Բաբկեն Սիմոնյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբկեն Սիմոնյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բաբկեն Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, ակնարկագիր և թարգմանիչ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան և Բելգրադի համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Անդամակցություն | Սերբիայի գրողների միություն և ՀԳՄ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ |
Բաբկեն Ավետիսի Սիմոնյան (մարտի 20, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, սերբագետ, մշակույթի գործիչ։ Հայաստանի գրողների միության (1995)[1] և Սերբիայի գրողների միության (1994) անդամ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականից, Հայաստանում առաջինը, զբաղվում է սերբագիտությամբ։ Բանաստեղծությունների, էսսեների, ակնարկների, ուղեգրությունների 13 գրքի և շուրջ 900 հրապարակումների հեղինակ է։ Դրանց գերակշիռ մասը վերաբերում է հայ-սերբական գրական ու մշակութային կապերին, ինչպես նաև սերբահայ գաղթօջախի հիմնախնդիրներին։ Բելգրադում մասնակցել է գրողների (1992-2013) և թարգմանիչների (1988-2019) միջազգային տարբեր հանդիպումների, պոեզիայի ամենամյա փառատոների, գրքի միջազգային տոնավաճառների։ Նրա մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են ռուսերեն, սերբերեն, սլովակերեն, բուլղարերեն, ուկրաիներեն, ռումիներեն, ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, էստոներեն, հունգարերեն և տեղ գտել գրական տարբեր ժողովածուներում ու հանդեսներում։ Հայ-սերբական գրական և մշակութային կապերը զարգացնելու և ամրապնդելու գործում ունեցած վաստակի համար 1993 թվականին պարգևատրվել է Սերբիայի մշակույթի նախարարության «Ոսկե կրծքանշանով» և դիպլոմով։
Հայ մանկագրությունը Սերբիայում ներկայացնելու համար 1998 թվականին նրան շնորհվել է «Իլյա Միլոսավլևիչ-Կոլարաց» հուշամեդալ։ «Բալկանյան կրակների միջով» ուղեգրությունների և էսսեների գրքի համար 1994 թվականին Կոսովոյի Պեչ քաղաքում տեղի ունեցած գրքի միջազգային տոնավաճառում արժանացել է «Սուրբ Սավա» գրական մրցանակի։ 2002 թվականից «Մատիցա սրպսկա»-ի անդամ է։
1980 թվականից թարգմանություններ է կատարում սերբական գրականությունից։ Կազմել ու իր առաջաբաններով հրատարակել է հայ և սերբ գրողների ստեղծագործությունների ժողովածուներ։ Թարգմանական շուրջ 30-ամյա գործունեության համար 2010 թվականին նրան շնորհվել է Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի և Հայաստանի գրողների միության «Կանթեղ» մրցանակ, իսկ 2011 թվականին նրան շնորհվել է Սերբիայի թարգմանիչների միության մրցանակ։ Հայ-սերբական մշակութային կապերն ամրապնդելու և թարգմանական գրականության բնագավառում ներդրած ավանդի համար 2012 թվականին պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ինչպես նաև «Բրանկո Ռադիչևիչ» միջազգային գրական մրցանակով։ Հայ-սերբական գրական և մշակութային կապերի բնագավառում 40-ամյա գործունեության համար 2015 թվականին պարգևատրվել է Սերբիայի Հանրապետության Ոսկե մեդալով։ 2018 թվականին պարգևատրվել է «Ապոլոն» միջազգային գրական մրցանակով։ Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան նրան շնորհել է մշակույթի վաստակավոր գործչի (2019) և պատվավոր դոկտորի (2020) կոչումներ։
Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով. նրա նախաձեռնությամբ Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում 2003 թվականին, ՀՀ-ում առաջին անգամ, բացվել են սերբերենի կանոնավոր գործող դասընթացներ։ 2005–2006 ուսումնական տարում սերբերեն է դասավանդել նաև Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետում։
