ԼՂԻՄ-ն Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու գործընթաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԼՂԻՄ-ն Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու գործընթաց, քաղաքական-հասարակական պայքար, որը հանդիսանում է հայ-ադրբեջանական հակամարտության մաս։

Ադրբեջանի քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂԻՄ-ի նկատմամբ Ադրբեջանի վարած պետական քաղաքականությունն ի սկզբանե եղել է խտրական, արհեստականորեն կասեցվել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը, այն վերածվել է Ադրբեջանի հումքային կցորդի, ակտիվորեն միջամտել են ժողովրդագրական գործընթացներին, ոչնչացրել ու յուրացրել են հայկական մշակութային արժեքները, ամեն կերպ ոտնահարել հայերի իրավունքները։ ԼՂԻՄ-ի կազմավորումից անմիջապես հետո սկսվել է արցախահայության պայքարն Ադրբեջանի կազմից դուրս գալու համար։ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմը 1920-ական թվականներինին ստիպված է եղել բազմիցս անդրադառնալ Ղարաբաղյան շարժմանն առնչվող հարցերին։ 1930-ական թվականներին ազգայնականության մեղադրանքով բռնադատվել են մարզկենտրոնի և շրջանների բազմաթիվ ղեկավարներ։ ԼՂ-ի հանդեպ վարվող հակահայկական քաղաքականությունը հետապնդել է 2 նպատակ՝ սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտներում այնպիսի պայմաններ ստեղծել, որ հայերն ստիպված լինեն փոխել բնակության վայրը, և երկրորդ՝ մարզը բնակեցնել ադրբեջանցիներով։ Միայն հետպատերազմյան տարիներին հայ բնակչության թիվը, ադրբեջանցիների թվի բացարձակ աճի (ավելի քան 3,5 անգամ) պայմաններում, կրճատվել է 15-20 %-ով։

Արցախի հայ ազգաբնակչության հանրագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախահայությունը Արցախյան հիմնահարցը լուծելու նպատակով 1945, 1965, 1977-ին նամակներ և հանրագրեր է հղել Մոսկվա՝ ԽՍՀՄ կենտրոնական կուսակցական և պետական մարմիններին։ 1965-ի հանրագրը ստորագրել է 45 հազար մարդ։ Դրա հիման վրա ԽՄԿԿ կենտկոմի քարտուղարությունը 1966-ին ՀԽՍՀ և ԱԽՍՀ կոմկուսների կենտկոմներին հանձնարարել է համատեղ նախապատրաստել Արցախի հարցի լուծման առաջարկ։ Սակայն Ադրբեջանին այդ անգամ ևս հաջողվել է կասեցնել հարցի հնարավոր լուծումը։ Ավելին, Ադրբեջանի իշխանությունները շարունակել են հրահրել ազգամիջյան ընդհարումներ, բռնադատել են ավելի քան 150 մարդու, բանտերում խոշտանգել ու սպանել 20 հայի, 10 մարդ համարվում է անհայտ կորած։ Երկամյա հետապնդումների հետևանքով ԼՂԻՄ-ից հեռացել է ավելի քան 100 ընտանիք, հիմնականում՝ մտավորականներ։ Այդ գործողությունների հեղինակն ու իրականացնողն Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ-ն էր (ղեկավար՝ Հեյդար Ալիև)։

