռոստով, 30-րդ գիծ փողոց, 8, լիտեր Ա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջում երկրորդ գիլդիայի նախիջևանցի վաճառական Նիկիտա Գոգոևը (Մկրտիչ Քրիստափորի Գոգոյան), գրող Ն. Կուկոլնիկի խորհրդով, իր մահացած չորս դուստրերի հիշատակին, երեք խանութներից և կաշվի գործարանից ստացված եկամուտը` 103237 ռուբլի, կտակեց Ռոստովում աղջիկների դպրոց ստեղծելու համար։ Նոր դպրոցի համար Գոգոևը դնում էր հետևյալ նպատակը. «...Որ դաստիարակվող օրիորդները, չստանալով փայլուն աշխարհիկ կրթություն, որը սազական չէ մեր հասարակության կենցաղին, դառնան բարի տիկնայք, որոնք ունակ լինեն իրենց երեխաներին ներշնչելու լուսավորության օգուտը»։

Նրա այրին` Սրբուհի Բաբասինյանը, 1877 թվականին մեկնել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ թույլտվություն էր ստացել հիմնելու Գոգոևյան ուսումնարանը, որից հետո սկսվել էր գիմնազիայի երկհարկանի շենքի շինարարությունը։

1882 թվականի սեպտեմբերին դպրոցը բացվեց։ Այնտեղ մինչև 1906 թվականը սովորել է 7 տարեկանից մեծ 12 աղջիկ, այնուհետև նրանց թիվը հասել է 20-ի։ Աշակերտուհիների հսկողությունն իրականացրել էր վերակացուհին, որն ապրել է նույն տեղում։ Նրա խնդիրն է եղել նաև աղջիկներին տնավարություն սովորեցնելը։

Ուսումնարանում կային արհեստանոցներ, որոնցում իրականացվում էին բնակչության պատվերները։ Աղջիկների ուսուցման ծրագիրը ներառում էր. կրոնի ուսուցում, ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն և գերմաներեն, հանրահաշիվ, երկրաչափություն, աշխարհագրություն, պատմություն, ֆիզիկա, տիեզերագրություն, մանկավարժություն, մարմնամարզություն, նկարչություն, երգ, պար և այլն։

Գոգոևյան վարժարանի աշակերտուհիների համազգեստն ուներ հետևյալ առանձնահատկությունը. դարչնագույն զգեստի քղանցքին կարված էր կարմիր եզրաշերտ։ 1912-1913 թվականներին վարժարանում բացվեցին ավագ դասարաններ, իսկ նրա շրջանավարտներին տրվում էր տնային ուսուցչուհու կոչում։

1913 թվականից Գոգոևյան ուսումնարանը վերափոխվեց կայսրուհի Մարիայի գերատեսչության հաստատությունների կանանց վարժարանի։

1917 թվականին վարժարանը փակվեց, նրա տեղում բացվեց խորհրդային առաջին աստիճանի №45 աշխատանքային դպրոցը և երկրորդ աստիճանի №6 դպրոցը։

1959 թվականին այստեղ բացվեց անգլերենի խորացված ուսուցմամբ №14 դպրոցը, որը 1992 թվականին ստացավ հումանիտար վարժարանի կարգավիճակ։

Համաձայն Ռոստովի մարզի վարչակազմի ղեկավարի 09.10.1998-ի թիվ 411 որոշման` նախկին գիմնազիայի շենքն ընդգրկվել է պատմության և մշակույթի տարածաշրջանային նշանակության հուշարձանների ցանկում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]