Արշավիր Ջիդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշավիր Ջիդարյան
Ծնվել էապրիլի 5, 1906(1906-04-05)
Վախճանվել էօգոստոսի 11, 1989(1989-08-11) (83 տարեկան)
Վախճանի վայրՍուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ
ԿրթությունԳերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան (1930)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Արշավիր Ջիդարյան Վիքիդարանում

Արշավիր Սարգսի Ջիդարյան (ապրիլի 5, 1906(1906-04-05) - օգոստոսի 11, 1989(1989-08-11), Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։ Վրացական ԽՍՀ և Աբխազիայի ԻՍՍՀ վաստակավոր ուսուցիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշավիր Սարգսի Ջիդարյանը ծնվել է 1906 թվականի ապրիլի 5-ին, Զախարովկա գյուղում։ Նրա ծխախոտագործ ծնողներն Արևմտյան Հայաստանից եկել և Աբխազիայում հաստատվել էին 19-րդ դարի վերջում։ 1908 թվականին ընտանիքով փոխադրվել են Սուխումից 5 կիլոմետր հեռու գտնվող Կելասուրի գյուղը (հնում այդ վայրը կոչվել է Հայկական կիրճ, այժմ մտնում է Սուխում քաղաքի շրջագծի մեջ և կոչվում է Կանաչ փողոց)։ 1925 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան 2-րդ աստիճանի դպրոցը։ 1925-1926 թվականներին որպես վարիչ աշխատել է Սուխումի Լեչկոպի հայկական դպրոցում։ 1926 թվականին սովորել է Երևանի պետական համալսարանում։ 1928 թվականին ընդունվել և 1930 թվականին ավարտել է Լենինգրադի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտը։ 1930-1931 թվականներին Սուխումի քաղսովետի գործկոմի ժողկրթության բաժնի վարիչն էր։ 1932-1939 թվականներին աշխատել է որպես Սուխումի հայկական մանկավարժական ուսումնարանի և համար 4 միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945-1954 թվականներին ապրել է Երևանում, աշխատել որպես լուսավորության նախարարության ավագ տեսուչ, դասախոս՝ տարբեր բուհերում։ 1954-1967 թվականներին եղել է Սուխումի համար 9 հայկական միջնակարգ դպրոցի տնօրենը։ Արշավիր Ջիդարյանը Աբխազիայում կազմակերպել է հայկական թատերական խմբեր։ 1954 թվականին կազմակերպել և ղեկավարել է «Համշեն» հայկական գրական միավորումը։ 1956-1960 թվականներին եղել է Աբխազիայի գերագույն խորհրդի պատգմավոր[1]։ 1959 թվականին Աբխազիայի հայկական ժողովրդական թատրոնը բեմադրել է Ա. Ջիդարյանի «Կյանքի գնով» դրաման, իսկ տեղի հայկական դպրոցի դրամատիկական խումբը՝ «Վերջին իղձը» (1962)[2]: Հեղինակ է «Արևածագ» (1934), «Ծովի շունչը» (1959) բանաստեղծությունների և պիեսների ժողովածուների, «Ինչպես տեսել եմ» (1968), «Սրտի ջերմությունը» (աբխազերեն, 1977), «Ինչ պատահեց» (ռուսերեն, 1992) պատմվածքների, «Ինչ եմ ես փնտրում» (1996, ռուսերեն), «Հիացմունք ու թախիծ» (1999) բանաստեղծությունների ժողովածուների։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևածագ (բանաստեղծություններ), Սուխում, 1934, 26 էջ։
  • Պապը (պոեմ), Սուխում, 1936, 26 էջ։
  • Արևի հովանու տակ, Սուխում, 1941, 136 էջ։
  • Ծովի շունչը, Սուխում, 1959, 142 էջ։
  • Ինչպես տեսել եմ, Երևան, «Հայաստան», 1968, 255 էջ։
  • «Սրտի ջերմությունը», 1977։
  • Что случилось?, 1986.
  • «Ինչ պատահեց», 1992։
  • Первый поцелуй, 1992.
  • «Ինչ եմ ես փնտրում», 1996
  • «Հիացմունք ու թախիծ», 1999։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարաչկություն, Երևան, 2007։
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 381-382։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշավիր Ջիդարյան» հոդվածին։