Արցախյան հարցի արծարծումը 1977-ին կապված էր ԽՍՀՄ նոր Սահմանադրության նախագծի քննարկումների հետ, որի վերաբերյալ բազմաթիվ առաջարկություններ են ներկայացվել Սահմանադրական հանձնաժողովին։ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահությունը 1977 թ. նոյեմբերի 23-ին քննարկեց Հայկական ԽՍՀ-ից և ԼՂԻՄ-ից ստացված նամակներում ներկայացված առաջարկությունները և հանգեց օբյեկտիվ եզրահանգման. «Լեռնային Ղարաբաղը պետք է միացնել Հայկական ԽՍՀ-ին»:1987- ի կեսերից Արցախյան շարժումը թևակոխել է նոր՝ ազգ-ագատագրական պայքարի փուլ։ ԼՂԻՄ-ի տասնյակհազարավոր բնակիչներ մասնակցել են հանրահավաքների և ցույցերի, մարզի ներկայացուցիչները խնդրագրերով դիմել են ԽՍՀՄ կենտրոնական կուսակցական և պետական մարմիններին։ ՀԽՍՀ-ի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման պահանջը բովանդակող հանրագիրը ստորագրել է ավելի քան 80 հազար մարդ։ 1988- ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը որոշում է ընդունել դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։ Մարզխորհրդի այդ նստաշրջանը խափանելու նպատակով նույն օրը Ստեփանակերտ են ժամանել Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար Ք. Բաղիրովը, կենտկոմի բյուրոյի անդամներ և ԽՄԿԿ կենտկոմի հրահանգիչ Վ. Յաշինը, հրավիրել են կուսակցության մարզկոմի բյուրոյի նիստ, որն ստեղծված կացության համար պատասխանատու է համարել մարզի կուսակցական կազմակերպությանը։ Չնայած պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների և կուսակցության մարզային կոմիտեի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի հակազդեցությանը՝ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանը, այնուամենայնիվ, գումարվել է և ընդունել Հայաստանի հետ մարզի վերամիավորման որոշում։

Սումգայիթի ջարդերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմի քաղաքային բյուրոն Արցախյան շարժումը որակել է որպես «ծայրահեղական», իսկ ադրբեջանական կողմը պատասխանել է ագրեսիայով։ ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում, 1988փետրվարի 27-29-ը կազմակերպվել են հայերի զանգվածային կոտորածներ։ Ոճրագործությունը ծրագրվել է նախօրոք և ամենայն մանրամասնությամբ։ Ըստ ԽՍՀՄ դատախազության տվյալների՝ Սումգայիթում սպանվել է 27 հայ, բայց ականատեսների վկայությամբ միայն ինքնությունը չպարզված զոհերի թիվն անցել է 70-ից։ Սպանվածների մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզվել է։ Սումգայիթից տեղահանվել է մոտ 18 հազար հայ, որոնք հաստատվել են ԼՂԻՄ-ում, ՀՀ-ում և ԽՍՀՄ այլ հանրապետություններում։ 1988-ի փետրվարի 29-ին Կրեմլում տեղի է ունեցել ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի նիստ, որտեղ արձանագրվել է («հույժ գաղտնի»), որ զանգվածային ջարդերն ու կոտորածները Սումգայիթում իրականացվել են ազգային հատկանիշով և ուղղված են բացառապես հայերի դեմ։ Բայց կատարվածը հանրությունից թաքցնելու բացահայտ միտումով այն հայտարարվել է խուլիգանական տարրերի արարք, որից տուժել են և՝ հայ, և՝ ադրբեջանցի քաղաքացիներ։ Իսկ հուլիսի 18-ին ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, թե Սումգայիթի ողբերգությունը չէր լինի, եթե զորքը չուշանար 3 ժամով։ Բայց զորքն ուշացել էր ոչ թե 3 ժամով, այլ առնվազն 3 օրով, իսկ քաղաք մտնելուց հետո էլ չի միջամտել իրադարձություններին։ Սումգայիթյան ոճրագործությունը դատապարտել են Եվրախորհրդարանը (1988), ԱՄՆ-ի Սենատը (1989) և Արգենտինայի խորհրդարանը (1989)։ 1988-ի մարտին Ստեփանակերտում ստեղծվել է «Կռունկ» հաս-քաղաքական կազմակերպությունը (խորհրդի նախագահ՝ Արկադի Մանուչարով)՝ ԼՂԻՄ-ում առաջացած համաժողովրդական ընդվզումը ղեկավարելու համար։ 1988-ի մարտի 24-ին ԽՄԿԿ կենտկոմը և նախարարների խորհուրդը որոշում են ընդունել ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման միջոցառումների մասին, որով, ըստ էության, խնդիրը հայտարարվել է զուտ տնտեսական բնույթի, և 1988-1995- ին ԼՂԻՄ-ին հատկացվելու էր 400 միլիոն ռուբլի՝ «թույլ տված թերացումները հաղթահարելու համար»։ Այս որոշումը ներկայացվել է որպես հիմնախնդրի լուծման սպառիչ միջոց, որից, սակայն, օգտվել են միայն Բաքվի իշխանությունները, իսկ ԼՂԻՄ-ում որևէ կենս, հարց չի լուծվել։

