Բենիամին Մարգարյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարյան (այլ կիրառումներ)
Բենիամին Մարգարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1913[1] Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1985[1] (71 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս, աստղագետ, աստղաֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ և Միջազգային աստղագիտական միություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1938) |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Բենիամին Եղիշեի Մարգարյան (դեկտեմբերի 12, 1913[1], Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 30, 1985[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային աստղագետ, Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ (1961)։ ԽՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ (1964), Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի փոխնախագահ (1973-1976), նախագահ (1976-1979)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենիամին Մարգարյանը ծնվել է նոյեմբերի 29-ին (դեկտեմբերի 12) Թիֆլիսի նահանգի Շուլավեր բնակավայրում (Շահումյան, այժմ Վրաստանի Մառնեուլի մունիցիպալիտետ)՝ հայկական ընտանիքում։ 1938 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1941 թ.՝ Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրան։ 1943-1957 թթ. դասավանդել է ԵՊՀ-ում։ 1944 թվականից մինչև իր մահը աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (1952-1957 թթ.՝ փոխտնօրեն, 1957-1985 թթ.՝ գալակտիկաների բաժնի վարիչ)։ Մահացել է 1985 թ. սեպտեմբերի 30-ին։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտական աշխատանքները վերաբերում են աստղային և արտագալակտիկական աստղագիտությանը։ Նրա գլխավորությամբ մշակվել է աստղերի տեսանելի բաշխման մեջ դիտվող ֆլուկտուացիաների (տատանումների) տեսությունը՝ տիեզերական կլանման հաշվի առմամբ։ Վ.Հ. Համբարձումյանի հետ համատեղ հաստատել է Գալակտիկայում երիտասարդ, անկայուն աստղային համակարգերի՝ աստղասփյուռների առկայությունը, ինչը վկայում է, որ աստղառաջացման գործընթացը շարունակվում է նաև մեր դարաշրջանում, ընդ որում աստղերը ծնվում են խմբերով։ Կատարել է ցրված աստղակույտերի դասակարգում, ուսումնասիրել է դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները և նկարագրել է Գալակտիկայի պարուրաձև ճյուղերի նկատմամբ դրանց դիրքը։ Բացահայտել է պայծառ գալակտիկաների շարքում գունային ու սպեկտրալ տարականոն (անոմալ) բնութագրերով օժտված օբյեկտների հատուկ դասի առկայությունը։ Բացահայտված երևույթի բացատրման համար առաջինն է առաջ քաշել գալակտիկաների միջուկներում ոչ ջերմային բնույթի ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայության գաղափարը։ Այդ ուղղությամբ մշակել է հատուկ մեթոդաբանություն և 1965 թվականից Բյուրականի աստղադիտարանում Շմիդտի՝ մեկ մետր տրամագիծ ունեցող աստղադիտակով անցկացրել է աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը։ Դիտումների արդյունքում հայտնաբերել է հատուկ դասի՝ սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող մեծ թվով թույլ գալակտիկաներ (13-17-րդ աստղային մեծության), որոնք կոչվում են նրա անունով՝ Մարգարյանի գալակտիկաներ։ Տարբեր աստղադիտարաններում հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք Մետագալակտիկայի ակտիվ գոյացումների ընդարձակ դաս են կազմում։ Այդ գալակտիկաների նշանակալի մասն ունի ռադիո-, ինֆրակարմիր և ռենտգենային ճառագայթում, իսկ դրանց շուրջ 10%-ին հատուկ են Սեյֆերտի տիպի գալակտիկաներին բնորոշ հատկություններ. սպեկտրներում գծերը տարբեր չափով լայնացած են։ Դրանց շարքում կան նաև քվազարներ և ВL Մողեսի տիպի օբյեկտներ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1950)
- Պատվո նշան շքանշան (1955)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1983)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Атлас звездных скоплений различных типов, 1953։ М.,
- Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г.։ Астрономы.Биографический справочник։ Киев,: Наукова думка, 1986
- «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ»։ պրակ 1, 1946։
- «Галактики с ультрафиолетовым континуумом»։ Астрофизика,(3) 1957։
- «On the Nature of Galaxies with UV Continuum Having Broad Emission Lines»։ Astronomy and Astrophisics, (58) 1977։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.sci.am/members.php?mid=99&langid=3
- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 7 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1981, էջ 301 — 720 էջ։
|
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 30 մահեր
- 1985 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ աստղագետներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Հայ ակադեմիկոսներ