Արքունական պալատի և նահանգական գանձատան շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքունական պալատի և նահանգական գանձատան շենք
Արքունական պալատի և նահանգական գանձատան շենքը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկառույց և շենք
ՔանդակագործՎասիլի Միրզոյան
Ստեղծում1901
ԵրկիրՀայաստան
ԲնակավայրԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՓողոցՆալբանդյան փողոց (48)
ՀասցեՆալբանդյան փ. 48[1]
Շինության ձևվարչական շենք
Ոճկլասիցիզմ
Մասն էՀրապարակ` Անդրեյ Սախարովի անվան
Ներկա վիճակկանգուն
ՀՀ ՊՄԱՀ1.6/102.4
 Armbusinessbank main building Վիքիպահեստում

Արքունական պալատի և նահանգական գանձատան շենք, շենք-հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Նալբանդյան 48 հասցեում։ Ներառված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքունական պալատի և նահանգական գանձատան շենքը կառուցվել է Սախարովի հրապարակի և Նալբանդյան (նախկինում Տեր-Ղուկասովսկայա) փողոցների անկյունում 1901 թ. ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով։ Շենքը կառուցվել է պետական միջոցներով։

1901-1917 թթ շենքում տեղակայված է եղել Երևանի նահանգի գանձապետական պալատն ու գանձատունը։

19-րդ դարի երկրորդ կեսից Ռուսական կայսրության նահանգային կառավարման համակարգում մեծ դեր է ունեցել գանձապետական պալատն ու դրան կից գործող գանձատունը։ Գանձապետական պալատը ղեկավարում և վերահսկում էր նահանգի ողջ դրամաշրջանառությունը, իսկ այդ պալատները կայսերական ֆինանսների նախարարության ստորաբաժանումներն էին։

1918-1920 թթ այս շենքում է գործել Հայաստանի առաջին Հանրապետության ֆինանսների նախարարությունը և այլ պետական հիմնարկներ։ Առաջին ֆինանսների նախարարն է եղել Էջմիածնի Գևորգյան ճեմարանի և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Խաչատուր Կարճիկյանը։

Այդ տարիներին շենքում գործել է նաև Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը։ Այդտեղ են աշխատել Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետներ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համազասպ Օհանջանյանն ու Սիմոն Վրացյանը, արտգործնախարար Սիրական Տիգրանյանը, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը և այլք։

Հայաստանի խորհրդայնացումից հետո շենքում է գտնվել Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն և Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդը՝ Սարգիս Կասյանի ու Ալեքսանդր Մյասնիկյանի գլխավորությամբ։

Այնուհետև շենքում գործել է հիվանդանոց, իսկ հետո՝ տարբեր հիմնարկ-ձեռնարկություններ։ Ավելի ուշ այդտեղ երկար տարիներ տեղակայված է եղել գյուղատնտեսության նախարարությունը։

Ներկայումս շենքում տեղակայված է ՎՏԲ բանկն ու Հայբիզնեսբանկի գլխավոր մասնաշենքը։

1970-ականների սկզբներից շենքի նկուղային հարկաբաժնում սկսեց գործել հանրահայտ «Գինետունը», որը երևանցիների ամենասիրված ժամանցի վայրերից մեկն էր։ Պանդոկի նախագծման և ներքին հարդարման աշխատանքներն իրականացրել են ճարտարապետ Ստեփան Սարգսյանն ու քանդակագործ Բենիկ Խաչատրյանը։ Հին կամարներով այդ նկուղային հարկը ձևավորված էր կարպետներով, կարասներով, ծառի հաստ բներից պատրաստված նստարաններով ու սեղաններով։ Պատերին կային ազգային ոճով գեղարվեստական պատկերներ, իսկ ուտեստը մատուցվում էր կավե ամաններով։

1987-1988 թթ. շենքը վերակառուցվել է, ավելացել է նոր մասնաշենք։

Արքունական պալատի և նահանգական գանձատան շենքը նախկինում ներառված չի եղել 1983 թ. հաստատված հուշարձանների ցանկում։

2004 թ., երբ Հայաստանի կառավարության կողմից հաստատվեց պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկը, շենքը ներառվեց Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

2007 թ. «Ալոնժ» ՍՊԸ-ն ձեռք է բերել շենքը և հուշարձանի պահպանական պարտավորագիր կնքել Հուշարձանների պահպանության գործակալության հետ։ ՍՊԸ-ի կողմից պահպանվել են շենքի հատակագծային հորինվածքը և ուժեղացվել են հիմնական կրող պատերը։ Բանկերին տրամադրելու նպատակով վերականգնվել է շենքի սկզբնական՝ 1901 թ. գործառական նշանակությունը[2]։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը երկհարկանի է՝ կառուցված սև տուֆից։ Կառուցվել է ռուսական կլասիցիզմի ոճով։

Ժամանակին շենքը բաղկացած է եղել ոչ միայն վարչական, այլև բնակելի հատվածից։ Շենքի հեղինակը՝ ճարտարապետ Վասիլի Միրզոյանը հասարակական շենքեր ու առանձնատներ նախագծելիս համադրում էր ռուսական կլասիցիզմն ու հայկական ճարտարապետության ավանդույթները, ինչը արտացոլվել է նաև գանձատան շենքի ճարտարապետության մեջ։

Վերանորոգման ժամանակ ավելացվել են նախկինում բացակայող ոճային պատշգամբները, որոնք եղել էին ի սկզբանե։

Առանձնակի շքեղությամբ է կառուցված երկու սյուներով զարդարված շքամուտնքը։

Հատկանշական է, որ շենքի ճակատային վերնամասում պահպանվել է ռուսերեն «МФ» տառերով գրությունը, որը կայսերական ֆինանսների նախարարության խորհրդանշանն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Արքունական պալատ և Նահանգական գանձատուն. ի՞նչ գիտենք ու ի՞նչ չգիտենք այս շենքի մասին». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/102.4