Jump to content

Արցախի Հանրապետության կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԼՂՀ կերպարվեստ,

Հնագույն շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ տարածքում պահպանվել են նախնադարյան բնակավայրեր, հայտնաբերվել քարե գործիքներ, ուրարտական և հայկական վաղ շրջանի պաշտամունքային արձանիկներ, խոյակներ, կենցաղային առարկաներ, դրամներ։ Հնավայրերից պեղված կիսաթանկարժեք քարերից պատրաստված մանյակները, բրոնզե նետագլխիկները, երկաթե դաշույնները, ոսկե ուլունքները, դրոշմազարդ կարասները, կենդանիների ու թռչունների ոճավորված պատկերներով զարդարված սև, փայլուն կավանոթները վկայում են կիրառված արվեստի բարձր մակարդակը։ Միջին դարերում մեծ վարպետության է հասել քարի զարդաքանդակումը (հայտնի քարգործ վարպետներ էին Ղազարը, Գաբրիելը, Խաչենիկը, Շահենը և Պողոսը)։ ԼՂՀ տարածքում պահպանվել են Դադիվանքի, Գտչավանքի և այլ բարձրարվեստ ու նրբակերտ քանդակազարդ խաչքարեր(աշխարհիկ, ռազմական տեսարաններ, պատվիրատուների պատկերներ), տապանաքարեր (կենցաղային, ծիսական, որսի տեսարաններ, նաև տարազ) և այլ կոթողներ։ Զարդաքանդակների հարստությամբ Գանձասարի վանքը (1216-1238) երկրորդն է Աղթամարի Uուրբ Խաչ եկեղեցուց հետո։ Գեղարվեստական հարուստ հարդարանքով առանձնանում է նաև Դադիվանքը (1214

Հայ արվեստի պատմության մեջ առանձնահատուկ են Արցախի միջնադարյան որմնանկարչության փայլուն օրինակները, որոնք պահպանվել են Դադիվանքում և Ծիծեռնավանքում։ Արցախի մանրանկարչության դպրոցի գրչատներում պատկերազարդված և ընդօրինակված ձեռագիր մատյանների բազմաթիվ տերունական պատկերներ, ավետարանիչների դիմանկարներ, խորաններ, լուսանցազարդեր, զարդագրեր ու գլխազարդեր առանձնանում են ինքնա տիպությամբ և արտահայտչականությամբ։ Արցախում մանրանկարչությունը վերելք է ապրել 13-15-րդ դարերում։ Արցախի վանքերում մեծ թվով ձեռագրեր են հավաքվել Հայաստանի տարբեր իշխան, կամ վանական հավաքածուներից («Կարմիր Ավետարան», 909, «Բեգյունց Ավետարան», 11-րդ դար, Հռոմկլայի 1166 թվականի Ավետարան, «Հաղպատի Ավետարան», 1211, և այլն)։ 1224-1261 թվականներին Արցախում ստեղծված մի քանի Ավետարաններ («Վանենու Ավետարան», ձեռ. № 4823, Վախթանգ Տանգիկի և նրա տիկին Խորիշահի Ավետարանը, ձեռ. № 378, երկուսն էլ՝ Մատենադարան և այլն) առանձնանում են լավ մշակված մագաղաթով, մանրանկարների գծային հիերոգլիֆային ոճով, ոսկու և գույների նրբությամբ, հորինվածքային եզակի մեկնաբանություններով։ Այստեղ ձևավորվել է ավետարանական պատկերաշարի նոր՝ սակավ հանդիպող տարբերակ։ Արցախը հնագույն ժամանակներից հայտնի է իր ավանդական տարազով (հատկապես՝ կանանց), գորգերով, կարպետներով, խուրջիններով, արծաթե ու պղնձե կերտվածքներով և այլն։ Այդ մասին հիշատակում է նաև 7-րդ դարի պատմագիր Մովսես Կաղանկատվացին իր «Պատմութիւն Աղուանից աշխարհի» (հրատարակված՝ 1860) երկում։ Հայկական գորգի պատմության մեջ առանձին խումբ են կազմում արցախյան գորգերը, որոնց հատուկ են ատամնաձև եզրերով խաչաձև ու շեղանկյուն մեծ զարդանախշերը, որոնք հաճախ լրացվել են կենդանիների և երկրաչափական պատկերներով։ 17-19-րդ դարերում գերակշռել են «արծվագորգերը» (ստեղծվել են «վիշապագորգերի» հենքի վրա)։ Վիշապագորգի ընտիր նմուշներից մեկը պահվում է Մյունխենի ազգագրական թանգարանում։ Հայտնի են նաև «օձագորգերը», որոնց վրա աշխարհի ծագման և հավերժության թեմաներով պատկերներ են։ Ղարաբաղը Ռուսաստանին միանալուց (1813) հետո, սոցիալ-տնտեսական վերելքին համընթաց, զարգացել են կիրառված արվեստի ավանդական ճյուղերը՝ բրուտագործությունը, մետաղի գեղարվեստական մշակումը, ասեղնագործությունը և այլն։ Դեկորատիվ արվեստի բարձրակարգ նմուշներ էին ասեղնագործ վարագույրները. օգտագործել են ոսկե, արծաթե թելեր, գոհար, մարգարիտ և այլ քարեր։ Պատմիչ Կիրակոս Գանձակեցին հիացմունքով է նկարագրել Վախթանգ իշխանի կնոջ՝ Արգու Խաթունի ձեռագործները։ Ստեղծվել են նաև կենցաղային իրեր՝ գավաթներ, սափորներ, սկուտեղներ, մոմակալներ և այլն։ Առավել տարածված էր իրերի (շքեղ ճարմանդներով արծաթե, երբեմն՝ ոսկեզօծ գոտիներ, թասակներ, կանանց տարազներ և այլն) մակերեսների մանրազարդումը հատկապես վերադիր ուռուցիկ ու սևադապատ սալիկներով (երկրաչափական, բուսական զարդանախշեր)՝ ագուցված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով։ Դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշ է նաև Հասան-Ջալալի դաշույնի նեֆրիտե երախակալը (բռնակ)՝ բուսական նուրբ նախշազարդերով (էրմիտաժ, Ս.Պետերբուրգ

