Գիշերային ժամերգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիշերային ժամերգություն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրվա 9 ժամերգություններից առաջինը և ամենաընդարձակը։ Այն այժմ կատարվում է վաղ առավոտյան՝ Առավոտյան ժամերգության հետ միասին։ Սակայն սկզբնական շրջանում այն կատարվել է կեսգիշերին՝ համաձայն Աստվածաշնչի հետևյալ խոսքի, որ օրը սկսվում է գիշերը․

Եվ եղավ երեկո, և առավոտ՝ օր առաջին։

Ինչպես նաև՝ Քրիստոս գիշերը Հարություն առավ, և մեռելների հարությունը գիշերն է լինել, համաձայն Աստվածաշնչի։ Դրա համար էլ աղոթքներում խնդրում ենք․ «Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել»։

Գիշերային ժամերգությունը, ինչպես մյուս բոլոր ժամերգությունները, սկսվում և ավարտվում է Տերունական աղոթքով։ Յուրաքանչյուր ժամերգություն նվիրված է Սուրբ Երրորդության մեկ անձի։

Գիշերային ժամերգության մեջ չկան Տերունական հատուկ հիշատակություններ, չնայած այն Սուրբ Ծնունդն է և այդ ժամին կատարված մյուս իրողությունները, որոնք չեն հիշատակվում։ Միայն ընդհանուր ձևով հիշատակվում է մարդկանց պահպանության և Աստծո խնամքին հանձնելու հանգամանքը։ Այս ժամի բուն խորհուրդը հոգևոր արթնությունն է։

Գիշերային ժամերգությունը կատարվում է ի դեմս Հայր Աստծո և նվիրված է Նրա փառաբանոթյանը։ Գիշերային ժամի աղոթքի խորհուրդը նախամարդու պատվիրանազանցությունն է։ «Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո» (Սաղմոս 50:17) սաղմոսն է, որը կրկնվում է երկու անգամ, ինչին սարկավագը պատասխանում է․ «Օրհնեալ է Աստուած»։

Ժամօրհնողի կողմից արտասանվող «Օրհնութիւն եւ փառք Հօր» մաղթանքից հետո սարկավագն ատյանում ասում է «Տէր զի բազում»֊ը, որը բաղկացած է չորս սաղմոսից, 64 տներից (Սաղմոս 3:1-8, Սաղմոս 87:1-19, Սաղմոս 102:1-22, Սաղմոս 142:1-12)։ Կիրակի կամ հանդիսավոր օրերին «Տէր զի բազում»֊ը երգվում է ատյանում խմբով, և հանդիսավոր եղանակով։ Այս սաղմոսն ունի յուրահատուկ երգեցողության մեղեդի։

Գլխավոր երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յիշեսցուք» երգի հեղինակը Ներսես Շնորհալին է։ Այս երգն այլ կերպ անվանում են նաև Գիշերապաշտման երգ։ Այն Գիշերային ժամերգության մեջ մուտք է գործել Ներսես Շնորհալու եղբոր՝ Գրիգոր Պահլավունի հայրապետի օրոք։ Այն միայն Պատարագի օրերին է կատարվում։ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ Ներսես Շնորհալին այս երգը հորինել է Հռոմկլա բերդը պահպանող հայ զինվորների համար։ Երգը կազված է հինգ մասերից

«Զարթուցեալքս» երգի հեղինակը Շնորհալին չէ, այլ ուրիշ մեկը, ով ներշնչվել է Հովհաննես Մանդակունու «Զարթուցեալքս» քարոզից։ Այն հետագայում են կցել «Յիշեսցուք»-ին։ Երգը երգվում է դաս առ դաս և վերջանում «ամեն» ալելուիաներով։

Ըստ ոմանց՝ «Անբաժանելի»-ն Ներսես Շնորհալու հեղինակածը չէ նույնպես։ Այն երգվում է տաղավար և հանդիսավոր օրերին։

«Առաւօտ լուսոյ» երգը գրել է Ներսես Շնորհալին, որը երգում են կիրակի և տերունի օրերին։ Այն ներկայացվում է ի դեմս Սուրբ Երրորդության։ Երգը պարունակում է դավանական և աստվածաբանական մտածումներ։ Այն, բացի եկեղեցուց, կատարվել է նաև ժողովրդական այլ ծեսերի, խրախճանքների ժամանակ։

«Աշխարհ ամենայն» երգը Շնորհալին գրել է, որպեսզի ավելի ճոխացնի Գիշերային ժամերգությունը։ Երգը ունի «Ողբերգութիւն անձին զղջացելոյ եւ բողոք իւրաքանչիւր դիմի խոստովանաբար» խորագիրը։ Երգի բովանդակությունը անձի մեղքերի ճանաչումն ու զղջումն է։ Երգը գրված է հայերեն այբուբենի 36 տառերի հաջորդականությամբ, յուրաքանչյուր տառով երեք տող։ Այն երգում են սրբոց տոներին, ինչպես նաև Տերունի Հիշատակաց օրերին, երբ Պատարագ է մատուցվում (Հիշատակաց օրերը Հինգ Տաղավարների մեռելոցի օրերն են)։ Երգվում է նաև Պահոց օրերին, երբ մատուցվում է Սուրբ Պատարագ։

