Բոշխ կիլիկիական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոշխ կիլիկիական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Բոշխազգիներ (Cyperaceae)
Ենթաընտանիք Բոշխայիններ (Cyperoideae)
Տրիբա Cariceae
Ցեղ Բոշխ (Carex)
Տեսակ Բոշխ կիլիկիական (C. cilicica)
Միջազգային անվանում
Carex cilicica
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Բոշխ կիլիկիական (լատին․՝  Carex cilicica), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

45-75 սմ բարձրությամբ սողացող, բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույս է։ 3-4 մմ լայնությամբ տերևները նուրբ են, զգալիորեն ցողունից կարճ։ Ծաղկաբույլերը կազմված են առէջավոր և վարսանդավոր հասկիկներից։ Ծածկող թեփերը նշտարաձև են, սրագագաթ, կանաչավուն կենտրոնական ջղով և եզրից մուգ դարչնագույն շերտով։ 4-5 մմ երկարությամբ պարկիկը դեղնավուն է, իսկ 2 մմ երկարությամբ կտուցը դարչնագույն և գագաթում թեթևակի ճեղքված ունի[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում, Խաչիկ և Գնիշիկ գյուղերի շրջակայքում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավային Անդրկովկասը, Հայկական լեռնաշխարհը և Հյուսիսային Իրանը։ Հանդիպում է հազվադեպ[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ծովի մակարդակից 2400-2600 մ բարձրությունների վրա, ճահճացած լեռնային մարգագետիններում։ Ծաղկում է հուլիսին, պտղաբերում է օգոստոս ամսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենիցիաների հավելվածներում բացակայում է։

Պահպանության համար միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.