Աստղային երկինք, գիշերային երկնքում երևացող լուսատուների համախմբությունը։ Անզեն աչքով երևում են մինչև 6-րդ աստղային մեծության լուսատուներ։ Դրանց քանակը ամբողջ երկնքում շուրջ 6000 է (տվյալ տեղից միաժամանակ երևում են մոտ 2500), որոնց մեծ մասը գտնվում է Ծիր կաթինի շերտից ոչ հեռու։ Աստղային երկնքում դիտվում են նաև Արեգակնային համակարգիմոլորակներ, արբանյակներ, գիսավորներ, ասուպներ, արհեստական արբանյակներ, ինչպես նաև Կենդանաշրջանի գոտու լուսարձակումը (կենդանաշրջանային լույս)։ Համեմատաբար ավելի թույլ օբյեկտները, գալակտիկական միգամածությունները և արտագալակտիկաները երևում են աստղադիտակներով։ Երկնքում հեշտ կողմնորոշվելու, երկրային և երկնային երևույթների հետ դիցաբանական կապ ստեղծելու նպատակով շատ հին ժամանակներից սկսած աստղերը բաժանել են խմբերի՝ համաստեղությունների (Աղյուսակ 1)։ Հայաստանում հայտնաբերված աստղագիտական բնույթի ժայռապատկերները (1-8-րդ հազարամյակ, մ.թ.ա.) հիմք են տալիս ենթադրելու, որ Հայկական լեռնաշխարհի նախկին բնակիչներն աստղային երկնքի համաստեղությունների առաջին բաժանողներից են։ Համաստեղություններում պայծառ աստղերը նշանակվում են հունական այբուբենի տառերով, որոշ աստղեր ունեն հատուկ անուններ (Աղյուսակ 2)։ Աստղային երկինքի տեսքը փոփոխվում է մեկօրյա և մեկամյա պարբերություններով (Երկրի՝ իր առանցքի և Արեգակի շուրջը պտտվելու հետևանքով)։ Աստղային երկինքի հետ ծանոթացումը հնարավորություն է տալիս որոշել հորիզոնի կողմերը (Հյուսիսային կիսագնդում դա հեշտ կատարվում է Բևեռային աստղի օգնությամբ, որը ցույց է տալիս հյուսիսի ուղղությունը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 582)։