Ավստրիական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավստրիական գրականություն (գերմ.՝ Österreichische Literatur), Ավստրիայի ազգային գրականությունը: Գրականությունն Ավստրիայում ձևավորվել է 11-12-րդ դարերում:

Այն զարգացել է տարբեր գրական փուլերով՝ վաղ շրջանից մինչև մեր օրեր: Ավստրիան աշխարհին տվել է մի շարք հանրաճանաչ գրողներ և բանաստեղծներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանի և վերածննդի գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Վերֆել` ավստրիացի գրող և հումանիստ, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը։

Վաղ շրջանում Ավստրիայում զարգացել է հոգևոր գրականությունը: Դրանցից նշանավոր էին միանձնուհի Ավայի պոեմները։ 1160 թվականին ավստրիացի միջնադարյան ասպետ Հայնրիխ ֆոն Մելքը գրել է «Հիշեցում մահվան մասին» երգիծական պոեմը, որտեղ մերկացրել է ֆեոդալական ժամանակաշրջանի տարբեր խավերի մեղսալի կյանքը։ 12-13-րդ դարերի պոեզիան ծաղկել է մեծամասամբ պալատական միջավայրում: Այս շրջանի ականավոր գործիչներից էին Գիտմար ֆոն Այստն ու Ռայնմար ֆոն Հագենաուն։ 12-13-րդ դարերի գրականությունն ավելի է մոտեցել ժողովրդական ստեղծագործությանը: Աչքի էին ընկնում Վալտեր ֆոն դեր Ֆոգնլվույդենն ու ֆոն Ռյոյենթալը։

13-րդ դարում սկզբնավորվել է բյուրգերական գրականությունը: Այս շրջանում է գրվել Շտրիկերի «Քահանա Ամիսը» ստեղծագործությունը, որը կարելի է համարել բյուրգերական գրականության մարգարիտներից մեկը։ Դրան հաջորդած ժամանակահատվածում՝ մինչև 14-րդ դար, բյուրգերական գրականությունը հարստացել է երգիծական ստեղծագործություններով: 13-րդ դարում է իր գործունեությունը ծավալել Հայնրիխ Տայխները՝ միջնադարյան ավստրիական նշանավոր գրողներից մեկը։

Ավստրիայի գրականությունը զգալի առաջընթաց է ապրել Վերածննդի դարաշրջանում։ Վերածնունդը կամ Ռենեսանսը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման մի դարաշրջան է, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին: Ավստրիական վերածննդի մշակույթի հիմնական գծերն են աշխարհիկ բնույթը, հումանիստական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությանը դիմելը: Առանձնապես զարգացել է ավստրիական դրամատուրգիան։ Այդ շրջանի ռեալիստական արձակի ներկայացուցիչ Աբրահամ Սանտա Կլարան իր «Սրիկայապետ Հուդա» երգիծական ստեղծագործությունում (1686-1695) դեմոկրատական դիրքերից մերկացրել է ավատական հասարակության վերնախավի արատները։

Լուսավորչական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարում զարգացել է լուսավորչական գրականությունը։ Սենտիմենտալիզմի շունչ ունի Մ. Գենիսի պոեզիան։ Նույն դարի վերջին և 19-րդ դարի սկզբին ձևավորված ռոմանտիզմի զարգացմանը նպաստել են Ֆրանց Գրիլպարցերը, որոնք իրենց ստեղծագործություններում բողոքել են անհատի ներքին և արտաքին կաշկանդումների դեմ։ 19-րդ դարի կեսերից գրականության մեջ աստիճանաբար տիրապետող է դարձել քննադատական ռեալիզմը: Այս ժամանակահատվածում են գրվել Շտիֆտերի «Գունավոր քարեր»-ը և Անցենգրուբերի «Կիրխֆելդցի քահանան»։ Գյուղական կենցաղն է նկարագրել արձակագիր Ռոզեգերը։ 19-րդ դարի 70-ական թվականների գրականության մեջ նկատելի են անկումային, հետադիմական գաղափարների արտահայտություններ։ Բերտա ֆոն Զուտներն իր «Ցած դրեք զենքերդ» պացիֆիստական ստեղծագործության համար արժանացավ նոբելյան խաղաղության մրցանակի (առաջին կին մրցանակակիրը)։ Դրամատուրգ և քննադատ Հ. Բուհրը «Նատուրալիզմի հաղթահարումը» աշխատությամբ սկզբնավորել է նոր գրական ուղղությունները՝ իմպրեսիոնիզմ և նեոռոմանտիզմ։ Նրան հետևել են Հելբերտ ֆոն Հոֆմանսթսւլը, Ալբերտ Շնիցլերը և ուրիշներ։ 1910-1911 թվականներին զարգացել է էքսպրեսիոնիստական ուղղությունը։ Այս ուղղության վարպետներից էր Ֆրանց Վերֆելը: Նրա «Մուսա լեռան 40 օրը» վեպն առանձնակի տեղ է գրավում Ավստրիական գրականության, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում։ Իրական փաստերի վրա հիմնված այս ստեղծագործությունը ներկայացնում է հայերի հերոսական գոյամարտերը 1915 թվականի ցեղասպանության ընթացքում:

Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում ավստրիական գրականության մեջ մեծ հաջողության է հասնում գեղարվեստական արձակը: Ֆաշիզմի կողմից Ավստրիայի օկուպացումը ծանր է անդրադարձել գրականության և նրա ներկայացուցիչների վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png