Բաբի Յառ (պոեմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբի Յառ
ռուս.՝ Бабий Яр
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպոեզիա
ՀեղինակԵվգենի Եվտուշենկո
Երկիր ԽՍՀՄ
Գրվել է1961
Հրատարակվել է1961

«Բաբի Յառ», Եվգենի Եվտուշենկոյի պոեմը՝ գրված 1961 թվականին Կիևում հրեաների նկատմամբ ցուցաբերված խտրականության և Հոլոքոստի մոտիվներով։ Պոեմի հիման վրա կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը գրել է սիմֆոնիա։ Պոեմը թարգմանվել է 72 լեղվով[1] և համաշխարհային ճանաչում բերել Եվգենի Եվտուշենկոյին[2]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Եվտուշենկոն պատմել է, որ Բաբի Յառի մասին առաջին բանաստեղծությունները տպագրել են 1944 թվականին Կարմիր բանակի հետ Կիև մտած Իլյա Էրենբուրգն ու Լև Օզերովը։ Եվտուշենկոն կարդացել է այդ բանաստեղծությունները 1944 թվականին 11 տարեկան հասակում։ Օզերովի բանաստեղծությունը Եվտուշենկոյի վրա թողել է ուժեղ տպավորություն[3]։ Եվտուշենկոն նաև ասել է, որ վաղուց պատրաստվում էր գրել հակասեմականության դեմ ուղղված բանաստեղծություն[2]։

Առաջին անգամ Բաբի Յառ գնալով 1961 թվականին գրող Անատոլի Կուզնեցովի հետ միասին՝ Եվգենի Եվտուշենկոն ցնցվել է զոհվածներին նվիրված որևէ հուշարձանի բացակայության փաստից։ Ավելին, զանգվածային գնդակահարությունների վայրում եղել է սովորական աղբանոց[4]։

Եվ հանկարծ ես տեսա ամենասովորական աղբանոց, որը վերածվել էր վատ հոտ արձակող աղբի սենդվիչի։ Եվ դա այն վայրում, որտեղ հողում պառկած էին տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ, երեխաներ, ծերեր, կանայք։ Մեր աչքերի առաջ գալիս էին բեռնատարները և աղբի նորանոր կույտեր թափում այն վայրում, որտեղ պառկած էին այդ զոհերը։

Այդ տեսարանն այնպես է ազդել Եվգենի Եվտուշենկոյի վրա, որ նա գրել է պոեմն ընդամենը մի քանի ժամում՝ հյուրանոցում նստած[3]։ Ստեղծագործությունն առաջինը լսել են Եվտուշենկոյի համար գնացած Իվան Դրաչն ու Վիտալի Կորոտկինը։ Հետո Եվտուշենկոն հեռախոսով այն ընթերցել է Ալեքսանդր Մեժիրովի համար։ Դրանից հետո տեղական իշխանությունները փորձել են չեղարկել Եվտուշենկոյի ծրագրված ելույթը, սակայն զիջել են խոշոր սկանդալի վտանգի պատճառով[5]։

Հաջորդ օրը Եվտուշենկոն հրապարակավ կարդացել է իր նոր ստեղծագործությունը Կիևում։ Այն սկսվել է «Բաբի Յառում հուշարձաններ չկան...» (ռուս.՝ «Над Бабьим Яром памятников нет…») բառերով։ «Բաբի Յառ» պոեմը դարձել է այդ ողբերգության շուրջ քսանամյա լռության խախտման խթաններից մեկը[6]։

1961 թվականի սեպտեմբերի 19-ին ստեղծագործությունը տպագրվել է Լիտերատուրնայա գազետա պարբերականում։ Հրատարակությունից առաջ գլխավոր խմբագիր Վալերի Կոլոսապովն ասել է, որ ինքը պետք է խորհրդակցի կնոջ հետ, քանի որ թերթի լույս տեսնելուց հետո իրեն կազատեն աշխատանքից։ Այնուամենայնիվ, նա ընդունել է դրական որոշում[4][7]։

1962 թվականին Պաուլ Ցելանը պոեմը թարգմանել է գերմաներեն[8][9], Էվեն Շոշանը՝ եբրայերեն[10]։ Պոեմի հրատարակության 50-ամյակի առթիվ «Մակոր Ռիշոն» թերթը տպագրել է Զեև Գեյզելի թարգմանությունը, որում պահպանվել է բնօրինակի բանաստեղծական կառուցվածքը։ Ընդհանուր առմամբ այն թարգմանվել է 72 լեզվով[1]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմը դժգոհության տեղիք է տվել ինչպես հասարակության որոշ մասի, այնպես էլ պետության ղեկավարության շրջանում։ Մասնավորապես Եվտուշենկոյին մեղադրել են հրեաների ողբերգությունը նացիզմի մյուս զոհերի ֆոնին առանձնացնելու մեջ։

Պոեմի շուրջը ծավալվել է քաղաքական բանավեճ։ Մի քանի օր անց «Լիտերատուրնայա գազետա» թերթում տպագրվել է Դմիտրի Ստարիկովի հոդվածը, որում նա, համեմատելով Էրենբուրգի ու Եվտուշենկոյի ստեղծագործությունները, վերջինիս մեղադրել է ինտերնացիոնալիզմի բացակայության համար։ Իլյա Էրենբուրգը խմբագրություն է ուղարկել բողոք ոչ հարիր համեմատության դեմ, սակայն ԽՄԿԿ կենտկոմն արգելել է հրապարակել նրա նամակը։ Բենեդիկտ Սառնովը հետագայում հոդվածը կոչել է հակասեմական, իսկ Ստարիկովին բնութագրել որպես «գրական սրիկա»[7]։

Բանաստեղծ Ալեքսեյ Մարկովը Եվտուշենկոյին գրել է.