Բարձր գնահատելով գրականության և հայ-սերբական մշակութային կապերի բնագավառում Բաբկեն Սիմոնյանի երկարամյա ծառայություններն ու վաստակը՝ Սերբիայի կառավարության որոշմամբ 2006 թվականի նոյեմբերին նա նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս[2]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուխտագնացություն (Բանաստեղծություններ), «Ապոլոն», Երևան, 1997
- Նախնյաց երկիր (Բանաստեղծություններ), «Ապոլոն», Երևան, 2002
- Խաչքար (Բանաստեղծություններ), «Հայաստան», Երևան, 2012
- Պատկերներ Լիբանանից (Ուղեգրություն), «Հայաստան», Երևան, 2015
- Ես գիտեմ` ով եմ (Բանաստեղծություններ), «Հայաստան», Երևան, 2018
- Հյուպատոսական գրառումներ (օրագրություն), «Հայաստան», Երևան, 2023
Սերբերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բալկանյան կրակների միջով (Ուղեգրություն, ակնարկներ), «Դեչյե նովինե», Գորնի Միլանովաց, 1994, «Մաշտել կոմերց», Բելգրադ,1995
- Հայրենիքի բույրը (Բանաստեղծություններ), «Ռեսավսկա շկոլա», Դեսպոտովաց, 1994
- Ուխտագնացություն (Բանաստեղծություններ), «Բրանկովո կոլո», Սրեմսկի Կառլովցի, 1998
- Արարատից մինչև Կոսովո (Բանաստեղծություններ, էսսեներ), «Տրիպտիխ», Բելգրադ, 2000
- Արտամետ (Բանաստեղծ.` հայերեն-սերբերեն), «Վոյեվոդինայի մշակույթի վարչություն», Նովի Սադ, 2010
- Մի պտղունց սերբական հող (Էսսեներ և ուղեգրություններ), “Catena mundi”, Բելգրադ. 2017
- Աղոթք (Բանաստեղծ.` հայերեն-սերբերեն), «Մերիդիանի», Սմեդերևո, 2022
Կազմած սերբերեն գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թումանյան Հովհաննես, Հեքիաթներ, «Դեչյե նովինե», Գորնի Միլանովաց, 1995
- Հայոց մեծ եղեռնը (Վկայություններ, վավերագրեր), «Օրֆելին», Բելգրադ, 1995
- Հայոց արև (Հայ մանկագիրների գործեր), «Կենդանի խոսքի աղբյուր», Կոլարի, 1996
Կազմած հայերեն գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաքսիմովիչ Դեսանկա, Աշխարհը նույնն է ամենուր (Բանաստեղծություններ), «Ապոլոն», Երևան, 1998
- Ստոյիչիչ Ջոկո, Աղբյուրն անապատում (Բանաստեղծություններ), «Ապոլոն», Երևան, 1998
- Արարատի երկիր (Սերբական պոեզիայի երկլեզու անթոլոգիա` նվիրված Հայաստանին), «Ապոլոն», Երևան, 2002
- Կոսովյան արև (20-րդ դարի սերբական պոեզիա), «Ապոլոն», Երևան, 2003
- Սերբական ժողովրդական հեքիաթներ, «Ոսկի Խատուտիկ», Երևան, 2011
- Առաջաբաններ է գրել սերբերեն հետևյալ գրքերի համար
- Քարի փայլը (Հայ պոեզիայի անթոլոգիա), «Ինտելեկտա», Վալևո, 1997
- Ռուսական փունջ (Ռուս մանկագիրների գործեր), «Կենդանի խոսքի աղբյուր», Կոլարի, 1996
- Վերֆել Ֆրանց, Մուսա լեռան քառասուն օրը (Վեպ), «Նոլիտ», Բելգրադ, 2001
- Մորգենթաու Հենրի, Բոսֆորի գաղտնիքները (Վկայություններ, վավերագրեր), «Բրաչա Նաստասիեւիչ», Գորնի Միլանովաց, 2019
- Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, «Պեշիչ ի սինովի», Բելգրադ, 2020
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». wua.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Սերբիա - Հյուպատոսություններ - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն». www.mfa.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաբկեն Սիմոնյան Արխիվացված 2021-04-28 Wayback Machine
- Մարտի 20 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ՀԱԱՀ շրջանավարտներ
- Բելգրադի համալսարանի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- ԵՊՀ դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ
- Հայերենից սերբերեն թարգմանիչներ
- Սերբերենից հայերեն թարգմանիչներ
- Սերբիայի գրողների միության անդամներ
- Հայ հրապարակագիրներ