Նոր ժամանակների հայ կերպարվեստում մեծ ներդրում ունեն Ղարաբաղում ծնված քանդակագործներ Հակոբ Գյուրջյանը, Սարգիս Բաղդասարյանը, գեղանկարիչ Ստեփան Աղաջանյանը։ ԼՂՀ-ում ապրում ու ստեղծագործում են 3 տասնյակից ավելի նկարիչներ, քանդակագործներ, ժողովրդական արվեստի բազմաթիվ վարպետներ։ 1988 թվականին ստեղծվել է ԽՍՀՄ նկարիչների միության մարզային բաժանմունքը (այժմ՝ Արցախի նկարիչների միություն), որն ստեղծագործ, կապեր ունի Հայաստանի նկարիչների միության հետ։ 2006 թվականին ստեղծվելէ նաև «ԳԱՄ-արտ» Արցախի նկարիչների միջազգային միությունը։ ԼՂՀ-ում, ՀՀ-ում և արտերկրում պարբերաբար կազմակերպվում են արցախցի, Ղարաբաղում՝ օտարազգի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ։ Արցախի նկարիչների գործերում առանձնանում է Ղարաբաղյան շարժման թեման։ Ճանաչված են գեղանկարիչներ Ռուբեն Գաբրիելյանը («Արցախի Պրոմեթևսը», 1988, «Արցախցիներ», 1993, և այլն), Լիանա Քոչարյանը («Մեղեդի», 1992, «Բլոկադա կամ Տառապած Արցախ»), Հրանտ Մևացականյանը («Գանձասար», 1992, «Լուսաբաց», 2000, և այլն), Սասուն Ղալայանցը («Միլենիում», 1993, «Սպասում», 1998, և այլն), Առնոլդ Մելիքսեթյանը («Շուշի», «Թունել», երկուսն էլ՝ 1995, և այլն), Սամվել Գաբրիելյանը («Հովեկներ», 1999, «Պար իրիկնամուտին», 2000, և այլն), Սերգեյ Առստամյանը(«Հայեր, միացեք», «Մայրություն», երկուսն էլ՝ 1989, և այլն), Ռաֆայել ՊԵտրոսյանը(«Մեկ ազգ, մեկ հավատ», 1997, «Փողոց Ստեփանակերտում», 2000, և այլն), Գևորգ Սարգսյանը («Հին բակ», 2003, «Սպասում», 2009), Արտակ Պողոսյանը («Քրոնավանք», 2008, «Ճակատագիր», 2010, վերջին չորսը մասնակցել են Ղարաբաղյան շարժմանն ու պատերազմական գործողություններին), քանդակագործներ Լավրենտ Ղալայանը («Այա», 1970, «Կժով աղջիկը», 1973, և այլն), Յուրի Հովհաննիսյանը («Թավջութակահարուհին», 1985, «Հաղթանակի հրեշտակը» և այլն), Արմեն Հակոբյանը («Երեք դիմակ», 1983, «Աղաղակողը», 1989, և այլն), Սերգեյ Առստամյան. «Նատյուրմորտ մրգերով» (2004) Ռոբերտ Ասկարյանը («Հույս, սեր, հավատ», 1997, «Խաչը կրողը», 2000, և այլն), Ալբերտ Հարությունյանը («Նելսոն Ստեփանյան», «Իսրայել Օրի» և այլն), Ալբերտ Սարգսյանը («Մուսա», 1996, «Ընտանիք», 1997, մասնակցել է Ղարաբաղյան շարժմանն ու պատերազմական գործողություններին), թատերական նկարիչներ Գրիգոր Ծատուրյանը, Սամվել Հովհաննիսյանը և ուրիշներ։ Նշանավոր հուշարձաններից են Սարգիս Բաղդասարյանի «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ», 1967), որը Ղարաբաղյան շարժման սկզբից դարձել է Արցախի ազատության խորհրդանիշը, Ա. Հակոբյանի Սպիտակի երկրաշարժի (1989) և Սումգայիթի ցեղասպանության (1990) զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։