Какой ты настоящий русский,
Когда забыл про свой народ,
Душа, что брюки, стала узкой,
Пустой, что лестничный пролёт.

Մարկովին պատասխանել են բանաստեղծներ Սամուիլ Մարշակն ու Կոնստանտին Սիմոնովը, կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը, երգիչ Լեոնիդ Ուտյոսովը։ Մասնավորապես Մարշակը Մարկովին համեմատել է հայտնի սևահարյուրակ Մարկով երկրորդի հետ, իսկ Ուտյոսովը Մարկովի հասցեին գրել է, թե «հակասեմականությունը հիմարների սոցիալիզմն է»[2][11]։

Նիկիտա Խրուշչովը հրապարակայնորեն Եվտուշենկոյին մեղադրել է քաղաքական տհասության և պատմական փաստերը չիմանալու համար։

«Լիտերատուրնայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Վալերի Կոսոլապովը, որը տպագրել էր պոեմը, ազատվել է աշխատանքից[1]։ Դմիտրի Շոստակովիչը հիշել է, թե ինչպես են իշխանություններն ու անբարյացակամները փորձել խանգարել 13-րդ սիմֆոնիայի պրեմիերան, որը ներառում էր «Բաբի Յառ» պոեմը։ Արդյունքում, ինչպես նշում է Սոլոմոն Վոլկովը, պրեմիերան վերածվել է հակակառավարական տրամադրությունների ցույցի[6]։

Հետագայում Եվգենի Եվտուշենկոն բազմիցս ենթարկվել է հակասեմական հարձակումների, իսկ հակասեմականության դեմ պայքարը դարձել է նրա ստեղծագործության կարևոր մասը[12]։ Երկրորդ անգամ ստեղծագործությունը տպագրվել է միայն 1983 թվականի եռահատոր հրատարակությունում։ Պոեմի հրապարակային ընթերցումն Կիևում արգելված է եղել մինչև ԽՍՀՄ-ում տեղի ունեցած վերակառուցումը[13]։

Ըստ Եվտուշենկոյի՝ այդ արձագանքը կապված էր նրա հետ, որ հակասեմականության թեման Խորհրդային Միությունում արգելված էր։ Նա նաև նշել է, որ ստացել է բազմաթիվ նամակներ իրեն սատարողներից[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնահատելով պոեմի նշանակությունը՝ Դմիտրի Շոստակովիչը գրել է[6].

Շատերն էին լսել Բաբի Յառի մասին, սակայն պետք եղավ Եվտուշենկոյի բանաստեղծությունը, որ մարդիկ իսկապես իմանային նրա մասին։ Փորձեր են եղել ջնջել Բաբի Յառի հիշատակը սկզբում գերմանացիները, ապա նաև ուկրաինական ղեկավարության կողմից։ Սակայն Եվտուշենկոյի բանաստեղծությունից հետո պարզ դարձավ, որ այն երբեք չի մոռացվի։ Այդպիսին է արվեստի ուժը։

Եվգենի Սիդորովը «Եվգենի Եվտուշենկո. անձը և ստեղծագործությունը» (ռուս.՝ «Евгений Евтушенко: личность и творчество») գրքում նշել է, որ Կիևում Բաբի Յառի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու գործում կա նաև պոեմի հեղինակի ներդրումը[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Михаил Бузукашвили. — Интервью (16 января 2011). «Евгений Евтушенко о «Бабьем Яре»». Номер 2 (181) Журнал "Чайка". Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 Цвибель Д. (2008). «От Станции Зима к Бабьему Яру». netzulim.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 11-ին.
  3. 3,0 3,1 «Евгений Евтушенко о трагедии Бабьего Яра». Русская служба Би-би-си. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  4. 4,0 4,1 «Алфавит Инакомыслия. Бабий Яр. Передача первая». Радио Свобода. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 11-ին.
  5. Евгений Евтушенко. «Украина не должна допустить бестактность». Русская Служба "Голоса Америки". Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.
  6. 6,0 6,1 6,2 Волков С. М. Мемуары Шостаковича (The Memoirs of Dmitri Shostakovich. As Related to and Edited by Solomon Volkov, 1984, ISBN 978-0879100216)
  7. 7,0 7,1 Сарнов Б. «Голос крови». lechaim.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 11-ին.
  8. «Литература-Немецкий». Виртуальный музей «Еврейская жизнь Буковины». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
  9. Eric Kligerman. Sites of the uncanny: Paul Celan, specularity and the visual arts p.12, 2007 ISBN 978-3-110-19135-6
  10. «Он всем антисемитам, как еврей». netzulim.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 11-ին.
  11. Белкин А. «Вокруг стихотворения Бабий Яр». proza.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 11-ին.
  12. «Жидомасон по фамилии Евтушенко». Заметки по еврейской истории. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  13. Виталий Орлов. «Сегодня памятник над Бабьим Яром есть (Евгений Евтушенко)». vestnik.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  14. Евгений Сидоров. Евгений Евтушенко: личность и творчество. Художественная литература, 1987, стр. 48

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Евгений Евтушенко. Я пришёл к тебе, Бабий Яр… История самой знаменитой симфонии XX века. М., Текст, 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]