Գարնանային և աշնանային ծաղիկներ
Գարնանային և աշնանային ծաղիկներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Օգատա Կորին |
տարի | II հազարամյակ[1] |
ստեղծման վայր | Ճապոնիա[1] |
ստեղծման երկիր | Ճապոնիա[1] |
գտնվում է | Նյու Յորք |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Գարնանային և աշնանային ծաղիկներ» (ճապ.՝ 尾形光琳筆 梅花・秋草図 二面), նախշանկար փայտի վրա՝ ստեղծված ճապոնացի նկարիչ Օգատա Կորինի կողմից, 18-րդ դարի սկզբին։ Ստեղծագործությունը Մերի և Ջեքսոն Բյորկ հիմնադրամի կողմից նվիրաբերվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին և գտնվում է նրա հավաքածուում[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գարնանային և աշնանային ծաղիկներ» երկփեղկ նախշանկարը իր մեջ համատեղում է Օգատա Կորինի ստեղծագործության երկու կարևոր տարրեր՝ ծաղիկների դեկորատիվ պատկերումը և չինացի նկարիչների ոճով թանաքով գեղանկարչությունը[3]։ Բույսերի մասին ստեղծագործությունների շնորհիվ Օգատա Կորինը դարձավ իր ժամանակաշրջանի նշանավոր նկարիչներից մեկը[2]։ Նախշանկարը բաղկացած է երկու առանձին փայտյա վահանակներից, որոնց վրա պատկերված են գարնանային և աշնանային ծաղիկներ և բույսեր։ Հնարավոր է ստեղծագործությունը նախապես բաղկացած է եղել չորս վահանակներից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է տարվա առանձին եղանակ, բայց դրանցից երկուսը հետագայում կորել են[3]։ Ստեղծագործության աջ մասում պատկերված է վաղ ծաղկող ճապոնական սալորի սպիտակ ծաղիկները՝ գարնան ավետաբերը, որոնք առանձնանում են վահանակի գաղտնագրի ֆոնին։ Կոմպոզիցիան բավականին հասարակ է, նկարիչն օգտագործել է միայն սև և սպիտակ գույներ[3]։ Նման միագույնությունը համապատասխանում է Ճապոնիայում վաղ գարնան վիճակին, երբ դրսում չկա խոտ և ծաղիկներ[3]։ Ձախ վահանակին պատկերված են ծաղիկներ և խոտ, որոնք ներկայացնում են ամռան վերջը և աշնան սկիզբը, այգածաղիկներ, սպիտակ և կապույտ զանգակներ և քրիզանթեմներ։ Վառ սպիտակ, վարդագույն և կարմիր քրիզանթեմներն առանձնանում են փայտի մուգ ֆոնի վրա, իսկ մյուս ծաղիկները պատկերված են ավելի խամրած երանգներով[3]։
Երկու վահանակները փոքր ինչ թեքված են, այդ իսկ պատճառով էլ դժվար է դատել ինտերիերում դրա ենթադրյալ դերի մասին։ Այդ ժամանակաշրջանի տների ինտերիերում հանդիպող փայտի վրայի նախշանկարները նման էին վահանակների, որոնք կախված էին կորացված սյուներից և ծառայում էին որպես շրջանակ անկողնախորշի համար[3]։ Սակայն «Գարնանային և աշնանային ծաղիկներ» գործն իր չափերով չափազանց լայն էր մեկ սյունից կախելու համար, այն կարող էր գտնվել որմնախորշի տարբեր կողմերում[3]։
Աջ փեղկի ներքին աջ անկյունում դրված է «Հոկկյո Կորին» ստորագրությունը, իսկ երկու վահանակների վրա դրված է նկարչի կլոր կնիքը «Կորեսուկե» մակագրությամբ։ Նախշանկարի ոճը և վրձնով աշխատանքը, ստորագրությունը և կնիքը վկայում են, որ նկարը ստեղծվել է այն բանից հետո, երբ Օգատա Կորինը ստացել է հոկկյո («Դհարմայի կամուրջ») պատվավոր կոչումը, որը շնորհվում է գեղանկարչության բնագավառում նվաճումների համար[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
- ↑ 2,0 2,1 2,2 «尾形光琳筆 梅花・秋草図 二面 Flowers of Spring and Autumn» (անգլերեն). The Metropolitain Museum of Art.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Murase, Miyeko; N.Y., Metropolitan Museum of Art (New York (1975 թ․ հունվարի 1). Japanese Art: Selections from the Mary and Jackson Burke Collection : [exhibition] (անգլերեն). Metropolitan Museum of Art. էջ 182-184. ISBN 9780870991363.