Բոշխ սակավածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոշխ սակավածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Բոշխազգիներ (Cyperaceae)
Ենթաընտանիք Բոշխայիններ (Cyperoideae)
Տրիբա Cariceae
Ցեղ Բոշխ (Carex)
Տեսակ Բոշխ սակավածաղիկ (C. oligantha)
Միջազգային անվանում
Carex oligantha

Բոշխ սակավածաղիկ (լատին․՝ Carex oligantha), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

7-15 սմ բարձրությամբ բազմամյա, ցածրահասակ խոտաբույս է։ Տերևները տափակ են, ցողուններից զգալիորեն կարճ։ Հասկիկները 1-3 հատ են, բոլորը նստադիր և խմբված ցողունների գագաթին։ Ծածկոցի թեփերը սևավուն են, վերևում` կտրուկ սրացած։ 3,5 մմ երկարությամբ պարկիկները հակաձվաձև են ու կանաչավուն, իսկ կտուցի երկարությունը 0,7 մմ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Արագածի (լեռնագագաթ՝ Արագած) և Զանգեզուրի (լեռնագագաթ՝ Կապուտջուղ) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Մեծ Կովկասի արևմտյան և կենտրոնական հատվածները, նաև Դաղստանի հարավը, Հարավարևմտյան, Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Անատոլիայի հյուսիսարևելյան հատվածը։ Հազվադեպ հանդիպող տեսակ է[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ծովի մակարդակից 3000 մ և ավելի բարձրությունների վրա, ալպլյան գոտում, քարքարոտ տեղերում և չինգիլների վրա։ Ծաղկում է հուլիսին, պտղաբերում է օգոստոս ամսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES−ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանության միջոցառումներ չեն իրականցվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.