Գաղձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաղձ
Գաղձ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Cuscuta


Գաղձ (լատիներեն՝ Cuscuta), գելուկ, գայլուկ, գայլխոտ, գաղձազգիների ընտանիքի միամյա մակաբույծ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ գաղձ մերձեցված (C. approximata), գաղձ սովորական (C. epithymum), գաղձ եվրոպական (C. europaea), գաղձ Ցեզատիի (C. cesattiana) և այլն։ Մոլախոտ է, ծառերի, թփերի, կիսաթփերի, տնկիների, խաղողի վազի, խոտաբույսերի, բանջարաբոստանային և այլ բույսերի մակաբույծ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը թելանման է կամ քուղանման՝ առանց արմատի և տերևների, փաթաթվող (պարուրում են շրջակա բույսերին և ծծիչներով ամրանում դրանցԾաղկաբույլը ողկուզանման է կամ գլխիկանմաև, ծաղիկները՝ մանր, սպիտակավուն, կանաչավուն կամ վարդագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հատապտղանման տուփիկ է, սերմերը՝ մանր։ Գաղձի բոլոր տեսակները նշված են կարանտինային մոլախոտերի ցուցակում։ Գեղձազգիների ընտանիքին պատկանող մակաբույծ, միամյա բույս է, զուրկ արմատներից, տերևներից, նույնիսկ քլորոֆիլից: Ապրում է այլ բույսերի հաշվին, բազմանում սերմերով և վեգետատիվ ճանապարհով: Գաղձի տեսակները պարազիտում են երեքնուկին, եղինջին, հմուլին, բամբակին, խաղողին: Նրանց ցողունին ամրանալով մանր, գորտնուկաձև ծծիչներով: Գաղձի սերմերը, աշնանը թափվելով գետնին, ծլում են միայն հաջորդ տարվա գարնան վերջերին, երբ արդեն աճած են լինում զոհ հանդիսացող բոլոր բույսերը: Ուշագրավ է այն, որ եթե ծիլը չի հանդիպում սնող բույսի, ապա այն շատ շուտ ոչնչանում է սնունդ չունենալու հետևանքով: Գաղձի ցողունը շատ նուրբ է, թելանման, ճյուղավոր, կարմրավուն կամ նարնջադեղին: Ունի սպիտակ, մանրիկ ծաղիկներ:Պտուղները հասունանում են աշնան ամիսներին: Սերմերը ծլունակությունը պահպանում են 6-7 տարի:

Տարածումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է ստորին, միջին լեռնային և նախալեռնային, գոտիներում, կիսաանապատներում։ Գաղձ գայլուկանման (C. lupuliformis), գաղձ Լեհմանի (C. lehmanniana) և գաղձ ծաղկակոթունավոր (C. pedicellata) հազվագյուտ տեսակները երբեմն հանդիպում են Երևանի շրջակայքում։

Կիրառական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պատրաստուկներն ունեն լեղամուղ, հակաթունային, հակաուռուցքային հատկություններ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվել է նաև էպիլեպսիայի, նյարդաբորբերի բուժման ժամանակ։ Եփուկ պատրաստելու համար 20 գ չոր հումքը 200 մլ ջրում եռացնում են 20 րոպե, ապա ընդունում մեկական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ: Թուրմ պատրաստելու համար 8-10 գ չոր հումքը 2 ժամ թրմում են մեկ բաժակ եռման ջրում, ապա քամում ու ըմպում միանվագ, թեյի ձևով, որպես լուծողական: Սերմերից թուրմ պատրաստելու համար 5-6 գ հումքը 1 ժամ թրմում են մեկ բաժակ եռման ջրում և ընդունում մեկական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ:

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի մեջ հայտնաբերված են կումարինի ածանցյալներ, կեմպֆերոլ, կուսկուտին գլիկոզիդը, իսկ առանձին տեսակների մեջ՝ կուսկուտամին, ֆիտոստերին, կվերցետին, դաբաղանյութեր, ֆլոբաֆեն, սապոնիներ:

Բուժական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը: Այն հավաքում են ծաղկման սեզոնում, անմիջապես չորացնում հով տեղում՝ միջանցուկ քամու տակ, ապա լցնում մառլյայից տոպրակի մեջ և կախված վիճակում պահում չոր տեղում: Հին հույները գաղձը օգտագործել են որպես լեղամուղ և ստնտու կանանց կաթն ավելացնող միջոց: Ավիցեննան գաղձը օգտագործել է գլխացավի, մելանխոլիայի, հոգեկան որոշ շեղումների, գլխապտույտի, կոշմարային քնի, ընկնավորության, անդամալուծության, ականջն ընկած որդերի, բրոնխիալ ասթմայի, սրտային առիթմիաների, վատ ախորժակի, փսխման ժամանակ: Այս բոլոր դեպքերում դեղաբույսը օգտագործվել է առանձին կամ այլ դեղամիջոցների հետ խառը: Թուրքմենիայի և Իրանի ժողովրդական բժշկության մեջ գաղձի սերմերի ջրաթուրմն օգտագործվում է որպես ջերմ իջեցնող և լեղամուղ միջոց: Տարբեր ժողվուրդներ գաղձը օգտագործում են սակավարյուն դաշտանի, իսկ հոմեոպաթիայում՝ մաշկի ցաների, գրիպի, կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Եվրոպական որոշ երկրներում հայտնի է գաղձի օֆիցինալ ձևը՝ որպես լուծողական միջոց: Գաղձի պտուղների և սերմերի ջրաթուրմը ոչնչացնում է որոշ նախակենդանիների:

Բույսի այլ հատկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղձը վտանգավոր մոլախոտ է: Այն մեծ վնաս է հասցնում խաղողին, բամբակին, առվույտին, կորնգանին: Չնայած նրա որոշակի բուժական նշանակությանը, պետք է պայքար տանել նրա արեալների անսահման տարածման դեմ՝ հերբիցիդներով, այրելով, մինչև գաղձի պտուղ տալը նրա զոհը դարձած կերաբույսի վաղ հնձումով և վերջապես, ալտերնարիայով: Վերջինս մակաբույծ սունկ է, որի սպորները սրսկելով գաղձին, ոչնչացնում են նրան: Այս մեթոդն ունի հեռանկարային կիրառում: Գաղձի որոշ տեսակներ թունավոր են, հատկապես գյուղատնտեսական մի շարք կենդանիների համար:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «գաղձ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։