Jump to content

Բոգդան Վերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգդան Հակոբի Վերդյան
Ծնվել էսեպտեմբերի 20, 1919(1919-09-20)[1]
ԾննդավայրԲեգում Սարով, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետություն
Վախճանվել էդեկտեմբերի 1, 1992
(73 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և դասախոս
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1941)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1970)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան[1]
Բոգդան Վերդյան Վիքիդարանում

Բոգդան Հակոբի Վերդյան (սեպտեմբերի 20, 1919, Բեգում Սարով, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետություն - դեկտեմբերի 1, 1992, Երևան, Հայաստան), խորհրդային և հայ գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1973 թ.-ից), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1957 թ.-ից), ԽՄԿԿ անդամ (1945 թ.-ից), Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգդան Վերդյանը ծնվել է 1919 թ. սեպտեմբերի 20-ին Ելիզավետպոլի նահանգի Բեգում Սարով գյուղում։ 1941 թ.-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որտեղ և դասախոսել է 1948 թ.-ից, եղել է ֆակուլտետի դեկան (1964 թ. և 1978 թ.), պրոռեկտոր (1965-1969), 1973 թ.-ից՝ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր։ Վերդյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել և զորացրվել 1943 թվականին։ 1943-1944 թթ.-ին ուսուցչություն է արել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում։ 1944 թ. ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1952 թ. «Ձևաբանության հարցերը Մանուկ Աբեղյանի քերականական համակարգում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1970 թ. «Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Բոգդան Վերդյանը մահացել է 1992 թ. դեկտեմբերի 1-ին Երևանում 73 տարեկան հասակում։

Ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է պատերազմական թեմայով «Քեզ համար, Լենինգրադ» (1951) և ետպատերազմյան տարիների աշխատավոր մարդու ներաշխարհն արտացոլող «Ինչպես է գալիս երջանկությունը» (1957) վեպերը։ Մարդու անձնական և հասարակական հետաքրքրությունների փոխհարաբերության մասին է «Լեռների որդին» (1962) վեպը։ Լայն ընդունելություն է գտել «Ծաղիկներս մնացին հեռվում» (1969) վեպը, որն արտացոլում է հայ ժողովրդի ազատագրական պայքարը 1915-1920 թթ. և ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի կյանքն ու գործը 1915-1921 թթ.-ին՝ ընդհուպ մինչև երիտթուրքական պարագլուխ, մեծ ոճրագործ Թալեաթի սպանությունն ու Բեռլինյան դատավարությունը։ Վերդյանն իր եռերգության առաջին («Այրվող ալիքներ», 1977) և երկրորդ («Երկխոսություն», 1980) գրքերում պատկերել է հայ ժողովրդի ազգային վերածնունդն ու սփյուռքահայերի («այրվող ալիքների») ձգտումը դեպի Խորհրդային Հայաստան։ Ուսանողության կյանքը, նոր մարդու ձևավորման պրոցեսն է արտացոլված նրա «Երրորդ կուրսը» (1975) վիպակում։ Վերդյանը հեղինակ է նաև «Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն» (1970) մենագրության և լեզվաբանական այլ աշխատությունների։ Ռուսերեն լույս է տեսել Վերդյանի «Լեռների որդին» (Մոսկվա, 1965) գիրքը։

  • Քեզ համար, Լենինգրադ, Երևան, 1951, 392 էջ։
  • Ինչպես է գալիս երջանկությունը, Երևան, 1958, 419 էջ։
  • Լեռների որդին, Երևան, 1962, 472 էջ։
  • Ծաղիկներս մնացին հեռվում, Երևան, 1969, 460 էջ։
  • Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն, Երևան, 1970, 376 էջ։
  • Երրորդ կուրսը, Երևան, 1975, 164 էջ։
  • Այրվող ալիքներ, Երևան, 1977, 415 էջ։
  • Երկխոսություն, Երևան, 1980, 432 էջ։
  • Արտակարգ դեսպաններ, Երևան, 1985, 416 էջ։
  • Ծաղիկներս մնացին հեռվում, Երևան, 1990, 416 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1985. — հատոր 11. — էջ 399—400.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Վերդյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 399)։