Գառնիկ Գյուզալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գառնիկ Գյուզալյան
Ծնվել է1893(1893)
ԾննդավայրՓարպի, Արագածոտնի մարզ, Հայաստան
Վախճանվել էապրիլի 17, 1958(1958-04-17)
Վախճանի վայրԱլեքսանդրիա
Մասնագիտությունմանկավարժ
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան և Պրահայի Կարլի համալսարան

Գառնիկ Ղազարի Գյուզալյան (1893, Աշտարակ գավառ, գյուղ Փարպի–ապրիլի 7, 1958, Ալեքսանդրիա), հայ մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիկ Ղազարի Գյուզալյանը ծնվել է Աշտարակի գավառակի Փարպի գյուղում՝ հողագործի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի վարժարանում։ 1905 թվականին ընդունվել է Գևորգյան ճեմարան, որտեղ աշակերտել է ժամանակի հայագիտության և մշակույթի ականավոր դեմքերին՝ Գ․Հովսեփյանին, Մ․ Աբեղյանին, Գ․ Լևոնյանին, Կոմիտասին, Հ․ Հովանիսյանին, Ե․ Տեր–Մինասյանին, Մ․ Բերբերյանին, Ս․ Հարությունյանին, Գր․ Ղափանցյանին և այլոց։ Գառնիկ Գյուզալյանի վրա մեծ ազդեցություն է թողել հատկապես Գր․ Ղափանցյանը, ով Սանկտ Պետերբուրգի համալսարանի 1913 թվականի շրջանավարտ էր, ճեմարանում դասավանդում էր գրաբար, հայերենի համեմատական քերականություն և ընդհանուր լեզվաբանություն։

Գյուզալյանի վրա շոշափելի ազդեցություն է թողել նաև նախկին ճեմարանական Նիկողայոս Ադոնցը։ 1923 թվականին ընդունվում է Պրահայի Կարլի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին մանագիտանում է Հին Արևելքի պատմության բնագավառում։ 1927 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտելով համալսարանը՝ ուսումնառությունը շարունակում է նույն համալսարանի դոկտորանտուրայում։ Հայ պատմագիտության նշանակալի ձեռքբերումներից է Գառնիկ Գյուզալյանի «Հինգերորդ դարի հայոց կրոնական և քաղաքական շարժումները» մենագրությունը։ Գառնիկ Գյուզալյանը սփյուռքահայ առաջին պատմաբաններից էր։ 1951 թվականին լույս է տեսել «Պատմության Մերձավոր Արևելքի և Հայաստանի (հնագույն ժամանակներից մինչև Տիգրան Մեծի կայսրության անկումը)» ստվարածավալ դասագիրքը։ Հեղինակը ծրագրել էր նյութը լույս ընծայել երկու հատորով, սակայն երկրորդ հատորը լույս չտեսավ։ Նրա «Հայոց պատմություն» դասագիրքը բաղկացած էր չորս հատորից, սակայն հեղինակը կարողացավ լույս ընծայել միայն առաջին հատորը, իսկ մահվանից քիչ առաջ ճեմարանի տնօրինությանը հանձնեց երկրորդ հատորը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգյան ճեմարանը փայլուն առաջադիմությամբ ավարտելուց հետո 1914 թվականին նա վերադառնում է հայրենի գյուղ և 1914–1916 թվականներին անվճար դասավանդում տեղի վարժարանում։ 1916 թվականին տեղափոխվում է Երևան, դասավանդում Գայանյան օրիորդաց վարժարանում, թեմական դպրոցում և ուսուցչական սեմինարիայում, միաժամանակ գործուն մասնակցություն է ցուցաբերում «Եղբայրական օգնություն» Երևանի կոմիտեի աշխատանքներին։ Առաջին հանրապետության տարիներին շարունակելով ուսուցչությունը՝ աշխատակցում է նաև Լուսավորության նախարարության դպրոցական վարչությանը, իսկ 1921 թվականի ապրիլից վարչական պաշտոններ է զբաղեցնում Լեռնահայաստանի կառավարությունում։ 1921 թվականի հուլիսին Գառնիկ Գյուզալյանը տարագրվում է Պարսկաստան, որտեղ երկու տարի շարունակ Թավրիզի դպրոցներում դասավանդում է հայոց պատմություն։ 1929 թվականին Գառնիկ Գյուզալյանը նշանակվում է Սիրիայի Արաբ-Բունարի գյուղի Ազգային վարժարանի տնօրեն։ Այստեղ երկու տարի աշխատելուց հետո՝ 1932 թվականին, Լևոն Շանթի առաջարկությամբ տեղափոխվում է Բեյրութ և շուրջ 25 տարի անընդմեջ դասավանդում «Նշան Փալանջյան» ճեմարանում՝ իբրև հայոց պատմության, աշխարհագրության, ընդհանուր ազգաց պատմության ուսուցիչ։ Ուսուցչական աշխատանքը կլանում էր Գառնիկ Գյուզալյանի ամբողջ առօրյան։ Ուսուցչական աշխատանքին զուգնթաց, անձնական հանգստի ու ընտանիքից խլված ժամերի հաշվին՝ Գյուզալյանն ապրում էր ստեղծագործական բուռն կյանքով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիկ Գյուզալյանի պատմագիտական աշխատությունները ցրված են Սփյուռքի տարաբնույթ մամուլի էջերում։ 200-ից ավելի ամսագրային հոդվածներ է տպագրել «Հայրենիք», «Հայրենիք եռամսյա», «Հայրենիք տարեգիրք-տոնացույց», «Վեմ», «Ակոս»,«Սիոն», «Հասկ», «Ազդարար», «Երիտասարդ հայուհի», «Տարոնի արծիվ», «Դրոշակ», «Ազդակ շաբաթօրյա» և այլ հանդեսների էջէրում։ Բացի ամսագրային հոդվածներից, Գառնիկ Գյուզալյանը շուրջ 100 լրագրային հոդվածների հեղինակ է։ Գառնիկ Գյուզալյանի հոդվածներից են․

  • «Հայ ժողովրդի ցեղային ծագումը»
  • «Հայագիտությունը և հնդեվրոպական ու հաբեթական տեսությունները»
  • «Հայոց պատմության շրջանները»
  • «Սասունցի Դավիթ ժողովրդական էպոսը»
  • «Հայ ժողովրդական վեպը»
  • «Աստվածաշնչի 1500-ամյակը»
  • «Հայ-պարսկական հարաբերությունները Վարդանանց պատերազմի նախօրյակին»
  • «Վարդանանց պատերազմի արժեքը»
  • «Թարգմանչաց դարը»
  • «Սելջուկ-թուրքեը և Հայաստանը»
  • «Եկատերինա II-ը և հայերը»
  • «Ազգության գաղափարը»
  • «Պատմության նյութը և պատմականությունը»
  • «Հայաստանը և հայ դատը»
  • «Խորհրդային Հայաստանի պատմագիտությունը»
  • «Հայկական հարցը․ ծագումը, փուլերը»
  • «Մարդու և քաղաքացու ազատության ըմբռնումը»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նշանավոր ճեմականներ, ՊՐԱԿ Բ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հրատարակչություն, Սուրբ Էջմիածին, 2009