Հատուկ կառավարման կոմիտե[խմբագրել | խմբագրել կոդը]

1988հունիսի 15-ին ՀԽՍՀ ԳԽ-ն, ընդառաջելով ԼՂԻՄ-ի մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանի խնդրանքին, որոշում է ընդունել համաձայնություն տալ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի կազմի մեջ մտցնելուն։ 1989- ի հունվարի 12-ից, ԽՍՀՄ-ում առաջին անգամ, ԼՂԻՄ-ում մտցվել է կառավարման հատուկ ձև։ Կազմավորվել է Հատուկ կառավարման կոմիտե (ՀԿԿ)՝ ԽՄԿԿ կենտկոմի բաժնի վարիչ Արկադի Վոլսկու նախագահությամբ։ ՀԿԿ-ի կազմավորումով դադարեցվել են ԼՂԻՄ-ի 20-րդ գումարման ժողովրդական պատգամավորների լիազորությունները։ Բայց մարզային կուսումնական և պետական մարմինների լիազորությունների դադարեցումը ժողովրդին իսպառ զրկել է ինքնուրույն գործողությունների հնարավորությունից, և ներկայացուցչական լիազոր մարմին ընտրելու անհրաժեշտությունը դարձել է հրատապ։ 1989-ի օգոստոսի 16-ին հրավիրվել է արցախահայության համագումար, որն ընտրել է ԼՂԻՄ-ի ազգային խորհուրդ (նախագահ՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վաչագան Գրիգորյան)՝ մինչև ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի և մարզկոմի վերականգնումը մարզը ղեկավարելու համար։ Համագումարն ընդունել է նաև Ադրբեջանի ժողովրդին ուղղված դիմում, մտահոգություն հայտնել հայերի ու ադրբեջանցիների միջև օրեցօր խորացող օտարացման կապակցությամբ, կոչ արել ճանաչել միմյանց անխախտելի իրավունքները։ «ԼՂԻՄ-ի սահմանադրական իրավունքները վերականգնելու պահանջով», 1990սեպտեմբերի 9-29-ը՝ ԽՍՀՄ ԳԽ հերթական նստաշրջանի օրերին, Մոսկվայում հացադուլ են հայտարարել ժողովրդական պատգամավորներ՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Սեմյոն Բաբայանը և Վաչագան Գրիգորյանը։ Նրանց հետևել են մտավորականներ Ուզբեկստանում, Տաջիկստանում, Երևանում, Ստեփանակերտում և այլուր։ Հացադուլը դադարեցվել է նրանց այցելած Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի խնդրանքով և հայտարարությամբ. «Առանց ձեզ ես չեմ վերադառնա Սուրբ էջմիածին»։ Իսկ պաշտոնական Բաքուն հայկական բնակավայրերն ավերելուն զուգընթաց ձեռնարկել է ԼՂԻՄ-ի և ՀԽՍՀ-ի տնտեսական շրջափակման՝ ԽՍՀՄ-ում նախադեպը չունեցող գործողություն, Շահումյանի շրջանում և Գետաշենի ենթաշրջանում սաստկացրել է ճնշումներն ու պատժամիջոցները։