Քարոզներ, աղոթքներ, սաղմոսներ և շարականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային ժամերգության կարևոր մասն են կազմում նաև սարավագի կողմից ասվող քարոզները։ Քարոզներից առաջինի՝ «Զարթուցեալքս»-ի և «Զքէն գոհանամք» աղոթքի հեղինակը Հովհաննես Մանդակունին է։ Դա վկայում է Հովհան Օձնեցին, իր կանոններում։ Մնացյալ 4 քարոզները սկսվում են «Վասն»-ով և աղոթքները պատկանում են Սահակ Պարթևի գրչին։ Այս բոլոր քարոզներում Աստծուց խնդրում է գիշերը խաղաղությամբ անցկացնել, ինչպես նաև աղոթվում է աշխարհի խաղաղության և քրիստոնյաների պահպանության համար։

Հնում մի օրվա ընթացքում ընթերցվել է ամբողջ սաղմոսագիրքը,սակայն այժմ այդ սովորությունը գոյություն չունի։ Հայ եկեղեցին սահմանել է հատուկ կանոնոկարգ,որպեսզի բոլորր սաղմոսները մեկ օրում կարողանան կարդալ։ Ըստ այդ կանոնադրության, սաղմոսները ութ անջատ խմբերի բաժանվեցին, որոնք կոչվեցին «կանոն»։ Ամեն կանոն պարունակում է 13-29 սաղմոսներ, որոնք ունեն հավասար երկարություն։ Յուրաքանչյուր կանոն բաժանված է 7 մասի, որոնք անվանվում են գուբղաներ (եբրայերեն «Կիպուլ» բառից, որը նշանակում է չափ, սահման)։ Կանոնների ամեն 7֊րդ գուբղան կոչվում է «Կանոնագլուխ»։ Հովհան Օձնեցին կանոնի 7֊րդ գուբղայի բարձրաձայն ասելը նմանեցնում է այն պատմությանը, երբ իսրայելացիները Երիքովի շուրջ 7 անգամ պտտվում են, որից վեց օրը լռությամբ են պտտվում, իսկ 7֊րդ օրը՝ բարձրաձայ աղաղակելով, ինչից հետո քաղաքի պարիսպները քանդվում են, և քաղաքը գրավվում է իսրայելացիների կողմից։ 7֊րդ գուբղայի բարձրաձայն ասելը հանգեցնում է մեղքերի քանդվելուն և Աստծուն օրհնություն մատուցելուն։

Տերունի և տոն օրերին, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Պատարագ, Կանոնագլխից հետո կատարվում է «Պաշտոն», որը բաղկացած է շարականից, սաղմոսից, Ավետարանի ընթերցումից, երգից, փակման մաղթանքից, քարոզից և աղոթքից։ Ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի՝ առանձնացվում է «Պաշտոն»֊ի չորս տեսակ՝ ննջեցյալների, Խաչի, Մեծ պահքի շաբաթ օրերի, երբ Պատարագ է մատուցվում, ինչպես նաև այն ժամանակ, երբ երկու տերունի տոներ են զուգադիպում։ Այս դեպքում «Պաշտոն»֊ի փոխարեն կատարվում է տերունիներից մեկի կարգը։

Օրհնության կամ հոգևոր երգը երգվում է այն խորհրդով, որ Մովսես մարգարեն իսրայելացիներին ազատեց եգիպտական գերությունից, և, հասնելով անապատ՝ օրհնություն երգ երգեց։ Նույն օրինակով հավատացյալներն են երգում օրհնություններ, քանի որ Հիսուսի միջոցով ազատվել են մեղքի գերությունից։

Օրհնության շարականին հաջորդում է մաղթանքը։ Մաղթանքները համառոտ աղոթքներ են, որոնք աղոթքի որոշ բացատրություններ են պարունակում իրենց մեջ և վարապահվաշ են ժամօրհնողին։ Ըստ Տաթևացու վկայությունների՝ մաղթանքները հնում նաև անվանվել են «Փառեր», այսինքն՝ փառաբանություն։ Գիշերային ժամերգության մաղթանքները երեք տեսակ են՝ Տերունի, Սրբոց և Պահոց։

Տերունական տոներին Գիշերային ժամերգությունն ավարտվում է «Ալելուիա» երգով, որն, ի նշան ցնծության և օրհնության, շնորհակալության հայտնումն է Աստծուն, որ կրկին արժանացրել է եզ մեր կորցրած փառքին։ Պահոց և սրբոց օրերին դրա փոխարեն երգվում են «Թագաւոր յաւիտեան» երգերը, որոնց միջոցով հայցում ենք սրբերի բարեխոսությունը[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ», Անթիլիաս, 1986թ.
  2. Մաղաքիա արք. Օրմանյան, «Ծիսագիտութիւն Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ», Երուսաղեմ, 1977թ.
  3. Հայ եկեղեցու ժամերգությունները, Աշխատասիրությամբ Հրայր սրկ. Խաչատրյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1999թ.
  4. Անդրանիկ ծ.վրդ. Կռանեան, «Հայ ծիսական պաշտամունքը», Պեյրութ, 2001թ.
  5. Խ. Հ. Պալյան, «Ժամակարգությունք Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու», Երևան, 2005թ.
  6. Մեկնություն ժամակարգության, Աշխատասիրությամբ Արամ Դիլանյանի, Սբ. Էջմիածին, 1997թ.
  7. Կարգ աստուածպաշտութեան Հայաստանյայց Ս. Եկեղեցւոյ (դասագիրք թեմական և ծխական հոգևոր դպրոցների համար), Կազմեց Գիւտ աւագ քահանայ Աղանեանցը, Թիֆլիս, 1902թ.
  8. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]