Ավստրալական կռունկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավստրալական կռունկ
Ավստրալական կռունկ
Ավստրալական կռունկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Կռունկանմաններ (Gruiformes)
Ընտանիք Կռունկներ (Gruidae)
Ցեղ Կռունկներ (Grus)
Տեսակ Ավստրալական կռունկ (G. rubicunda)
Միջազգային անվանում
Grus rubicunda

Ավստրալական կռունկ (լատ.՝ Grus rubicunda), կռունկների ընտանիքին պատկանող խոշոր թռչուն, որը վարում է նստակյաց կենսակերպ։ Հանդիպում է Ավստրալիայում և Նոր Գվինեայում։ Հնդկական կռունկի հետ արտաքին նմանության պատճառով թռչնաբանները երկար ժամանակ նրան առանձին տեսակ չեն համարել։ Այս կռունկի տարածվածությունը բավարար չափով ուսումնասիրված չէ, այդ պատճառով նրա թվաքանակը մնում է թռչնաբանների ուսումնասիրության առարկա և կարող է կազմել 20-ից մինչև 100 հազար առանձնյակ:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Brolga head.jpg

Խոշոր թռչուններ են՝ մոտ 161 սմ հասակով, 180 սմ թևերի բացվածքով և 6 կգ քաշով: Արտաքնապես հիշեցնում են հնդկական կռունկներին, սակայն, ի տարբերություն նրանց, մի փոքր մուգ են և փոքր: Դեմքը, այտերը և կոկորդային հատվածը ունեն մարջանագույն և կարմիր երանգներ։ Գագաթի փետուրները բացակայում են, իսկ մաշկը գունավորված է կանաչ և մոխրագույն երանգներով։ Աչքերը կամ նարնջագույն են կամ դեղնանարնջագույն։ Կտուցը բավականին երկար է և մոխրագույն։ Մարմնի փետուրները կապտամոխրագույն են, բացառությամբ թևերի թափափետուրների, որոնց առաջին շերտը սև է, իսկ երկրորդը՝ մոխրագույն։ Երկրորդ շարքի թափափետուրները խիստ երկարացված են և ծածկում են պոչը՝ առաջացնելով երկայնափեշի նման մի բան։ Ոտքերը երկար են և սև։

Սեռական դիմորֆիզմը (արուների և էգերի տարբերությունը) արտահայտված չէ, թեպետ արուները փոքր-ինչ ավելի խոշոր են, քան էգերը։ Երիտասարդ թռչունների գլուխը ամբողջովին ծածկված է կարմիր կամ գորշ փետուրներով: Նրանց աչքերը շագանակագույն են, և միայն 2-3 տարի անց նարնջագույն գույն են ստանում:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կռունկների զույգը ջրային այլ թռչունների հետ Հյուսիսային տարածքում

Ներկայումս բնակվում է Ավստրալիայի հյուսիսում և արևելքում, ինչպես նաև Նոր Գվինեայի փոքր տարածքում[1]: Նախկինում կռունկի արեալը շատ ավելի մեծ տարածք է ընդգրկել՝ տարածվելով գրեթե ողջ մայրցամաքում, բացառությամբ մայրցամաքի հարավային և կենտրոնական անապատային և լեռնային շրջանների: Սակայն նրանց տարածումը հյուսիսում և արևմուտքում վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է, ինչը կապում են ցորենի՝ որպես սննդի հանդեպ նրա վերակողմնորոշման հետ[2]։ Վարում են նստակյաց ապրելակերպ, չնայած կարող են քոչել արեալի սահմաններում՝ կախված սեզոնից և եղանակային պայմաններից։ Չորային սեզոնում թռչունները կենտրոնացած են քաղցրահամ ճահիճների ափերի երկայնքով, որտեղ նրանք սնվում են չինական ջրային ընկույզով ("Eleocharis dulcis"): Խոնավ սեզոնի ընթացքում ցրվում են բնավորման հարմար վայրեր, որոնք գտնվում են քաղցրահամ կամ աղի ճահիճներում, խոնավ մարգագետիններում կամ այլ ճահճացած տարածքներում:

XIX դարի վերջում ավստրալական կռունկի մեկ առանձնյակ պատահաբար հայտնաբերվել է Յակուտսկի տարածքում, սակայն թե ինչպես է նա այնտեղ հայտնվել, թռչնաբանների համար մինչև այսօր գաղտնիք է։ Ներկայումս այդ նմուշը պահվում է Մոսկվայի պետական համալսարանի կենդանաբանական թանգարանում[3]։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Grus rubicunda

Ավստրալիայի հյուսիսում բազմացման շրջանը հիմնականում կապված է անձրևային սեզոնի հետ և սկսվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ լճերում և ճահճացած տարածքներում ջրի մակարդակը բարձրանում է։ Մայրցամաքի հարավային շրջաններում բազմացումը կապված չէ որոշակի կլիմայական պայմանների հետ։ Նախքան բազմացման շրջանը կռունկները ցրվում են՝ ընտրելով համապատասխան տեղ ապագա բնավորման համար։ Ինչպես և կռունկների մյուս տեսակները, ավստրալական կռունկի էգերը և արուները նշում են իրենց տարածքը առանձնահատուկ երգեցողությամբ, որը սովորաբար արձակվում է ետ գցած գլխով և բարդ ու երկարատև մեղեդային հնչյունների շարք է։ Ընդ որում, արուն միշտ տարածում է թևերը, իսկ էգը դրանք պահում է ծալված։ Բացի այդ, գործընթացը ուղեկցվում է արուներին և էգերին բնորոշ պարերով, որոնք իրենց մեջ ներառում են ցատկեր, թևերի թրխկոցներ՝ ճյուղեր վեր նետելով և խոնարհումներով: Չնայած պարերը ամենից շատ կապված են սիրատածման հետ, համարվում է, որ դրանք կռունկների վարքագծի սովորական դրսևորում են և կարող են ագրեսիայի, լարվածության թուլացման կամ ամուսնական կապի ուժեղացման ժամանակ հանգստացնող գործոնի դեր խաղալ։

Բույնը մեծ է՝ մինչև 1,5 մետր տրամագծով, կառուցվում է կնյունի ցողուններից, եղեգներից և այլ բույսերից կազմված խիտ բուսականությամբ ճահճացած տեղանքներում: Բույնը վերևում փոքր խորությամբ մի կույտ է: Հյուսիսում ձվադրումը տևում է հունվարից մինչև մարտ ամիսները և հիմնականում թռչունը դնում է բաց շագանակագույն բծերով նուրբ մաշկագույն 2 ձու, որոնք ունեն 9,1×6,3 սանտիմետր չափսեր և 198,6 գրամ քաշ[4]: Ինկուբացիոն շրջանը տևում է 28-31 օր: Երկու ծնողական առանձնյակներն էլ թուխս են նստում, թեպետ ժամանակի մեծ մասը բնում անցկացնում է էգը: Տարածքի պահպանման հիմնական գործառույթը կատարում է արուն: Ձվից դուրս եկած ճտերը սկսում են թռչել մոտ 100 օր անց:

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալացի կռունկներն ամենակեր են՝ սնվում են ինչպես բուսական, այնպես էլ կենդանական սննդով։ Չորային սեզոնի հիմնական սնունդը չինական ջրային ընկույզն է ("Eleocharis dulcis")։ Բացի այդ, նրանք սնվում են այլ ջրային բույսերի արմատներով, հացահատիկներով, միջատներով, կակղամորթերով, խեցգետիններով և գորտերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]