Շակաշեն

Դեպքերի նման զարգացումը կանխելու նպատակով Շահումյանի ժողովրդական պատգամավորների շրջխորհրդի հուլիսի 26-ի արտահերթ նստաշրջանը որոշում է ընդունել շրջանը և Գետաշենի ենթաշրջանը ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտցնելու վերաբերյալ։ ԽՍՀՄ ԳԽ-ն 1989նոյեմբերի 28-ին անդրադարձել է ԼՂ-ի խնդրին, որոշել մարզը թողնել Ադրբեջանական ԽՍՀ կազմում, լուծարել է ՀԿԿ-ն, նրա փոխարեն ստեղծել Հանրապետական կազմկոմիտե՝ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի 2-րդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոյի գլխավորությամբ։ Կազմկոմիտեն ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի աջակցությամբ հիմնականում իրականացրել է ԼՂԻՄ-ի և Ադրբեջանի տարբեր շրջաններից հայ բնակչության տեղահանման, Արցախյան շարժման ճնշման և ակտիվիստների ձերբակալման գործողություններ։ 1989-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ն և ԼՂԻՄ-ի ազգային խորհուրդը համատեղ նիստում որոշում են ընդունել ճանաչել ԼՂ լիազոր ներկայացուցիչների համագումարը և ազգային խորհուրդը՝ որպես մարզի միակ օրինական իշխանություն։ Որոշման 3-րդ կետով հռչակվել է ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու փաստը և մարզի բնակչության վրա տարածել ՀԽՍՀ քաղաքացիության իրավունքները։ ՀԽՍՀ գործադիր իշխանություններին հանձնարարվել է «իրականացնել ՀԽՍՀ և ԼՂԻՄ քաղաքական, տնտեսական և մշակութային կառույցների միաձուլումը միասնական պետական քաղաքական համակարգում»։ Այդ որոշմանը հաջորդել են կազմակերպված ջարդերը Բաքվում։ 1990հունվարի 13-ին, ԽՍՀՄ զինվորական կայազորի, ներքին զորքերի և ոստիկանության աչքի առաջ, բազմահազարանոց հանրահավաքից հետո, ամբոխը խմբերի բաժանված ներխուժել է հայերի բնակարաններ և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս են նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց ու շատերին ողջակիզել։ Ջարդերն ու անկարգությունները շարունակվել են 6 օր։ Հունվարի 19-ին, երբ դրանք արդեն սպառնում էին խորհրդային իշխանության անվտանգությանը, ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին, և հունվարի 19-ի՝ լույս 20-ի գիշերը զորք է մտցվել քաղաք (օդադեսանտային ուժերի հրամանատար՝ գեներալ Ալեքսանդր Լեբեդ)։ Զորքի հետ զինված բախման ժամանակ սպանվել են 137 ադրբեջանցիներ, շատերը ձերբակալվել են։ Չնայած հայտարարված արտակարգ դրությունը հայերին փրկելու նպատակ չուներ, սակայն ջարդերը դադարեցվել են, քաղաքից տարհանվել են վերջին 50-60 հազար հայերը և լաստանավով՝ Կասպից ծովով, տեղափոխվել Թուրքմենիայի Կրասնովոդսկ քաղաք։ Ջարդերի ընթացքում սպանվել են 150-300, անհայտ կորել հազարավոր հայեր։ Այդպես հայաթափվել է Բաքուն, որտեղ ժամանակին ապրել են մինչև 250 հազար հայեր, ստեղծել ազգային մշակույթ, կառուցել եկեղեցիներ և պատմաճարտարապեճտական բազմաթիվ հուշարձաններ։ 1990-ի հունվարի 17-ին Եվրոխորհուրդը կոչ է արել Արտաքին Գործերիի նախարարների կոմիտեին և ԵԽ-ին՝ պաշտպանել հայերին հակաօրինական գործողություններից և անհապաղ օգնություն ցուցաբերել Հայաստանին ու ԼՂ-ին։ Հունվարի 18-ին ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել Միխաիլ Գորբաչովին և անհանգստություն հայտնել Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ։ Օգտվելով այն բանից, որ միության մարմինները միջոցներ չեն ձեռնարկում հայերի ցեղասպանության դադարեցման համար, 1989-ի հուլիսին, իբրև ընդդիմադիր կուսումնական ձևավորված Ադրբեջանի ժողովրդական ճակատը, իշխանությունների համաձայնությամբ, զինված հարձակում է ձեռնարկել Շահումյանի և Խանլարի շրջանների հայկական գյուղերի վրա։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով տարբեր հատվածներում սկսվել են մարտական գործողություններ։ ԽՍՀՄ ԳԽ նախագահության 1990-ի հունվարի 15-ի հրամանագրով արտակարգ դրություն է մտցվել նաև ԼՂԻՄ-ում և սահմանամերձ ադրբեջանական շրջաններում, ՀԽՍՀ Գորիսի շրջանում, ինչպես նաև Ադրբեջանական ԽՍՀ պետական սահմանի երկայնքով ընկած գոտում։ Ռազմական դրության պայմաններում ԼՂԻՄ-ի տարածքում պետական իշխանության գործառույթներն իրականացրել է զինվորական պարետատունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։